Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱԿԱՆԵՐԻ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

Հուլիս 16,2008 00:00

«Առավոտի» հուլիսի 14-ի համարում տեղեկացրել էինք, որ խորհրդարանը չի հասցրել օրենքով սահմանված կարգով ձեւավորել ԱԺ երեք մշտական հանձնաժողովները՝ Սոցիալական, Գյուղատնտեսական եւ բնապահպանական, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման: Հաջորդ օրն իսկ կայծակնային արագությամբ «ձեւավորվեցին» այդ հանձնաժողովները: Բայց դրանք, ամենայն հավանականությամբ, անգործության կմատնվեն՝ այդպես են ստիպում մտածել անունները, որ ներկայացված են որպես հանձնաժողովականներ, քանի որ 7-8 հոգանոց հանձնաժողովներում ընդգրկված են նրանք, ովքեր գրեթե չեն «այցելում» խորհրդարան: Անհնար է պատկերացնել, թե, օրինակ, Լեւոն Սարգսյանն ինչպե՞ս է հիշելու, թե հատկապես ո՛ր հանձնաժողովի անդամ է ինքը (համենայնդեպս, տեղեկացնենք՝ Սոցիալական), երբ ԱԺ լիագումար նիստերին չի ներկայանում: Նույն այս՝ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում է «գրվել» նաեւ Տիգրան Արզաքանցյանը: Ի դեպ, մշտական հանձնաժողովում ընդգրկվելու համար պատգամավորը պետք է դիմում գրի: Հետաքրքիր է, թե իր դիմումն ինչպե՞ս է ձեւակերպել, ասենք, Նահապետ Գեւորգյանը, ով ընդգրկված է Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում:

Մեկ այլ առանձնահատկություն եւս. մասնագիտությամբ շինարար Սուքիաս Ավետիսյանը հայտնվել է Սոցիալական հարցերի հանձնաժողովում, որում նաեւ մասնագիտությամբ տեխնիկ-անասնաբույժ, «Գրեյթ-վելլի» սեփականատեր Տիգրան Արզաքանցյանն է: Իսկ ճարտարագետ-հետազոտող եւ սննդարդյունաբերության ճարտարագետ Հովհաննես Մարգարյանի գլխավորած Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում կան երեք տնտեսագետ եւ երկու տեխնիկ-մեխանիկ: Հիշեցնենք, որ հանձնաժողովների թիվը մեծացավ, քանի որ նախընտրական շրջանում ընդդիմություն ձեւացած, իսկ ընտրություններից հետո՝ իշխանության մաս կազմած ՕԵԿ-ին խորհրդարանական պաշտոններ բաժին հանելու խնդիր առաջացավ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել