Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ն ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ՉՈՒՆԻ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ

Հուլիս 15,2008 00:00

\"\"Ըստ Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի, սա իրենց ասվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ԵԽԽՎ 1620 բանաձեւի 9.2 կետով ոչ միայն առաջարկվում է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը 2008-ի սեպտեմբերին Մոնիտորինգի հանձնաժողովին տեղեկացնի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից արձանագրված առաջընթացի ու նաեւ՝ կալանավորված անձանց ազատման գործընթացի վերաբերյալ, այլ նաեւ կոչ է արված «ներդրում ունենալ» այդ հանձնաժողովի աշխատանքին «միջազգային փորձագետների մասնակցությանը, եթե բավարարվեն անկախության, թափանցիկության եւ վստահելիության պայմանները»: Սա է պատճառը, որ հուլիսի 13-ին Հայաստան ժամանած Թոմաս Համմարբերգին ուղեկցում է հետաքննության ազգային հանձնաժողովների հարցերով մեծ փորձ ունեցող շվեդ իրավաբան Յոհան Հիրշֆելդտը: Նա նախագահել է Շվեդիայում մի քանի տարի առաջ ստեղծված հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում էր ազգային աղետը, երբ 500 շվեդներ զոհվեցին Հարավ-Արեւելյան Ասիայում տեղի ունեցած ցունամիի հետեւանքով: Արդյոք այս փորձագետը կներգրավվի՞ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում, որում արդեն իսկ ներկայացուցիչներ ունեն ԵԱՀԿ գրասենյակը եւ ԱՄՆ դեսպանությունը՝ պարզ կդառնա թերեւս այսօր: Իսկ առայժմ ներկայացնենք Թոմաս Համմարբերգի հուլիսի 13-14-ի հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ:

Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի առջեւ, որտեղ կիրակի հանդիպումներ էր անցկացնում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ հավաքվել էին մի քանի տասնյակ ցուցարարներ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այլ կարգախոսներով: Ցուցարարների 3 ներկայացուցիչներին, որոնցից մեկը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր՝ ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գեսսելը: Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ նրան են փոխանցել անգլերեն փաստաթղթեր. «Թե՛ բանաձեւի կատարման, թե՛ Արման Բաբաջանյանի վերաբերյալ»: Ցուցարարների մյուս ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանն էր, եւ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է, թե իրենք էլ են միջամտել, որ նրան չարտաքսեն երկրից:

Կարապետ Ռուբինյանը, որպես «Քաղբանտարկյալների կոմիտեի» անդամ, ներկա գտնվեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Թոմաս Համմարբերգի հանդիպմանը. «Ես նշեցի, որ ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանին տրված ժամկետի երկարաձգումը մեր հասարակության կողմից գնահատվեց որպես գործարք ՀՀ իշխանությունների եւ ԵԽԽՎ պաշտոնյաների միջեւ: Եվ խնդրեցի, որ հաշվի առնեն՝ այդ երկարաձգումը ծանրագույն վիճակի մեջ է դրել քաղբանտարկյալների ընտանիքներին»: Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը հանդիպումից հետո հայտնեց, թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը որոշ հարցերում համաձայն չէր 1620 բանաձեւի դրույթներին. «Ինձ թվում է՝ նա հասկանում էր, որ 6 ամսով հետաձգումը չի հանգեցնի դրական փոփոխությունների»:

Թոմաս Համմարբերգը հանդիպեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին, որն «Առավոտին» հայտնեց, թե ծանոթ լինելով Գագիկ Ջհանգիրյանին ու Գուրգեն Եղիազարյանին մեղադրանք առաջադրելու որոշումներին՝ անհամաձայնություն է հայտնել ՔՕ 300 հոդվածի՝ «Պետական իշխանությունը յուրացնելը», առաջադրման կապակցությամբ. «Այն ձեւակերպմամբ, որը կա նրանց որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ՝ համաձայն չեմ»: Իսկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հանդիպումից հետո հայտնեց, թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ղեկավարած պատվիրակության անդամները «հիմնականում չէին հետաքրքրվում առանձին գործերով: Նրանց ավելի գլոբալ էր հետաքրքրում խնդիրը՝ ՔՕ 300, 316 եւ 225 հոդվածները եւ դրանցում նախատեսվող փոփոխությունները, նաեւ՝ թե ինչպես է ընթանում բանաձեւի կատարումը»: Մեր ենթադրությանն ի պատասխան, թե վերջին հարցին գուցե պատասխանել են, որ լա՛վ է կատարվում բանաձեւը՝ Լուսինե Սահակյանը մի քանի քայլ հետ գնաց ու ծիծաղեց. «Խիստ զարմանալի կլիներ»:

ԵԽ գրասենյակում հուլիսի 13-ի վերջին հանդիպումը քաղբանտարկյալների կանանց հետ էր: Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը պատմեց, որ հանդիպման ժամանակ այն հարցի առնչությամբ, թե ինչ կարող է հաջորդել Մոնիտորինգի հանձնաժողովում Համմարբերգի՝ սեպտեմբերի 11-ին զեկույցին՝ «ասացին, թե ձայնից զրկելու խնդիրը, իհարկե, հետաձգվելու է մինչեւ հունվար, բայց դա չի նշանակում, որ նրանք քարտ-բլանշ ունեն ոչ մի գործ չանելու մինչեւ հունվար: Համմարբերգն ասաց, թե աշնանը ԵԽԽՎ-ն կարող է քննարկել քաղբանտարկյալների հարցը՝ սա պայմանավորված է իր զեկույցով: Հարցրեցինք, թե ԵԽԽՎ դժգոհություններն ինչպե՞ս կազդեն մեր իշխանության վրա, եթե իր զեկույցը, որը շատ ճիշտ էր՝ կարծես չէր ազդում: Համմարբերգը պատասխանեց, թե ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է, իսկ իր գրասենյակի ու նաեւ Վենետիկի հանձնաժողովի, որ անկախ կառույցներ են՝ ասածները մինչեւ այժմ ինչ-որ ազդեցություն ունեցել են մեր իշխանության վրա»:

Միքայել Հայրապետյանի կինը՝ Սյուզան Ալեքսանյանը, պատմեց. «Ես հարց տվեցի ընդհատակում գտնվողների մասին, ասացի՝ ի՞նչ պիտի անեք, սպասեք, որ նրանք է՞լ հայտնվեն կալանավորների վիճակում, նո՞ր զբաղվեք նրանցով, թե՞ ինչ-որ լծակ կա իշխանության վրա ներազդելու, որ հնարավորություն տան այդ մարդկանց լեգալ գործելու: Պատասխան չտվեց»:

Իսկ երեկ Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ-ում հանդիպել է «մարտի 1»-ի հանձնաժողովի անդամների հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ «Համմարբերգը նշեց, որ իր այցի նպատակներից է նաեւ քննարկել, թե ինչպես կարելի է ապահովել իրական անկողմնակալություն, ինչպես կարելի է փաստեր պարզելու եւ փաստեր հաստատելու գործում խուսափել քաղաքական բանավեճից, քաղաքական միավորներ հավաքելու փորձերից»:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը տեսակետ է հայտնել, որ մարտի 1-ին տեղի ունեցածի հետաքննությանն «առնչվող որոշակի քայլեր կատարվել են», իսկ ձերբակալությունների ու դատավարությունների առնչությամբ «մտահոգություն կա, որ մարդիկ կալանավորվել են ոչ թե բռնի հանցանք գործելու, այլ միտինգներին մասնակցելու համար: Մտահոգություն կա նաեւ, որ մի քանի ամիսների ընթացքում մեղադրանքը դեռ չի ուղարկվել դատարան եւ քայլեր չեն արվել բացահայտելու այն ոստիկաններին, որոնք կարող է գերազանցած լինեին իրենց լիազորությունները եւ բռնի ուժ կիրառած ցուցարարների նկատմամբ»:

Թոմաս Համմարբերգին երեկ հանդիպել է նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, որը հետո լրագրողներին պատմել է, թե խոսել են մասնավորապես ԵԽԽՎ 1620 բանաձեւի հետեւյալ դրույթի մասին, ըստ որի՝ անընդունելի են այն դատավճիռները, որոնք հիմնված են բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա: Նախարարը նշել է, թե այս դիրքորոշումը համահունչ չէ միջազգային չափանիշներին, Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերին. «Եթե մենք կասկած ունենք որեւէ ոստիկանի ցուցմունքի վրա՝ սա առանձին խնդիր է, պետք է քննարկման առարկա դառնա», իսկ եթե ոչ, ապա որեւէ մեկը իրավասու չէ ասելու, թե մեկ ապացույցը, եթե դա ոստիկանի ցուցմունք է, չի կարող հիմք համարվել:

Ըստ Գեւորգ Դանիելյանի՝ Համմարբերգը համաձայնել է, նշելով, թե բանաձեւում այլ գաղափար է եղել՝ ոչ թե ընդհանրապես չի կարող ընդունելի համարվել, այլ նախապատվություն չպետք է տրվեր այն ապացույցին, որը ինքնախոստովանական ցուցմունք է կամ մեկ ոստիկանի ցուցմունք:

Հ. Գ. Համմարբերգի պատվիրակությունը երեկ այցելել է Վարդաշեն ՔՀԿ-ում պահվող Գագիկ Ջհանգիրյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Սմբատ Այվազյանին, Շանթ Հարությունյանին, Սուրեն Սիրունյանին եւ այլոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031