Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՏՐՈՆԻ ԾԱՌԸ»՝ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

Հուլիս 16,2008 00:00

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ֆիլմերի թվում է Էրան Ռիքլիսի «Կիտրոնի ծառը» խաղարկային ֆիլմը (Իսրայել-Գերմանիա-Ֆրանսիա): Կինոաշխատանքը պատմում է պաղեստինցի կնոջ՝ Սալմայի ու նրա նախնիներից մնացած կիտրոնի այգու մասին: Այնպես է ստացվել, որ կնոջ տունը եւ պապենական այգին հայտնվել են մի տարածքում, որը Իսրայելի եւ Արեւմտյան ափի սահմանն է, իսկ Սալմայի նոր հարեւանը ոչ ավել-ոչ պակաս… Իսրայելի պաշտպանության նախարարն է: Անվտանգության ծառայությունները այգին վտանգավոր են համարում նախարարի եւ նրա ընտանիքի համար, նույնիսկ կարգադրվում է կտրել ծառերը, որոնց սաղարթներն, իբր, կարող են պատսպարել ահաբեկիչներին: Ի զարմանս հասարակության, Սալման կանգ չի առնում եւ, ապավինելով երիտասարդ փաստաբանի աջակցությանն ու մասնագիտական կարողություններին, չվախենալով պաղեստինյան չափանիշներով բարոյական կնոջ իր համբավը բեկանելուց, հասնում է մինչեւ Գերագույն դատարան: Այգու շուրջ ծագած կոնֆլիկտի մասին սկսում են գրել նաեւ երկրի բոլոր թերթերը: Հասարակ մարդու մասին պատմությունը, ինչ խոսք, հետաքրքիր է, բայց ոչ օրիգինալ, եւ ֆիլմն էլ առանձնապես ցնցող չէ, չհաշված նրանում առկա որոշ նրբերանգներ ու դերասանական ոչ վատ խաղը: Ձանձրալի էր ու ձգձգված հատկապես «մուտքը»՝ բուն պատմությունը, իսկ Սալման պաղեստինցի կնոջ համար մի քիչ «եվրոպական» էր…

Նշենք, որ «Կիտրոնի ծառ»-ում նկարահանվել են Հիամ Աբասը, Ռոնա Լիպազը, Դորոն Տավորին եւ աշխատանքը Բեռլինի կինոփառատոնում Հանդիսատեսների մրցանակ է շահել: Ինչ վերաբերում է ռեժիսոր Էրան Ռիքլիսին, նա կինոաշխարհ է մուտք գործել 1975-ից: Ռեժիսորի առաջին ֆիլմը իրական դեպքերի հիման վրա ստեղծված՝ «Պարզ օրերին կարելի է տեսնել Դամասկոսը» քաղաքական թրիլերն է: Դրանից 7 տարի անց նկարահանված «Գավաթի եզրափակիչ խաղը» ցուցադրվել է մի շարք, այդ թվում՝ Վենետիկի եւ Բեռլինի կինոփառատոներում: Իսրայելում հիթ է դարձել նրա «Զոհարը» (1993թ.), իսկ «Սիրիացի հարսնացուն» (1993թ.) արժանացել է կինոաշխարհի մարդկանց դրական գնահատականին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել