Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հուլիս 11,2008 00:00

Հաշվառվել են

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղարությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության վերահսկողության բաժնի ներկայացրած ակտերի կապակցությամբ հարուցել է քրեական գործեր՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, փաստական հանգամանքների քողարկմամբ որպես նպաստառու հաշվառվելու եւ խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դեպքերի առթիվ: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Աշոտ Հովսեփյանը, 2005թ. փետրվարից աշխատելով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի փոստային մասնաճյուղում որպես ուղեկցող, թաքցնելով իր զբաղվածության փաստը, ակնհայտ կեղծ տեղեկանքներ ներկայացնելով Եղեգնաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն, հաշվառվել է որպես նպաստառու եւ 2005-2007թթ. ընթացքում գործակալությունից ստացել է 380.000 դրամ գումար, այսինքն՝ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու միջոցով խաբեությամբ պետությունից հափշտակել է զգալի չափի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության եւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:

Մեկ այլ դեպքով հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ժան Մովսիսյանը եւ նրա ծանոթ, «Գյումրի 1» սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի տեղակալ Ռաֆիկ Քոթանջյանը նախնական համաձայնությամբ թաքցրել եւ 2007-2008թթ. ընտանիքի անապահովության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկում չեն ներառել Ժան Մովսիսյանի կողմից 2006թ. ապրիլի 14-ին ձեռք բերված ԿԱՎԶ-685 մակնիշի ավտոբուսը, ինչի հետեւանքով Ժան Մովսիսյանն ընդգրկվել է նպաստառուների ցուցակում եւ ապօրինի ստացել պետական նպաստների զգալի չափի՝ ընդհանուր առմամբ 286.000 դրամ գումարը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Վճռաբեկի դատարանի 10-ամյակը

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 10-ամյակի առթիվ «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հրավիրվել էր սեմինար՝ «Բարձրագույն դատական ատյանների դերը արդարադատության կայացման ճանապարհին» խորագրով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանը, ինչպես նաեւ ՌԴ գերագույն արբիտրաժային դատարանի, Բելառուսի Վիտեբսկի շրջանի տնտեսական դատարանի, Գերմանիայի Հեսսենի գերագույն վարչական դատարանի նախագահները եւ Դատավորների միջազգային միության նախագահ Մայա Տրատնիկը: Պալատի նախագահները հանդես եկան զեկույցներով՝ նվիրված ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթներին, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններին եւ այլն: Նշվեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունն ունի պաշտոնական կայք-էջ, որտեղ անդրադառնում են նաեւ հասարակական հնչեղություն ունեցող գործերին: ՀՀ վճռաբեկ դատարանի 10-ամյակի միջոցառումները շարունակվեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Դատախազներին եւ դատավորին կաշառք տալու պատրվակով

Արմավիրի մարզի դատախազությունում հուլիսի 9-ին հարուցվել է քրգործ՝ պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու եւ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ: Էջմիածին քաղաքի բնակիչ Չարքյազ Ավդոյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռոբերտ Մարտիրոսյանը հուլիսի 9-ին հաղորդում են ներկայացրել Արմավիրի մարզի դատախազություն, որ քաղաքացի Հովակիմ Բաբայանը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով իրենցից վերցրել է 11 հազար ԱՄՆ դոլար՝ Չ. Ավդոյանի անչափահաս որդուն՝ ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող Բ. Ավդոյանին դատարանի դահլիճից ազատելու նպատակով Արմավիրի մարզի դատախազության աշխատակիցներին եւ դատավորին կաշառք տալու համար, եւ հափշտակել այն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հովակիմ Բաբայանը հայտնաբերվել է եւ ձերբակալվել: Պարզվել է նաեւ, որ նա նախկինում դատվել է զենքի հափշտակության համար, իսկ ներկայումս հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության կողմից՝ խարդախություն կատարելու մեղադրանքով:

Դիակ՝ դեպոյի մոտ

Երեկ ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ «Երեւան» կայարանի գծային բաժնում լսվել է պայթյունի ձայն: Դեպոյի դիսպետչերականի մոտ հայտնաբերվել է 47-ամյա Ռուբիկ Գասպարյանի դիակը՝ անհայտ առարկայի պայթյունի հետեւանքով մարմնի վրա ստացած վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել