Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ փող են ուզում, քիչ՝ ուսանող

Հուլիս 15,2008 00:00

Բուհերը պրակտիկայի կազմակերպման ժամանակ խնդիրներ են

ունենում որոշ «անհյուրընկալ» կազմակերպությունների հետ:

Ուսումնական տարվա ավարտից հետո այժմ ՀՀ բուհերում առաջացել է մի խնդիր՝ ինչպես կազմակերպել ուսանողների պրակտիկան: «Առավոտի» զրույցը տարբեր բուհերի պատասխանատուների հետ ցույց տվեց, որ այդ հաստատություններում լուրջ խնդիրներ կան. այն կազմակերպությունների մեծամասնությունը, որոնք մի քանի օրով պիտի «հյուրընկալեն» ուսանողներին՝ կա՛մ ցանկանում են փոքրաթիվ ուսանողների ընդունել, կա՛մ մեծ գումարներ են պահանջում: Մեկ այլ դեպքում բուհերը խեղճանում են ուսանողներին շրջաններ պրակտիկայի ուղարկելիս: ԵՊՀ ուսումնական վարչության պրակտիկայի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Պրակտիկան լինում է ուսումնական եւ արտադրական, որը բաժանվում է բուն արտադրականի եւ մանկավարժականի: Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողը պիտի սովորի աշխատել, արտադրականի դեպքում ակնկալվում է արտադրություն՝ ըստ մասնագիտության: Մեր խնդիրներից մեկը արտադրական պրակտիկայի կազմակերպումն է: Օրինակ՝ իրավաբանության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության ֆակուլտետների յուրաքանչյուր կուրսում կա 250-300 հոգի, եւ բոլորը նույն ժամանակ պիտի գնան պրակտիկայի, այնինչ՝ տեղ չկա»: Ըստ Ա. Մարգարովի՝ չնայած ուսանողներից շատերը ձգտում են պրակտիկան անցնել ոչ թե դպրոցում, այլ գիտահետազոտական հիմնարկներում, մանկավարժական պրակտիկան անհրաժեշտ է. «Մանկավարժական պրակտիկային ուսանողը պիտի մասնակցի, որ ստանա մանկավարժական որակավորում, ոչ թե, ըստ ընտրության, որտեղ ուզի՝ պրակտիկա անցնի: Հաճախ խնդիրներ են ունենում նախորդ տարիների մեր շրջանավարտները, որոնց ժամանակ մանկավարժական պրակտիկա չկար, որոնք չունեն որակավորում: Երբեմն այդ մարդիկ ցանկանում են աշխատել դպրոցում, այնինչ՝ այնտեղ ընդունում են Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին՝ մերժելով 15-20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետին, որը չունի մանկավարժի որակավորում: Այս հարցը դեռ լուծված չէ: Մի ժամանակ Մանկավարժական համալսարանին կամ նախարարությանը կից մի վերապատրաստման ծրագիր կար, դիմեցինք՝ մերժեցին, թե դուք զբաղվեք ձեր գործով»: Մյուս խնդիրը՝ ըստ պարոն Մարգարովի, պրակտիկայի համար կատարվող վճարումներն են: «Պրակտիկայի գնում են նաեւ ոչ պետական բուհերի ուսանողները: Իսկ այդ բուհերը մեզնից ավելի կարող են վճարել: Կազմակերպություններն էլ մեզ ստիպում են վճարել նույնքան: Իսկ մենք, լինելով պետական բուհ, նորմատիվներ ունենք եւ մեզ համար նախատեսված չէ այդքան գումար»:

ՀՊՃՀ ուսումնամեթոդական աշխատանքների եւ մասնաճյուղերի գծով պրոռեկտոր Միքայել Հարությունյանը, որը ղեկավարում է բուհի մի քանի դեպարտամենտների պրակտիկայի կազմակերպումը, հայտնեց. «Մեզ մոտ իրականացվում է 3 պրակտիկա՝ ուսումնական, արտադրական եւ նախաավարտական: Ուսումնական պրակտիկան անցնում են 1-ին կուրսում, արտադրականը՝ 3-րդի ավարտին, երբ ուսանողները 5 շաբաթ գտնվում են ձեռնարկություններում, ինչի շնորհիվ ծանոթանում են ավարտական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերին եւ սարքավորումներին: Ամենակարճատեւ պրակտիկան 4-րդ կուրսում է՝ նախաավարտականը, որը տեւում է 2 շաբաթ»: Պարոն Հարությունյանին փոխանցեցինք մի խումբ ուսանողների դժգոհությունը, թե հաճախ իրենք իրենց ծանոթների միջոցով են «հայթայթում» պրակտիկայի անցկացման վայրը: «Նման դեպքերը շատ սուբյեկտիվ մեկնաբանումներ ունեն: Հաճախ ուսանողները դա անում են իրենց ցանկությամբ, որ իրենց բնակավայրում մնալով՝ անցնեն պրակտիկա»,- հնչեց պատասխանը:

ՀՊՃՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թորոսյանը, որը եւս համակարգում է պրակտիկայի կազմակերպումը, խոսեց բարդություններից. «Բարդություններ կան կազմակերպման մեջ, ինչի պատճառը նոր տեխնոլոգիաների պակասն է: Բնապահպանական ճարտարագիտություն ուսումնասիրող ուսանողները պիտի պրակտիկա անցնեին Երեւանի աերացիայում, որը չի գործում: Դրա համար էլ նրանց ուղարկում ենք այն ձեռնարկություններ, որտեղ կան նշված ուղղությունները: Իսկ բնապահպանական խնդիրներով զբաղվող ձեռնարկությունները մասնավորեցված են ու նրանց հետ բարդ է: Մեկ ուզում են ուսանող ընդունել, մեկ՝ ոչ: Երբեմն ընդունում են ուսանողների, քանի որ ինչ որ չափով հնարավոր է երիտասարդները օգտակար լինեն գործին: Խնդիրներ կան կոմպյուտերային համակարգերի մասով պրակտիկայի կազմակերպման դեպքում, քանի որ այդ գծով սովորողները շատ են: Դժվար է ավելի հեռու տեղեր պրակտիկայի ուղարկել ուսանողներին: Օրինակ՝ ընդերքաբանության, մետալուրգիայի գծով պրակտիկա Երեւանում կարող են անցնել «Մաքուր երկաթում» եւ մի քանի այլ ձեռնարկություններում, բայց ճիշտ է, որ ուսանողը գնա Զանգեզուր, Ալավերդի, Թեղուտ»: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսումնական մասի պետ Վլադիմիր Բոնդարենկոն էլ ասաց. «Բացառվում է, որ ուսանողները պրակտիկայի վայրը ինքնուրույն գտնեն: Դա կազմակերպում են ֆակուլտետները: Ուսանողներին պրակտիկայի ենք ուղարկում նաեւ Մոսկվայի քաղաքապետարան, Երեւանի Կենտրոն թաղապետարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել