Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոցից» անհիմն կրճատել են

Հուլիս 15,2008 00:00

Դավիթ Եղիազարյանը 6 տարի է, չի կարողանում պարզել աշխատանքից կրճատվելու պատճառը:

«Իմ ամբողջ կյանքն ու պրոֆեսիոնալիզմը ներդրել եմ «Զվարթնոց» օդանավակայանում: Բայց մի րոպեում, 2002 թվականին, առանց որեւէ պատճառաբանության, «Զվարթնոց» օդանավակայանի այն ժամանակվա շեֆերը՝ Վարդան Վարդանյանը, Ադամ Փափազյանը 2000-ից ավելի աշխատողների կրճատեցին: Ինչ է, իրենց այլեւս լավ, փորձառու մասնագետներ պետք չէի՞ն: Կրճատման դիմաց գոնե նորմալ փոխհատուցում տային, թե չէ գրոշներ շպրտեցին, կարծես մուրացկան լինեինք»,-«Առավոտին» դժգոհեց Դավիթ Եղիազարյանը, որը մոտ 25 տարի աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում, հատուկ տրանսպորտի ծառայության բաժնում՝ որպես ինժեներ: Դ. Եղիազարյանի պնդմամբ՝ «Զվարթնոցի» ղեկավարությունն իրեն աշխատանքից կրճատել է անհիմն, դա բավական չէ, զանգվածային կրճատումներից հետո հրամցրել է մի դիմում-համաձայնագիր, որը ստորագրելուց հետո՝ կրճատված աշխատակիցները պետք է ստանային ընդամենը 440 հազար դրամ, բայց ոչ թե միանվագ, այլ ամեն ամիս 20 հազար դրամ: 2000 կրճատված աշխատակցից համաձայնագիրը չեն ստորագրել 11-ը, այդ թվում եւ Դ. Եղիազարյանը: Նրանցից միայն 3-4 հոգի պետք է այդ գումարները ստանային, ըստ Դ. Եղիազարյանի, մնացածն արդեն կենսաթոշակի տարիքի էին եւ, այսպես թե այնպես, այդ գումարն իրենց չէր տրվելու:

«Ես ինչո՞ւ պետք է համաձայնվեի այդ գումարին, քանի որ աշխատավարձս 40 հազար էր, իսկ իրենք դրա ընդամենը կեսն էին տալիս: Բացի այդ, 1-2 տարվա աշխատողներին էլ էին 20 հազար տալիս, 25 տարվա աշխատողներին էլ: Ախր թոշակի տարիքի էլ չեմ, որ թոշակ ստանամ, յոլա գնամ: Ես ընդամենը 56 տարեկան էի, որ կրճատվեցի»,- վրդովված ասաց Դ. Եղիազարյանը: Ըստ նրա՝ վերջին ամսվա աշխատավարձն էլ, չգիտես ինչու, «Զվարթնոցից» ուղարկել են Զբաղվածության տարածքային կենտրոն, սակայն Դ. Եղիազարյանին այդպես էլ չի հաջողվել այդ գումարը ստանալ. «Այնքան տարբեր պատճառաբանություններ էին բերում Զբաղվածության կենտրոնի աշխատակիցները, որ, ի վերջո, այդ 40 հազար դրամ աշխատավարձն էլ հօդս ցնդեց»: Կրճատվելուց հետո պարոն Եղիազարյանը մեծ դժվարությամբ շինարարությունում աշխատանք է գտել, այն էլ՝ ժամանակավոր, բայց այդտեղ էլ բախտը չի բերել. «Աշխատացրին՝ աշխատավարձս չվճարեցին: Այս երկրում ամեն ինչ արվում է, որ թողնենք-հեռանանք, բայց սա իմ հայրենիքն է, իմ սեփական երկրու՞մ էլ 2-րդ սորտ լինենք»:

Մեզ հետ զրույցում Դ. Եղիազարյանը վստահեցրեց, որ կրճատվածների թվում բավականին բարձրակարգ մասնագետներ կային, որոնք սովորել էին լավագույն ուսումնական հաստատություններում եւ լավ տիրապետում էին ավիացիոն հմտություններին: Ուստի, Դ. Եղիազարյանի համոզմամբ, նրանց կրճատումը կարող է շատ լուրջ անդրադառնալ քաղավիացիայի գործունեության վրա եւ վտանգավոր հետեւանքներ ունենալ: Աշխատանքը վերականգնելու համար պարոն Եղիազարյանը դիմել է դատարան, սակայն նրան մերժել են, պատասխանելով, որ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքի վերականգնման նրա պահանջն անհիմն է:

Նկատենք, որ Հայաստանի ամենամեծ օդանավակայանը արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին կոնցեսիոն կառավարման հանձնելուց եւ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» դառնալուց հետո չի հանդիսանում «Զվարթնոցի» իրավահաջորդը, ուստի Դ. Եղիազարյանը Էդուարդո Էռնեկյանի օդանավակայանի նկատմամբ որեւէ պահանջ չի կարող ներկայացնել: Համաձայնագիրը չստորագրած անձանց փոխհատուցման հարցը մնում է, որ կառավարությունը լուծի: Քանի որ Դ. Եղիազարյանը հույսը կտրել է դատական ճանապարհով հարցը լուծելուց, պահանջում է, որպեսզի իր 440 հազար դրամը ամբողջությամբ վճարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031