Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 18,2008 00:00

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում հուլիսի 12-16-ն անցկացվեց հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին 58 երկրների 17-18 տարեկան շուրջ 300 տղաներ եւ աղջիկներ:

Մեր երկիրը ներկայացնում էր «Հայաստան» մարզական միության օլիմպիական հերթափոխի հեծանվի մարզադպրոցի սան, հանրապետության երիտասարդների բազմակի չեմպիոն, 17-ամյա սպորտի վարպետ Սուրեն Պետրոսյանը: Հանդես գալով 10 կմ խմբային վազքում, որակավորման փուլից հետո Սուրենն ընդգրկվել է 24 լավագույնների մեջ եւ եզրափակիչ վազքահերթում, ի վերջո, զբաղեցրել 14-րդ հորիզոնականը:

Առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս խումբը ցույց է տվել ամենաբարձր արագությունը՝ ժամում միջին հաշվով 51,700 կմ: Այնպես որ, նման պայքարում հայ հեծանվորդի գրաված տեղը միանգամայն գոհացուցիչ է:

Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայում, գնահատելով Սուրեն Պետրոսյանի մրցելույթը Քեյփթաունում, ասացին, որ սա մարզաձեւում մեր հանրապետության առաջին խոշոր հաջողությունն է եւ վստահեցրին, որ եթե Սուրենին ավելի մեծ ուշադրություն դարձվի, նա շարունակի լրջորեն մարզվել եւ փորձի կուտակման նպատակով միջազգային մեկնարկների դուրս գալու ավելի շատ հնարավորություն ունենա, ի վիճակի կլինի Հայաստանի համար 2012 թվականին Վանկուվերում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Վիկն ու Դմիտրին կհանդիպեն Տակոմայում

\"\"Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարները տեղյակ են, որ մինչեւ 52,163 կգ քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում նաեւ IBF-ի վարկածով չեմպիոնական գոտու համար հանդիպելու է դրա ներկայիս տիրակալ՝ ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ: Մինչեւ վերջերս հայտնի էր միայն այդ մրցամարտի անցկացման երկիրը: Օրերս արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ Դարչինյանն ու Կիրիլովը միմյանց դեմ ելնելու են Վաշինգտոնի նահանգում գտնվող Տակոմա քաղաքի «Emerald Quenn Casino»-ում:

Հիշեցնենք, որ Վիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, տարել 29 հաղթանակ (23-ը՝ նոկաուտով) եւ կրել ընդամենը մեկ պարտություն: Իսկ Դմիտրին, որ պրոֆեսիոնալ ռինգում այսօրվա դրությամբ Ռուսաստանը ներկայացնող միակ չեմպիոնն է, 33 մարտից իր օգտին գրանցել է 29-ը (9-ը՝ նոկաուտով), կրել 3 պարտություն եւ 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել