Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՍ ՔԱՅԼԸ

Հուլիս 26,2008 00:00

\"\"Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որ Հայաստանի 1-ին նախագահի կողմնակիցն է՝ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ՀՀ 3-րդ նախագահի փորձերը:

ՀԺԿ նախկին քարտուղար Ստեփան Զաքարյանը վերջերս նշեց, որ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու աշխատանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «համաժողովրդական շարժման տակից հանում է իր դեմ պայքարելու բոլոր հիմքերը», եւ Թուրքիայի նախագահին Երեւան հրավերը քայլ է, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանին զրկի այդ հարցերը շահարկելու» հնարավորությունից: Սերժ Սարգսյանն էլ իր պաշտոնավարման 100 օրվա ասուլիսում անդրադառնալով նման տեսակետներին՝ նշեց. «Պարզվում է՝ մենք ոչինչ չպետք է անենք, այլապես մեզ կմեղադրեն ընդդիմության պահանջները կատարելու կամ էլ ընդդիմության տակից հողը փախցնելու մեջ: Դա որեւէ կապ չունի այդ հարցի հետ»:

Մեր զրույցի ընթացքում այս հարցին անդրադարձավ նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը. «Ուզում եմ հիշեցնել նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած արտաքին քաղաքականության ծրագիրը: Ես այն վերլուծել եմ՝ շատ համապարփակ, հավասարակշռված ու հեռանկարային ծրագիր էր: Դեռ այն ժամանակ ասել եմ, որ ով էլ գա իշխանության՝ Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշը, անպայման օգտագործելու է այս ծրագիրը: Այսինքն՝ փորձելու է այն իրագործել, քանի որ այդ ծրագրում կան սկզբունքներ, կետեր, որոնք համընդհանուր են հայկական բոլոր համակարգերի համար: Ես նկատի ունեի այդ ծրագրի մասնավորապես 2 կետերը՝ Թուրքիայի եւ այլ հարեւանների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը ու ԼՂ հիմնահարցի արդարացի լուծումը:

Ի՞նչ տեղի ունեցավ հետո: Դիվանագիտության մեջ սա կոչվում է տրիանգուլացիա, այսինքն՝ քաղաքական գործիչը վերցնում է մեկ այլ գործչի արտահայտած միտքը, ծրագիրը կամ սկզբունքը ու սկսում դա օգտագործել ընտրազանգվածի համակրանքը շահելու համար՝ նախընտրական արշավում, ու դրանից հետո էլ է դա շարունակում զարգացնել: Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ շատ մեծ քաղաքական գործիչներ դիմել են այս մեխանիզմին: Հիմա Սերժ Սարգսյանն արծարծեց այն հարցը, որը Տեր-Պետրոսյանը խոստանում էր արծարծել՝ իշխանության գալու դեպքում: Ու նա չէր կարող դա չանել, քանի որ սա մեզ համար թիվ 1 հարցերից մեկն է՝ գերակայություն, քանի որ «ոզնուն էլ է պարզ», որ մինչեւ հարեւանների հետ չկարգավորենք հարաբերությունները՝ չի կարգավորվի նաեւ մեր վիճակը: Ես դա ողջունում եմ: Ողջունում եմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր քայլ: Ինքնին նրա հայտարարությունը՝ եկեք քննարկենք, հրավիրում եմ եւ այլն՝ ես շատ նորմալ եմ ընկալում, եւ այնտեղ ինչ-որ բաներ փնտրելը, թե սա դիվանագիտական կանոններին դեմ է, եւ այլն… Կարծում եմ, որ այստեղ ոչ մի կրիմինալ չկա:

Սակայն անդրադառնանք, թե ինչպես արվեց այդ քայլը, որտեղ ու ինչ պայմաններում: Այս ամենի հետեւում կան քաղաքական խնդիրներ: Հասկանալի է, թե ինչու դա արվեց հիմա. փոխհատուցման խնդիր կա՝ ներքին քաղաքական իրադրությունը շատ բարդ վիճակում է, եւ ինչ-որ կերպ պետք էր սա փոխհատուցել արտաքին քաղաքականության մեջ կատարված որեւէ դրական քայլով: Բացի դրանից՝ սա հրատապ հարց է, անկախ ամեն ինչից: Սակայն ինչո՞ւ այս մասին խոսեց Մոսկվայում, ոտքի վրա (պրն Նավասարդյանին հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու քայլերի մասին խոսել էր նաեւ ավելի վաղ՝ ամերիկյան պարբերականներում.- Ա. Ի. ): Ես հասկանում եմ՝ ԱՄՆ-ի համար սա շատ ընդունելի ու ձեռնտու դիրքորոշում է: Բայց չգիտեմ՝ Մոսկվայում սա հայտարարելն արդյոք նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Սա Կրեմլից արված ռեւերանս էր դեպի Ամերիկա՞, հավասարակշռելու համար հայ-ռուսական եւ հայ-ամերիկյան հարաբերությունները»:

Դեսպանին հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից ընդամենն օրեր անց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իր հռչակագրում ներառեց մի կետ, որով խրախուսում է ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ համատեղ հանձնաժողովների ստեղծումը, որոնց մաս կկազմեն պատմաբաններն ու փորձագետները եւ կհետազոտեն արխիվները, որ գիտականորեն անդրադառնան այդ երկրների պատմություններում վիճահարույց դրվագներին: Դիտարկմանը, թե այս հարցն այլեւս չպիտի դիտարկվի ռուսական քաղաքականության տիրույթում՝ նման հանձնաժողով ստեղծելն արդեն եվրոպական կազմակերպության սկզբունք է, պրն Նավասարդյանն արձագանքեց, թե նման հանձնաժողովի ստեղծումը շատ ցավոտ հարց է. «Մանավանդ ոչ այնքան հայաստանաբնակների, որքան Սփյուռքի համար: Ուստի բնական է, որ անմիջապես առաջացավ ընդդիմախոսների հակազդեցությունը»: Մեր մյուս դիտարկմանը, թե զարմանալի էր ընդդիմախոսների այդ շարքում տեսնել ազատական գործիչներին, որոնք ոչ վաղ անցյալում նույն փաստարկներով մեղադրվում էին Ցեղասպանությունն ուրանալու մեջ՝ հայ-թուրքական հանձնաժողովի համար, Արման Նավասարդյանն արձագանքեց միայն ժպիտով՝ թերեւս չցանկանալով քննադատել իր համախոհներին՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մերժել էր Թուրքիայի առաջարկը՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, դրա փոխարեն առաջարկելով ձեւավորել միջկառավարական հանձնաժողով՝ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրների ողջ սպեկտրը ուսումնասիրելու եւ լուծումներ գտնելու համար: Հարցին, թե արձանագրե՞նք այժմ քաղաքականության փոփոխություն՝ Արման Նավասարդյանը պատասխանեց. «Չէ, սա, իմ կարծիքով, առանձին դրվագ է: Արտաքին քաղաքականության ասպարեզում հիմնարար փոփոխություններ չկան: Եվ ըստ երեւույթին՝ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած տարբերակն ավելի ճիշտ կլիներ: Հարգելով ու սիրելով հ/կ-ներին՝ ամեն դեպքում՝ միջպետական հարաբերություններում կողմնակից եմ միջկառավարական շփումներին: Հիմա դժվարանում եմ ասել, թե դա ինչպես կլինի, քանի որ սա հավասարում է շատ անհայտներով: Անհայտ է նաեւ, թե թուրքերը սրան ինչ մոտեցում կցուցաբերեն: Շատ կասկածում եմ, որ թուրքերը վերջապես կասեն, թե՝ այո, կոտորել ենք: Այս հանձնաժողովը շատ ջուր վերցնող հարց է, կարծում եմ: Որպես դիվանագիտական քայլ՝ արվեց. եկեք սկսենք, հետո կերեւա: Բայց սա ինչի՞ կհանգեցնի՝ անհայտ է: Ու մի հարց էլ կա՝ քանի ԼՂ հարցը չի լուծվել այնպես, ինչպես տեսնում են Ադրբեջանն ու Թուրքիան, վերջիններս չեն գնա սահման բացելու եւ կարգավորման որեւէ քայլի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել