Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ»

Հուլիս 26,2008 00:00

Իր եւ հայազգի կոլեգաների անունից վստահեցնում է «Համբուրգ բալետի» մենապարող Արսեն Մեհրաբյանը

Ազգային օպերային թատրոնում երեկ կայացավ «Բարեկամություն» պետական անսամբլի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Անսամբլի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը:

Միջոցառմանը պարային ողջույններով հանդես եկան եվրոպական օպերայի եւ բալետի թատրոնների բեմերը զարդարող բալետի արտիստներ Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը, Պետրոս Տերտերյանը, Արթուր Բաբաջանյանը եւ Արման Զազյանը: Ինչպես տեղեկացրել էինք ժամանակին, Եվրոպայի տարբեր թատրոնների բալետի հայ արտիստները, համախմբվելով, 2006թ. ստեղծել են «Հզոր զգացմունքներ» խումբը, որն արդեն ծանոթ է հայ հանդիսատեսին:

«Առավոտը» զրուցեց «Համբուրգ բալետի» մենապարող Արսեն Մեհրաբյանի հետ, որն այդ թատրոնում է 2000 թվականից: Դիտարկմանը՝ բալետային արվեստի երկրպագուների, ինչպես նաեւ որոշ մասնագետների շրջանում պտտվում են խոսակցություններ, որ շատ շուտով վերջին տարիներին մոդայիկ դարձած ժամանակակից բալետը դուրս կմղի դասականին, Ա. Մեհրաբյանը հակադարձեց. «Դասական բալետի սիրահարները մշտապես եղել են ու կլինեն, քանի որ այն գալիս է տարիների խորքից եւ այդ ոլորտը հայտնի է իր ե՛ւ լեգենդար արտիստներով, ե՛ւ բեմադրիչներով: Ինչ վերաբերում է ժամանակակից բալետին, այն այսօր զուգահեռ զարգանում է տարբեր ուղղություններով՝ մոդեռն, նեոկլասիկ, էքսպերիմենտալ, աբստրակտ: Ինձ հոգեհարազատ է ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից բալետը, ընդ որում, վերջին ոճում սկսել եմ իրականացնել բեմադրություններ եւ «Համբուրգ բալետում» ստացել հնարավորություն՝ բեմադրելու Ալան Հովհաննեսի «Վերջին նամակը»՝ նվիրված Արշիլ Գորկուն: Հիշեցնեմ նաեւ, որ իրականացրել էի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա «Լարի ձայնը», որը 2007-ին ներկայացրի նաեւ Հայաստանում»:

Հարցին՝ հնարավո՞ր է հայ հանդիսատեսը երբեւէ հնարավորություն ունենա «շփվելու» «Համբուրգ բալետի» հետ, արտիստն ասաց. «Իհարկե՝ այո, եթե այդ հարցը լուծվի միջկառավարական մշակութային բանակցությունների ճանապարհով», փաստելով նաեւ, որ «Հզոր զգացմունքներ» խմբի 2007թ. հայաստանյան հյուրախաղերին իրենց հետ ժամանել էին նաեւ «Համբուրգ բալետի» մենապարողներ, ազգությամբ ճապոնուհի Յուկա Օուշին, չեխ Օտտո Բուբենիչեկը, «Դրեզդեն բալետից»՝ Իրժի Բուբենիչեկը: Այն մտքի հետ, որ հայ հանդիսատեսն արդեն հույսը կտրել է հայրենիքում մշտապես տեսնելու «եվրոպացի» արտիստներին, մեր զրուցակիցը համաձայն չէ: Նրա խոսքերով. «Ես եւ կոլեգաներս, աշխատելով տարբեր թատրոններում, համագործակցում ենք հանրահայտ բալետմայստերների եւ բեմադրիչների հետ, ի վերջո, շրջագայում ողջ աշխարհը, շփվում ու վերցնում բալետային արվեստի հետ առնչվող ամեն մի մանրուք: Եվ նման «բագաժով» անպայման կվերադառնանք հայրենիք, այդ ամենը բերելով հայ բալետային արվեստ: Ինչ վերաբերում է ինձ, «Համբուրգ բալետում» որպես բեմադրիչ կատարած աշխատանքս՝ «Վերջին նամակը», «տեղափոխել» եմ «Բարեկամություն» անսամբլ: Վստահեցնում եմ՝ մինչ իմ ու կոլեգաներիս Հայաստան մշտական տեղափոխվելը, ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով կշարունակենք ներկայանալ հայրենիքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել