Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԶՐՈ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Հուլիս 29,2008 00:00

Ըստ Ստեղծագործական մրցույթ առարկայի հանձնաժողովի

նախագահ Գուրգեն Գասպարյանի, «ամբողջ ուժով» քննելու դեպքում անբավարար ստացողների թիվը 50 տոկոսի կհասնի:

\"\"Երեկ ԵՊՀ-ում ստեղծագործական մրցույթ առարկայից երրորդ ու վերջին քննությունն էր: «Առավոտը» առարկայական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Գասպարյանից փորձեց պարզել, թե ինչպե՞ս են ընթացել քննությունները: Ըստ նախագահի. «Դիմորդների համար ստեղծված էին բոլոր պայմանները, որ ամեն ինչ բնականոն հունով ընթանա: Ինչ վերաբերում է քննությունների արդյունքներին ու դիմորդներին, պետք է ցավով նշեմ, որ հատկապես այս տարի դիմորդների մակարդակը զգալիորեն իջել է: Պատճառն էլ հանրակրթական դպրոցներում հումանիտար առարկաների եւ հատկապես հայոց լեզվի ու գրականության նկատմամբ վերաբերմունքն է: Բացի քերականական, ուղղագրական սխալներից, ամենամեծ թերությունը դիմորդների մտքի պարզունակությունն ու նրանց գրած անհեթեթ նախադասություններն են: Երեխաներ կան, որ ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչ է բնագիրը, ինչպես են տեքստ գրում, ինչպես պետք է այն սկսել կամ ավարտել: Կրկնում եմ, հիմնական մեղավորը մեր կրթական համակարգն է»: Պրն Գասպարյանի բառերով, դիմորդների աշխատանքները կարդալիս տպավորություն ես ստանում, որ նրանք գրականության հետ կամ ընդհանրապես ծանոթ չեն, կամ էլ շատ քիչ գիտեն: Հազվադեպ, բայց պատահում են նաեւ հաճելի բացառություններ. «Մի քանի լավ գրավորներից զգացվում էր, որ տվյալ դիմորդը ունի բոլոր հիմքերը՝ ապագայում լավ լրագրող դառնալու: Չէ՞ որ լրագրողը պետք է ունենա դիրքորոշում, վերլուծական կարողություններ, մտավոր պաշար, որպեսզի թեման կարողանա լիարժեք ու հետաքրքիր ներկայացնել ընթերցողին»:

Գ. Գասպարյանն անդրադառնալով քննությունների միասնական համակարգին՝ նշեց, որ վերջինս ունի իր դրական ու բացասական կողմերը. «Դրական է այն առումով, որ զգալի չափով ապահովում է գնահատման օբյեկտիվություն, թերությունն էլ այն է, որ դիմորդները պարզապես սերտում, անգիր են անում որոշակի չափով գիտելիքներ ու այդ շրջանակում ընդամենը պատասխանում են թեստի հարցերին: Երբեմն հայոց լեզվից քննություն հանձնած դիմորդը մեզ մոտ անբավարար է ստանում, որովհետեւ գլուխը դատարկ է, չի կարողանում մտքերը շարադրել: Դատարկ գլուխները անգիր անելու, սերտելու համար շատ լավ են, բայց ստեղծագործելու համար՝ չարիք: Նոր համակարգը գուցե գիտելիքներ ստուգելու առումով հեշտ է, բայց այն, ըստ էության, չի ավելացնում մարդու մտահորիզոնը, ինչն էլ կոնկրետ մեր առարկայի համար շատ կարեւոր է»:

Դառնալով դիմորդների բացակայություններին, պրն Գասպարյանը հայտնեց, որ առաջին երկու քննության ժամանակ բացականերն ընդամենը 7-ն էին, իսկ երեկ՝ 8-ը, ինչն էլ բնական համարեց, որովհետեւ, ըստ նրա, վերջիններս, հավանաբար, մյուս քննություններից անբավարար ստացողներն էին: Հետաքրքրվեցինք, թե քննությունների ժամանակ ամենաբարձր միավորը ո՞րն է եղել: «20 միավոր ստացողներ չեն եղել: Ամենաբարձր միավորը եղել է 18-ը, որն էլ ընդամենը մեկ հոգի է ստացել: Մեկ-երկու հոգի ստացել են 16, 4-5 հոգի՝ 15, մյուսները՝ 8-12 միավոր: Անբավարարների թիվը շատ է. կազմում է դիմորդների 30 տոկոսը, որը վատ ցուցանիշ է»,- հնչեց պատասխանը: Աշխատանքների բողոքարկման մասին էլ հանձնաժողովի նախագահն ասաց, որ եղել է ընդամենը 6 դեպք ու ոչ մեկում էլ գնահատականը չի փոխվել, որովհետեւ հիմնական բողոքարկողները 0 միավոր ստացողներն էին. «Իսկ զրոն դրական դարձնելը բավականին դժվար է: Բողոքարկման կարգի համաձայն, գրավորը վերստուգվում է ավելի խիստ ձեւով: Հնարավոր է այնպես լինի, որ գնահատականը իջնի: Պետք է նշեմ, որ գնահատման չափանիշները մենք հնարավորինս մեղմացրել էինք, նկատի ունենալով դիմորդների մակարդակը, բայց եթե ամբողջ ուժով քննեինք, ապա անբավարար կստանար ոչ թե 30, այլ 50-60 տոկոսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել