Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Հուլիս 22,2008 00:00

\"\"Ավագանու որոշմամբ քաղաքապետը Արարատի եղած-չեղածը վաճառում է

Արարատի քաղաքապետ, հանրապետական Աբրահամ Բաբայանն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարում, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքին պատկանող անշարժ գույքի մի մասն իրենով անել, մի մասը օտարել ու վաճառել, մտերիմներին լավություն անել, այգիներն էլ հատել ու զվարճանքի օբյեկտների համար տարածքներ ազատել: Հենց քաղաքապետի թեթեւ ձեռքով է փակվել քաղաքի միակ պատկերասրահը, որի շենքը պարոն Բաբայանը վաճառել է իր հորեղբոր թոռանը՝ Սենիկ Աբրահամյանի որդուն: Քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող թիվ 5 մանկապարտեզը, հետագայում գումար վաստակելու ակնկալիքով, քաղաքապետն ինքն է գնել: Այժմ այդ մանկապարտեզի շենքում վարձակալությամբ գործում է քաղաքի Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը: Թիվ 4 մանկապարտեզը նույնպես վաճառել է:

Շենքերը վաճառելուց հետո՝ քաղաքապետը որոշել է խորհրդային տարիներից մնացած կաթսայատներն ապամոնտաժել ու դրանց խողովակները վաճառել: Նշենք, որ խողովակների շուկայական արժեքը բավականին բարձր է՝ 1 մետրը 25-30 հազար դրամ: Օրերս Արարատ մեր այցելության պահին՝ խողովակներն արդեն ապամոնտաժված էին եւ սպասում էին իրենց նոր տերերին: Քաղաքապետն իրենով է արել նաեւ մազութի հսկայական 2 տարաները, որոնք ներկայումս գտնվում են իրեն պատկանող մարզադաշտում: Ըստ արարատցիների, նա պատրաստվում է դրանք էլ վաճառել: Թերեւս վստահ լինելով, որ իր թիկունքին ՀՀԿ-ն է կանգնած ու իր մութ գործերը չեն բացահայտվի, օրերս Արարատի քաղաքապետը որոշել է քաղաքի գլխավոր այգին, որը արարատցիների համար միակ հանգստի գոտին է, ծառերից ազատել՝ սրճարաններ կառուցելու համար: Նկատենք, որ Արարատը բուսականությունից զուրկ քաղաք է, եւ բնակիչները գրեթե շնչահեղձ են լինում հարեւանությամբ գործող ցեմենտի գործարանի փոշուց եւ ոսկու գործարանի արտանետումներից: Տեղում լինելով պարզեցինք, որ այգում արդեն մեկ տասնյակից ավելի ծառեր են կտրվել: Այս փաստն արձանագրել են նաեւ բնապահպանության նախարարության պատասխանատուները, որոնց, սակայն, Արարատի քաղաքապետարանից հավաստիացրել են, որ սանիտարական հատումներ են արել, մինչդեռ արարատցիները պնդում էին, որ դրանք 30 տարվա միանգամայն առողջ ծառեր էին: Մեզ հետ զրույցում նախարարության բնապահպանական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանն ասաց, որ իրենք ստուգումներ արել են, սակայն սպասում են Արարատի քաղաքապետարանի մասնագետի տված այն փաստաթղթին, որով պետք է թույլատրվեին հատումները: Նկատենք, որ այգին համայնքային սեփականություն է, ուստի քաղաքապետն իր շահի համար, շատ հանգիստ խղճով կարող է առողջ ծառերը սանիտարական հատման անվան տակ հատելու թույլտվություն տալ: Մեզ հետ զրույցում արարատցիները պատմեցին, որ քաղաքապետարանը այգին դիտավորյալ չէր ոռոգում, որպեսզի ծառերը չորանան եւ հեշտ լինի հատելու թույլտվություն ստանալ: Մեր տեղեկություններով, ընդամենը 1 տարի առաջ սոցիալական ներդումների ծրագրով այդ այգու վերանորոգման համար հատկացվել է 80 մլն դրամ, սակայն բարեկարգելու փոխարեն այգին ավերում են:

Ըստ մեր աղբյուրի, մի քանի օր առաջ այգու տարածքում գտնվող «Հեքիաթ» սրճարանում մեծ վեճ է տեղի ունեցել քաղաքի երիտասարդ տղաների, քաղաքապետի, նրա որդու եւ փոխքաղաքապետի միջեւ: Ընդ որում, ականատեսների պատմելով, վեճը հրահրել է Ա. Բաբայանը՝ վիրավորելով սրճարանի ընդդիմադիր տիրոջն ու ընտանիքի անդամներին: Ինչից հետո հարեւանությամբ նստած երիտասարդները փորձել են կարգի հրավիրել քաղաքապետին ու իր մերձավորներին: Ծեծկռտուքի արդյունքում փոխքաղաքապետը բավականին տուժել է: Արարատցիների ներկայացմամբ, քաղաքապետ ընտրվելու համար Աբրահամ Բաբայանը մեծ ծախսեր է արել՝ «աջ ու ձախ կաշառք էր բաժանում, հիմա էլ ինչ ձեռքի տակ է ընկնում՝ վաճառում է, բա մի ձեւ ծախսերը պիտի հանի՞, թե՞ չէ: Եվ որպեսզի այդ գումարները որքան հնարավոր է շուտ վերադարձնի, քաղաքապետը որոշել է դիմել բոլոր հնարավոր միջոցներին. նախ՝ քաղաքում գրեթե աղբահանություն չի կատարվում, աղբի հոտից խեղդվում ենք՝ հերիք չի, ամառվա այս շոգին էլ աղբն այնքան շուտ է նեխում, որ հակահիգիենիկ վիճակ է ստեղծվում»: Քաղաքապետարանի մեր աղբյուրի հաշվարկներով, միայն թերի աղբահանությունից Ա. Բաբայանը տարեկան կարող է 5 մլն դրամ տնտեսել:

Արարատի Զոդի բանավանի բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ քաղաքապետն իրենց վրա էլ է տնտեսում: Նա, որպեսզի էլեկտրաէներգիայի խնայողություն անի, չի աշխատեցնում ստորգետնյա ջրերի համար գործող պոմպերը, ինչի պատճառով ջրերը լցվում են շենքերի նկուղները: Այս առնչությամբ Արարատի քաղաքապետը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ այգում ոչ թե սրճարան, այլ՝ «ատրակցիոն» է կառուցվելու եւ տարածքը ոչ թե վաճառվել է, այլ՝ վարձակալությամբ տրվել: Ա. Բաբայանը հրաժարվեց կատարել մեր խնդրանքը՝ փաստաթղթեր ներկայացնել՝ ասածները հիմնավորելու համար, պատճառաբանելով՝ «Դուք հո ֆինանսիստ չե՞ք, կգան կստուգեն, կասեն՝ կիմանաք»: Այնուամենայնիվ, ներկայացրեց այգու տարածքի վարձակալության եւ թիվ 5 մանկապարտեզի սեփականաշնորհման վերաբերյալ որոշ փաստաթղթեր, ըստ որոնց, այգու տարածքը վարձակալությամբ է տրվել 99 տարով, ամսական 120 հազար դրամով: Իսկ մանկապարտեզը քաղաքապետը գնել է ընդամենը 1 միլիոն 100 հազար դրամով:

Առհասարակ, մնացած օբյեկտների վաճառքից խոսելիս քաղաքապետը պնդում էր, որ դա կատարվել է ավագանու որոշմամբ: Ինչ վերաբերում է ծառահատումներին, պարոն Բաբայանը վստահեցրեց, որ դրանք սանիտարական հատումներ են եղել: Պատկերասրահից ազատվելու առնչությամբ ասաց. «Մի քանի նկար էր դրած ու ավելորդ ծախս էր, այդ նկարները տեղափոխել ենք կուլտուրայի տուն, առաջին հարկում տեղադրված է: Մնալու իմաստը ո՞րն էր: Մի քանի աշխատողի համար հո չէի՞նք պահի, դա էլ է ավագանու որոշումով եղել»: Կաթսայատան խողովակների ապամոնտաժումը քաղաքապետն այսպես արդարացրեց. «30 տարի այդ խողովակները անիմաստ գետնի տակ մնացել էին, ավագանու նիստով որոշում եղավ եւ աուդիտի եզրակացությունով խողովակները վաճառվել են: Դրանով բյուջեի մյուս ծախսերն ենք անելու: 4-րդ մանկապարտեզն էլ իմաստ չկար 57 երեխայի համար պահել: Աշխատակիցների հետ միասին միացվել է մյուս մանկապարտեզին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել