Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրամադրություն, ժամանակ, առողջություն չունեմ»

Հուլիս 12,2008 00:00

ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հրաժարվեց հրապարակել այն դիմորդ-շրջանավարտների ցանկը, որոնք առավելագույն միավորներ են հավաքել:

«Այս տարի քննական գործընթացի շուրջ ստեղծված մթնոլորտն ավելի հանգիստ էր, քան նախորդ տարիներին: Չնայած ականատես եղանք որոշ էմոցիոնալ երեւույթների, բայց ծնողներն ու աշակերտներն ավելի հավասարակշռված էին»,- երեկվա ասուլիսում հայտնեց ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, որը ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ ներկայացրեց միասնական քննությունների ընդհանուր պատկերը: «Հայոց լեզու եւ գրականություն առարկայից քննություն է հանձնել՝ 13815 դիմորդ-շրջանավարտ, ռուսաց լեզվից՝ 1529, մաթեմատիկայից՝ 10112 եւ օտար լեզուներից՝ 8937 հոգի: Թեստային առաջադրանքները բավականին հաջող էին կազմված, ու առնչվեցինք ընդամենը երկու տեխնիկական վրիպակի հետ՝ ռուսաց լեզվից ու հայոց լեզու եւ գրականություն առարկաներից, որոնց արդյունքում՝ 0,25-ով բարձրացվեցին գնահատականները»,- նշեց փոխնախարարը: Նա ներկայացրեց նաեւ առավելագույն գնահատական ստացածների թիվը: 20 միավոր ստացողները հայոց լեզու եւ գրականություն առարկայից 32 հոգի են, ռուսաց լեզվից՝ 12, մաթեմատիկայից՝ 58 եւ օտար լեզվից՝ 99: Բ. Եսայանը նաեւ հայտնեց, որ 19-20 միավոր հայոց լեզու եւ գրականություն առարկայից ստացել է 476, ռուսաց լեզվից՝ 235, մաթեմատիկայից՝ 622 եւ օտար լեզվից՝ 816 հոգի: Ինչ վերաբերում է դրական միավոր չստացածներին, ապա «ծույլիկները» հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 807-ն են, ռուսաց լեզվից՝ 29-ը, մաթեմատիկայից՝ 333-ը եւ օտար լեզվից՝ 269: «Առավոտի» հարցին՝ քանի՞ հոգի է երեք հատ 20 կամ երկու 20, մեկ 19 միավոր ստացել, եւ պաշտոնյաներից ո՞ւմ երեխաներն են այդ ցանկում, պրն Եսայանը պատասխանեց. «Այսօր այդ տվյալին որեւէ մեկը չի տիրապետում, որովհետեւ երեխաներն իրենց վկայագրերը ստանալուց հետո դեռ չեն ներկայացրել հաշվիչ կենտրոն… Որեւէ մեկը, այդ թվում ես, տրամադրություն, ժամանակ ու առողջություն չունի, որ 500 էջանոց ցուցակները աչքի անցկացնի, տեսնի, թե ով ինչ է ստացել ու այդ ամենը համադրի… Իսկ եթե դուք պաշտոնյաների երեխաների անուններ գիտեք, խնդրում եմ գնալ, իմանալ՝ որտե՞ղ են այդ գնահատականները ստացել ու քննական կենտրոնների ցուցակներում պարզել: Կոնկրետ ես այդ խնդիրն իմ առաջ չեմ դրել, ԳԹԿ-ի առաջ եւս չի դրվել, այդ պատճառով հարցին պատասխանելու հնարավորություն չունեմ, չնայած հետաքրքիր հարց էր»:

Փոխնախարարի խոսքերով, քննական թեստերն այնքան հեշտ չէին, որ արձանագրվեին հազարավոր 19-20 միավորներ: Ըստ նրա, թեստը հիմնված է միջին մակարդակ ունեցող աշակերտի գիտելիքի վրա:

Փոխնախարարը, դառնալով քննություններից բացակայողներին, նշեց, որ վերջիններիս թիվն այս տարի տրամաբանության սահմաններում է:

Նա նաեւ ասաց, որ հաճախ հարց է հնչում, թե ինչպիսի՞ն կլինի մրցութային միավորը. «Ես կոչ եմ անում բոլոր դիմորդներին ու նրանց ծնողներին՝ որեւէ մեկին այս հարցով չդիմել, որովհետեւ ոչ մեկն էլ չի կարող հստակ պատասխանել: Ունենք մեծ թվով աշակերտներ, որոնք ստացել են միջին գնահատական, ունենք նաեւ մեծ թվով բարձր գնահատական ստացածներ եւ որեւէ մեկը դեռ չգիտի, թե այս աշակերտներն ուր են դիմելու: Կոչ եմ անում դիմումը լրացնելիս հույսը չդնել հավաքած բարձր միավորի վրա: Անհրաժեշտ է դիմումում հավասարաչափ բաշխել հայտերը, ու չմոռանալ, որ հաջորդ հայտերում կարելի է նշել նաեւ այլ մասնագիտություններ, որտեղ տարեցտարի մրցութային միավորն ավելի ցածր է եղել»:

«Առավոտի» մյուս հարցին, թե՝ լինելով բողոքարկման հանձնաժողովի նախագահ, ինքն իրավունք ունե՞ր այս օրերին բացակայել հանրապետությունից, ինչի պատճառով բողոքարկման արդյունքներն ուշ տրվեցին լրագրողներին, Բ. Եսայանը պատասխանեց. «Ես գործուղման պատճառով եմ բացակայել, մի քանի օրով: Իսկ հանձնաժողովը կազմված է եղել ոչ միայն նախագահից, այլեւ տեղակալից եւ անդամներից… Եվ իմ՝ հանրապետությունից բացակայելը՝ աշխատանքային պարտականություններ կատարելու պատճառով, կարծում եմ, որեւէ ազդեցություն չի ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել