Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոններ՝ Գյումրիում եւ Ստեփանակերտում

Հուլիս 11,2008 00:00

\"\"Սա օպերային երգիչ Ռուբեն Նուրիջանյ անի երազանքն է

Օպերային երգիչ Ռուբեն Նուրիջանյանին արվեստասեր հասարակությանն առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Օժտված լինելով Հայաստանում դեֆիցիտ համարվող տենոր երգչական ձայնով, Ազգային օպերային թատրոնում նա 1999 թվականից հանդես է եկել խաղացանկային բոլոր ներկայացումներում: Մինչ օպերային մեծ բեմ դուրս գալը, կարճ ժամանակահատված աշխատել է մեծանուն բեմադրիչ Վահագն Բագրատունու ղեկավարությամբ՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում հանդես գալով Չայկովսկու «Իոլանտայում»: Ավելորդ չէ նշել նաեւ, որ Ռ. Նուրիջանյանը հանդես է եկել երաժշտական կամերային եւ կոմեդիայի թատրոններում: Այսուհանդերձ, TV-ներով եւ այլ լրատվամիջոցներով կարծես թե ստվերում է մնում նրա անունը: Այս առիթով Ռ. Նուրիջանյանն ասաց. «Այսօր TV-ներում հաճախ հանդիպում ենք հայրենիք հյուրախաղերի եկած եվրոպաբնակ նախկին հայաստանցիների, որոնք միայն խոսքով են ներկայացնում իրենց հարուստ ստեղծագործական կյանքը եվրոպական օպերային թատրոններում, չներկայացնելով եւ ոչ մի տեսագրություն: Մինչդեռ հարցազրույցների, ինչպես նաեւ հոդվածների արդյունքը պետք է լինի ոչ թե այս կամ այն երգչի գովքն անելը, այլ հանդիսատեսին, մանավանդ՝ երիտասարդությանը օպերային թատրոն բերելը: Թեեւ այսօր պետության կողմից աջակցության շարժ է նկատվում դեպի թատրոններ, բայց, կարծում եմ, որ նման ուշադրության առաջին հորիզոնականում պետք է լինի հենց Ազգային օպերային թատրոնը»:

Հարցին՝ իսկ օպերային թատրոնի խաղացանկի բոլո՞ր ներկայացումներն է համարում բարձրակարգ, Ռ. Նուրիջանյանն ասաց. «Հավանաբար՝ նկատի ունեք Գեղամ Գրիգորյանի բեմադրած Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերան, որի պրեմիերայից հետո լրատվամիջոցները, այդ թվում՝ առաջիններից «Առավոտը» պարզապես տապալեց այն, որտեղ ես հանդես եմ գալիս Շահումյանի դերերգով: Նախ պետք է ասել, որ «Դավիթ- Բեկի» կլավիրը մասնագետների կողմից վերանայելու անհրաժեշտություն ունի ոչ միայն սյուժեի, այլեւ երաժշտական առումով: Սյուժեում սկիզբ ու զարգացում չկա, իսկ օպերան հասկանալու համար նախ պետք է կարդալ նույնանուն պատմավեպը, հետո նոր դիտել ներկայացումը: Ասեմ նաեւ, որ գրիգորյանական մոտեցումը նպատակային էր. ներկայացման ողջ ընթացքում զորքը կրում էր «կամուֆլյաժ» եւ, ըստ իս, դրանով ազգային արժանապատվությունդ էր բարձրանում: Պատկերացնո՞ւմ եք, եթե այս ներկայացումը դիտեն զինված ուժերը… Լավ, ասենք չընդունվեց «Դավիթ-Բեկը», բայց չէ՞ որ Գրիգորյանը մինչ այդ բեմադրել էր «Անուշն» ու «Արշակ Երկրորդը», իսկ ինչո՞ւ էին նրան վստահում նաեւ երրորդ օպերան… Այն, որ նա գրանդ տենոր է՝ աշխարհին է հայտնի…: Նրա օրոք եմ ընդունվել օպերային թատրոն եւ մեծանուն տենորից վերցրել շատ բաներ՝ կապված ոչ միայն վոկալի, այլեւ դերասանական վարպետության հետ»: Ծնունդով լինելով Շիրակի մարզի Թավշուտ գյուղից, երգիչն առաջարկեց՝ ինչո՞ւ օպերային թատրոններ չլինեն Գյումրիում եւ Ստեփանակերտում. «Չէ՞ որ այնտեղ կան սիմֆոնիկ նվագախմբեր ու կոնսերվատորիա ավարտած տեղաբնակ օպերային երգիչներ: Պարզապես, պետք է համագործակցության եզրեր գտնել Երեւանի օպերային թատրոնի հետ եւ աշխատանքի անցնել, խորհրդատուի կարգավիճակով էլ հրավիրել հայ անվանի երգիչների՝ Հասմիկ Պապյանին, Բարսեղ Թումանյանին եւ այլոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել