Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաքննությունն էլի հետաձգվեց

Հուլիս 29,2008 00:00

«Հանցագործ վարչախմբի օրերը հաշված են, պինդ մնացեք»,- երեկ հայտարարեց Սմբատ Այվազյանը:

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դռնբաց դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «սառը զենք» պահելու մեջ: Ինչպես դատական առաջին նիստի օրը, երեկ էլ դատարանի դահլիճի երկու շարքերը «զավթել» էին ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ տասնյակ աշխատակիցներ: Ի դեպ, նրանք դատարանի դահլիճ էին մտել արտոնյալի կարգավիճակով: Դատական կարգադրիչները նրանց դատարանի դահլիճ թույլ էին տվել մտնել Ս. Այվազյանի հարազատներից եւ զինակիցներից դեռ շատ առաջ, ու քանի որ դահլիճը շատ փոքր էր եւ չէր տեղավորում դատաքննությանը ներկա լինելու բոլոր ցանկացողներին, իսկ դատական կարգադրիչները նիստերի դահլիճի փոքր լինելու հանգամանքն օգտագործում էին Ս. Այվազյանի հարազատներին դատարանի շենք մուտքն արգելելու համար, ուստի՝ վերջիններս սկսեցին բողոքել եւ կարգադրիչներից պահանջել դուրս հրավիրել ոստիկանության աշխատակիցներին: Ի վերջո, որոշվեց դատական նիստն անցկացնել ավելի մեծ դահլիճում, թեեւ էլի առաջինն այդ դահլիճ մտան ոստիկանության աշխատակիցները: Շուտով պարզվեց, որ քրգործով «տուժող» ոստիկանի գործընկեր ու իրենց «լավ տղու» տեղ դրած այս ոստիկանները դահլիճում էին՝ վեճեր հրահրելու, սադրանքներ անելու համար, թերեւս, դատական նիստը դռնփակ անցկացնելու նպատակով:

Նման՝ դատարանի դահլիճում վեճուկռիվ սարքելու փորձ արեց հենց հիշյալ ոստիկանների «կուրատորը», «Առավոտի» տեղեկություններով, «քրեականի» ավագ «օպեր» Արմեն Գասպարյանը: Երբ Ս. Այվազյանի՝ դահլիճում գտնվող հարազատները մի երկու կծու խոսքեր ասացին գործով որպես «տուժող» անցնող ոստիկանին, ում նկատմամբ Ս. Այվազյանը, իբր, բռնություն էր գործադրել՝ մեքենայում եւ ձեռնաշղթաներով եղած ժամանակ, հիշյալ «տուժողի» ընկեր-կոլեգաները՝ ի դեմս նույն Ա. Գասպարյանի, հաշիվ պահանջեցին՝ էդ ո՞վ ասեց, եւ սկսեցին կարգի հրավիրել դատարանում մյուս ներկաներին:… Բանավեճը եւ դատական նիստի հարկադիր ընդմիջումը երկար կտեւեին, բայց միջամտեց Ս. Այվազյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ու դատավոր Գագիկ Ավետիսյանից պահանջեց կարգի հրավիրել իր լիազորությունների սահմանն անցնող «օպերին»: Դատավոր Գ. Ավետիսյանը Ա. Գասպարյանին զգուշացրեց, որ հաջորդ նման պահվածքի դեպքում համապատասխան միջոցների կդիմի:

Իսկ ընդհանրապես երեկ դատական նիստը երեք անգամ ընդմիջվեց. մեկը, երբ դատավոր Գ. Ավետիսյանը քննարկում էր պաշտպանական կողմի՝ Ս. Այվազյանին դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը: Երկու ընդմիջումներ էլ խնդրեց մեղադրող Հովսեփ Սարգսյանը, երբ դժվարացավ գործում եղած ապացույցները քննարկելիս պատասխանել պաշտպան Լ. Սահակյանի դիտարկմանը, ասենք՝ թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, իբր, «ահազանգ» է ստացվել Ս. Այվազյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին, բայց նրան բերման են ենթարկել եւ քննչական գործողություններ են կատարել ոչ թե ապօրինի զենք-զինամթերքով, այլ թմրամոլության եւ թրաֆիքինգի դեմ պայքարի 4-րդ վարչության աշխատակիցները:

Պաշտպանական կողմը երեկ ստիպված էր հաճախ վեր հանել քրգործում առկա քրեադատավարական կոպիտ սխալները: Հերթական մի առարկությունից հետո դատախազը հերթական ընդմիջումը խնդրեց: Դատավոր Գ. Ավետիսյանը հայտարարեց, որ դատական նիստը ընդմիջվեց մինչեւ օգստոսի 1-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել