Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի՞ մեծ բախում, թե՞ ոչ

Հուլիս 15,2008 00:00

«Վրաստանը շահագրգիռ չէ Ռուսաստանի հետ առճակատմամբ: Հակառակը՝ մենք շահագրգիռ ենք այդ երկրի հետ լավ, կառուցողական հարաբերությունների հաստատմամբ»: Այս մասին «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջազգային համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Վերջին օրերին դարձյալ լարվել են Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ պայմանավորված աբխազական եւ հարավօսական հակամարտ գոտիներում տեղի ունեցած սադրանքների մի ամբողջ շարքով, ինչն ուղեկցվել էր մարդկային զոհերով: Որոշ վերլուծաբաններ դեպքերի նման զարգացումը կապում են ՆԱՏՕ-ի անդամակցման գործողությունների ծրագիրը ստանալուն ուղղված՝ Թբիլիսիի հերթական ջանքերի հետ: Շատերը պատահական չէին համարում նաեւ այն հանգամանքը, որ «վրացիների տաք գլուխները սառեցնելու» (մեջբերում՝ ռուսական պաշտոնական լրահոսից, խմբ.) նպատակով Վրաստանի երկինք «գործուղված» ռուսական ռազմական ինքնաթիռների ներխուժման պահը ճշտորեն համընկել էր ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի՝ Թբիլիսի կատարած աշխատանքային այցի հետ: Այս համատեքստում արժե մեջբերել Թբիլիսիում Ռայսի կատարած առավել ուշագրավ հայտարարություններից մեկը: «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ վերջինս նշել էր. «Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է միայն դաշինքի անդամ երկրներից եւ հենց Վրաստանից: ԱՄՆ-ը կողմ է Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամության գործողությունների ծրագրի շուտափույթ տրամադրմանը, ինչը կօգնի այդ երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: ԱՄՆ-ը հաստատակամորեն պաշտպանում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացման ուղեգիծը»:

Որոշ վրաց քաղաքագետներ չեն բացառում, որ Մոսկվան այս պարագայում «պարզ սադրանքներով» չի բավարարվի ու թերեւս՝ ավելի հեռուն կգնա: Մասնավորապես, վրացական «Ախալի թաոբա» թերթին տված հարցազրույցում քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ պատերազմի, իսկ տվյալ առճակատումը «Մոսկվային առաջին հերթին պետք է նրա համար, որ Վրաստանի օրինակով ցույց տա իր ուժը»: Ըստ քաղաքագետի, Ռուսաստանն իր գործողություններով մտադիր է Արեւմուտքին հասկացնել, որ պատրաստ է առճակատման ցանկացած պետության հետ, որը չի ընդունում իր քաղաքականությունը: Միջազգային արձագանքը, քաղաքագետի համոզմամբ, Ռուսաստանի համար այնքան էլ կարեւոր չէ:

Միեւնույն ժամանակ, արեւմտյան եւ անգամ ռուսական դիտորդական շրջանակները քիչ հավանական են համարում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լայնածավալ ռազմական գործողությունների սկսման հնարավորությունը: Ռուսաստանի դեպքում դա հիմնավորվում է իր հարավային սահմանների մոտ նոր վտանգավոր օջախներ չառաջացնելու, ինչպես նաեւ առանց այդ էլ վնասված միջազգային իմիջը էլ ավելի չփչացնելու՝ Մոսկվայի մտահոգությամբ: ՌԴ-ի հետ զինված առճակատման մեջ Վրաստանի շահագրգռության թեման գործնականում չի էլ քննարկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել