Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ «ԱՐԺԵՆ» ԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 11,2008 00:00

\"\"Ուսանողները խոսում են քննական «գնացուցակից», բուհերի ղեկավարությունը՝ քննությունների վերահսկողությունից

ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերում վերջերս ավարտվեցին տարեվերջյան ավարտական քննությունների հիմնական գործընթացները: Այժմ ընթացքի մեջ է լուծարքային շրջանը: «Առավոտը» փոքրիկ շրջայց կատարեց մի քանի բուհերի ուսանողների շրջանում եւ հայտնաբերեց, որ ուսանողներից շատերը քննաշրջանի ժամանակ դռնեդուռ ընկած փորձել են ճշտել, թե որ դասախոսն «ինչքանով» կնշանակի իր քննությունը: Հենց այսպիսի մտածողության եւ որոշ դասախոսների «համապատասխան» կեցվածքի պատճառով այսօր ՀՀ բուհերի ուսանողների շրջանում ամրագրվել են քննական «գնացուցակներ»: Քանի որ շատ ուսանողներ իրենք էլ օգտվում են այս գնացուցակից, չցանկացան նշել իրենց անունները, միայն փոխանցեցին «գները»: Ըստ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների, այստեղ կարելի է որոշ քննություններ կամ ստուգարքներ ստանալ անգամ 5-15 հազար դրամով, բջջայինի 5000 դրամանոց լիցքավորման քարտով: ԵՊՀ-ում, ըստ ուսանողների, հիմնականում այսպիսի հարաբերություններ առաջանում են ռոմանագերմանական, իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Քննական-շուկայական հարաբերությունների բովում փորձված ուսանողների տվյալներով՝ մեկ քննության համար, կախված գնահատականից, ռոմանագերմանական ֆակուլտետում վճարվում է $100-300, միջազգային հարաբերություններում՝ $200-300, իրավաբանականում՝ $300-400: Իսկ ըստ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) ուսանողների՝ այստեղ ընդունվում են «կոլեկտիվ» հայտեր: Օրինակ, այս կամ այն ամբիոնում, որոշ տատանումներով՝ 3 քննությունից «բավարար» եւ ավելի բարձր գնահատական ստանալը կկազմի $600-700: «Առավոտը» ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանից հետաքրքրվեց, թե նախարարությունը ի՞նչ վերահսկողություն է իրականացնում բուհերում՝ նման երեւույթներից խուսափելու համար: «Նախարարությունը կենտրոնացված ձեւով վերահսկողություն չի իրականացնում, քանի որ բուհն է պատասխանատու իր ողջ ուսումնական պրոցեսի համար: Բուհն է տալիս դիպլոմ, եթե նրան այդ դիպլոմի որակը չի հետաքրքրում, ես ամենաշատը կարող եմ վարչական վերահսկողություն իրականացնել, բայց որ ընդունելության քննությունների պես մի շոու էլ բուհերում սարքենք՝ իմաստը ո՞րն է»,- պատասխանեց նախարարը: Հետո հավելեց. «Մեր երկրում ձեւավորվել է մի վատ ավանդույթ. մեծ դժվարությամբ երեխային ընդունում ենք բուհ, բայց հեշտությամբ նա կուրսից կուրս է անցնում ու ավարտում: Ու եթե նախարարն ընկնի ու սկսի բոլոր բուհերի քննությունները վերահսկել՝ նախարարությունը կդադարի նախարարություն լինել, այն կդառնա քննություններ անցկացնող մի մարմին: Տեղում պիտի դա իրականացվի, դրա համար էլ կան բուհական ինքնավարության խնդիրներ, ուսանողական խորհուրդներ»: Բուհերում եկել են մի եզրահանգման, որ խնդիրը պիտի լուծվի ոչ թե վարչահրամայական, այլ բարոյական հարթության վրա:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մեզ փոխանցեց ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի պատասխանը. «Քննությունների անցկացման պարտականությունը դրված է դեկանների, ամբիոնների վարիչների վրա, որոնք կարող են սկզբից մինչեւ վերջ նստել եւ հետեւել քննությանը: Իսկ կազմակերպչական գործառույթը՝ ուսումնական վարչությանն է: Վարչության տեսուչները հետեւում են, որ քննությունները ժամանակին սկսվեն եւ ընթանան կարգի համաձայն: Ավելի խիստ վերահսկողությունը այլ խոսակցությունների տեղիք կտա, կառաջանա դասախոսին չվստահելու հարց: Բացի այդ, այդքան մարդկային ռեսուրս չունենք, որ ռեկտորատի կողմից դիտորդներ ներկա լինեն բոլոր քննություններին: Իսկ ուսանողների շրջանում եղած ինչ-ինչ խոսակցությունները պայմանավորված են ուսանող-դասախոս հարաբերություններով»:

ԵՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ հունիսի 24-ից իրենք անցել են թեստային նոր համակարգի, որը նման է միասնական քննությունների անցկացմանը: Քննական թեստը ձեւավորվել է տեղում՝ բուհի համակարգչային կենտրոնում մշակված ծրագրով: Դա ենթադրում է, որ համակարգիչը պատահականության սկզբունքով է ձեւավորելու հարցաթերթիկները, որոնք ուսանողը կլրացնի առանց իր դասախոսի ներկայության: Մյուս համակարգը, որը, ըստ Վ. Սարգսյանի, թույլ է տալիս խուսափել կոռուպցիոն դրսեւորումներից՝ բողոքարկման համակարգն է: Ուսանողը դասախոսի հետ իր գնահատականը քննարկելուց եւ գոհ չմնալուց հետո՝ կարող է այն բողոքարկել մինչեւ ռեկտորատ. «Պետական քննությունների ժամանակ իրականացնում ենք տոտալ վերահսկողություն: Վարչության պետերն անձամբ են մասնակցում քննություններին: Իսկ ընթացիկ քննություններին ուսանողները պատասխանում են ամբիոնից՝ ողջ կուրսի ներկայությամբ: Պարզապես, պիտի ուսանողը հասնի այն գիտակցության, որ եթե ուսման վարձը վճարի եւ չսովորի, կնմանվի մի մարդու, ով խանութում վճարում է ապրանքի համար եւ այն չի վերցնում»:

Իսկ Մանկավարժականի ուսումնական գծով պրոռեկտոր Մեժլում Երիցյանն ասաց. «Անգամ 30-ականներին, երբ դիկտատուրա էր, կային նման արատավոր դեպքեր: Այժմ բուհում ինչ արատավոր բաներ կատարվում են, ղեկավարությունը տեղյակ չէ: Եվ եթե իմանանք եւ հարցը չլուծենք, մենք էլ հանցագործ կդառնանք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել