Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետաքսի երկաթուղու» մեկնարկը

Հուլիս 25,2008 00:00

Երեկ կեսօրին Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության մեկնարկը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Հարավային Կովկասը պատկերող հսկայական քարտեզի վրա երեք նախագահները մեկական փոքրիկ երկաթուղային ռելս են տեղադրել՝ պատկերելով այն ուղին, որը, հյուսիսից շրջանցելով ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանը կապելու է Թուրքիայի արեւելյան շրջանների հետ: Երկաթգծի շինարարության մասին եռակողմ համաձայնագիրը կնքվել է 2007 թ. փետրվարին: Մինչեւ 2010 թ. նախատեսվում է 105 կիլոմետրանոց նոր երկաթուղի կառուցել, որից 29 կիլոմետրը՝ Վրաստանի, 76-ը՝ Թուրքիայի տարածքում: Բացի այդ, կողմերը նախատեսում են հիմնովին վերանորոգել խորհրդային տարիներին կառուցված Թբիլիսի-Մարաբդա-Ախալքալաք 183 կիլոմետրանոց երկաթուղին:

«Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը եւ այս երկաթգիծը կարող են ռեգիոնալ համագործակցության լավ օրինակ ծառայել»,- երեկ Կարսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Նրա հավաստմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Չինաստանն ու ողջ Հեռավոր Արեւելքը միացնելու է Արեւմտյան Եվրոպային»: Գյուլն այս նախագիծը համեմատել է միջնադարյան «Մետաքսի ուղու» հետ՝ այն անվանելով «Մետաքսի երկաթուղի»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ անդրադարձ է կատարել Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցությանը՝ այն բնորոշելով որպես աննախադեպ:

«Տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում նման սերտ եռակողմ համագործակցության որեւէ նախադեպ աշխարհում չկա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, թե Վրաստանի անկախության երաշխավորը Ադրբեջանն է: «Վերջին տարիներին Ադրբեջանն ամեն անգամ օգնության էր հասնում Վրաստանին, երբ մեր երկիրը հայտնվում էր ծանր պայմաններում: Այդպես էր, օրինակ, 2005-ի ձմռանը, երբ Վրաստանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի ճիրաններում»,- ասել է Սահակաշվիլին:

Այսպիսով, մեզ մնում է արձանագրել, որ տարածաշրջանային ընդգրկում ունեցող Բաքու-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Էրզրում գազատարի կառուցումից հետո սա երրորդ խոշորագույն նախագիծն է, որն արդեն իսկ կյանքի է կոչվում, եւ որին Հայաստանը չի մասնակցում: Ինչպես տեսնում ենք, չօգնեցին ո՛չ Կարս-Գյումրի երկաթգծի շահավետության մասին հայ դիվանագիտության հզոր փաստարկները, ո՛չ Բաքվին ու Անկարային ուղղված ԵՄ-ի հորդորները, ո՛չ ամերիկյան մի քանի բանկերի որոշումը՝ չֆինանսավորել ՀՀ-ն մեկուսացնող այդ ծրագիրը եւ ո՛չ էլ, անգամ, Գյուլին Հայաստան հրավիրելու՝ Սերժ Սարգսյանի «նոու հաուն»: Թերեւս, ստիպված պետք է մխիթարվել մեր պատասխանատու վերլուծաբանների հանգստացնող գնահատականներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել