Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՌՈՄԻԿԱԿԱՆ» ԿԱԴՐԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է

Հուլիս 24,2008 00:00

\"\"Շիրակի մարզի ներկայիս մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է ազատվել նախորդ մարզպետի՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կադրերից:

Շիրակի մարզի դպրոցներն ու հիվանդանոցները «դաշնակաթափ» անելուց հետո, տիկին մարզպետն այժմ էլ տարբեր պատճառաբանություններով ազատվում է նախկին մարզպետի մյուս կադրերից: Վերջին 3 ամսվա ընթացքում նրան հաջողվել է պաշտոնաթող անել Գյումրիի ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանին, մարզպետարանի հողաշինության բաժնի պետ Գուրգեն Եղոյանին, որը Ռոմիկ Մանուկյանի մորաքրոջ որդին է, սոցիալական ապահովության բաժնի պետ, դաշնակցական Աշոտ Հարությունյանին: Նշենք, որ տիկին Նանյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրից Ա. Հարությունյանի հետ կոնֆլիկտ ուներ: Եվ քանի որ բաժնի պետերից ազատվելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ նրանք քաղծառայողներ էին եւ պաշտպանված էին օրենքով, մարզպետը ելքը գտավ: Մարզպետարանի մեր աղբյուրների տեղեկություններով, Լ. Նանյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարությանը մոտ 1 ամիս առաջ խստորեն հրահանգել է քաղծառայության հերթական ատեստացիային Ա. Հարությունյանին չօգնել: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ նույն աղբյուրների, մարզպետարանի մի քանի վարչության պետեր ու գլխավոր մասնագետներ առանց որեւէ պրոբլեմի՝ հեշտ-հանգիստ հանձնել են քաղծառայության ատեստացիան: Մարզպետարանի քաղծառայողների հավաստմամբ, ատեստացիայում տեղ գտած թեմաները գրեթե չեն փոփոխվում, այնպես որ, եթե Ա. Հարությունյանը նախորդ անգամ իր ուժերով հաղթահարած լիներ այն, ապա այս անգամ էլ կկարողանար դրական միավորներ հավաքել: Այդուհանդերձ, մարզպետը պարոն Հարությունյանին զրկեց իր պաշտոնի համար քաղծառայության մրցույթին մասնակցելու 2-րդ շանսից:

Օրերս Լ. Նանյանը այդ պաշտոնում արտամրցութային կարգով պետ նշանակեց նույն բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆիկ Փոթինյանին՝ այդպիսով ցույց տալով, որ դաշնակցական Հարությունյանը մարզպետարանում այլեւս անելիք չունի: Փոքր-ինչ այլ է պատմությունը՝ կապված մյուս քաղծառայողի՝ Ռոմիկ Մանուկյանի ազգակից Գուրգեն Եղոյանի հետ: Մարզպետարանի աշխատակիցների ներկայացմամբ, թեեւ Լիդա Նանյանը նրա նկատմամբ էլ առանձնապես բարյացակամ չէր, սակայն Գուրգեն Եղոյանի աշխատանքից ազատվելը ավելի շատ կապված էր աշխատանքային լուրջ թերացում թույլ տալու հետ: Այսինքն՝ մարզպետը հիմնավոր պատճառ գտել է նրան իր սեփական դիմումի համաձայն պաշտոնաթող անելու համար:

Կրճատումներից ամենազավեշտալին թերեւս Գյումրիի ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանին է առնչվում: Մինչ նա այս տարվա ապրիլին մայրաքաղաքում վերապատրաստման կուրսեր էր անցնում, կոլեգաները զանգահարել էին նրան ու աշխատանքից ազատվելու «գույժը» հայտնել: Ներկա մարզպետը գտել է, որ նախորդ մարզպետի հետ կնքած նրա պայմանագիրն անօրինական է: Վարդան Սարգսյանն էլ դատի էր տվել մարզպետ Լ. Նանյանին: Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանը կողմերին հրավիրել էր վճիռը հրապարակելու, սակայն 3 ամիս հայցը քննելուց հետո դատավորը հանկարծ հայտնաբերել է, որ այն սխալ վարույթում է լսվել, եւ որ պետք է քննվեր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Վարդան Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում իր դատարան դիմելն այսպես բացատրեց. «Կառավարության 2005թ. 224-Ն որոշմամբ պետության 100%-անոց սեփականություն հանդիսացող հիմնարկների գործադիր տնօրենները պետք է նշանակվեն մրցութային կարգով: Սակայն այս որոշումը Շիրակի մարզում սկսեց գործել 2007թ. մարտի 25–ից: Այսինքն, մինչ այդ ես աշխատում էի որպես տնօրեն, իհարկե՝ ինձ մարզպետ Մանուկյանն էր նշանակել: Իմ եւ մարզպետ Ռոմիկ Մանուկյանի միջեւ կնքվել էր պայմանագիր, առաջին անգամ կնքվեց 1 տարի ժամկետով, 2-րդի ժամանակ արդեն մրցութային կարգը սկսելու էր գործել, բայց այդ նույն որոշման մեջ մի ենթակետ կա, որը, չգիտես ինչու, չեն ուզում հաշվի առնել, ըստ այդ ենթակետի՝ արդեն նշանակված գործադիր տնօրենը պետք է աշխատի 5 տարի եւ հետո անցնի մրցութային կարգի: Չգիտեմ ինչու սա անտեսվեց, Շիրակի մարզպետը գտավ, որ խախտվել է 224-Ն որոշումը եւ պետք է ուղղել նախկին մարզպետի թույլ տված սխալները: Ես էլ գտնում եմ, որ անհիմն է մարզպետ Նանյանի՝ ինձ ազատելու որոշումը: Ուզում եմ ժողովրդի մեջ վերականգել իմ նկատմամբ վստահությունը, քանի որ մարդիկ կարող են այն թյուր պատկերացումն ունենալ, թե տնօրենը կատարել է այնպիսի մի գործ, ինչը թաքցնելու պատճառով պաշտոնից հանել են: Ուզում եմ ապացուցել, որ ոչ մի տնտեսական, վարչական հանցագործություն չեմ կատարել, ժողովրդի երեսին պարզ եմ նայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել