Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՄՈՒԼՅԱՆՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ»

Հուլիս 30,2008 00:00

\"\"Անպատրաստ ներկայացած, հիվանդ ձեւացող դիմորդների մասին նման կարծիքի է հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը:

Երեկ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում հայոց պատմության գրավոր եւ ռուսաց լեզվի բանավոր քննություն էր: «Առավոտը» երկու առարկաների հանձնաժողովի նախագահներից էլ հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում քննությունները: Հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի «հնաբնակ» նախագահ Էդիկ Գեւորգյանը երեկ նշեց, որ քննության իններորդ օրն է ու այն ավարտվելու է օգոստոսի 4-ին: Նաեւ հայտնեց, որ բողոքարկումների օրը օգոստոսի 6-ն է: Ըստ Է. Գեւորգյանի՝ «Քննությունները հիմնականում ընթացել են նորմալ, կազմակերպված, հանգիստ պայմաններում: Ընդհանուր առմամբ դիմորդների պատրաստվածության մակարդակը եղել է միջին եւ միջինից ցածր, այսինքն՝ ծայրահեղությունները համեմատաբար շատ են»: Է. Գեւորգյանը ասաց նաեւ, որ առայսօր ամենաբարձր՝ 18,5 միավոր ստացել է ընդամենը երկու հոգի: Իսկ ինչ վերաբերում է «անբավարար» ստացողներին, նախագահի խոսքով. «Քննության առաջին վեց օրերին «անբավարար» ստացողների թիվը հասնում էր 31-32 տոկոսի, հետո մի քիչ նվազեց, բայց ցավոք այժմ դիմորդների 20-22 տոկոսն օրական «անբավարար» է ստանում: Բացակաների վերաբերյալ էլ նշեմ, որ վերջիններիս թիվն անհասկանալի պատճառով շատ-շատ է, օրական 125-130 հոգուց 16-18 բացակա է լինում, օրինակ՝ այսօր 18 դիմորդ չի ներկայացել»: Է. Գեւորգյանի փոխանցմամբ, եթե այս տարվա քննությունները ն համեմատենք նախորդ տարվա հետ, ապա. «Հիմնականում մարզերից եկած դիմորդները, որոնք միասնական քննության արդյունքում բավականին բարձր միավորներ էին ստացել, այստեղ «անբավարար» են ստանում: Տատանումները շատ են, իսկ համեմատություն նախորդ տարվա հետ չեմ կարող անել, որովհետեւ քննությունները դեռ չեն ավարտվել: Մինչ այսօր մեր գիտությամբ բժշկի կողմից ընդամենը վեց հոգի է ազատվել քննությունից՝ հիվանդության պատճառով: Ցավոք, հաճախ շատ դիմորդներ պարզապես դիմում են սիմուլյանտության: Գալիս են անպատրաստ ու փորձում այստեղ դերասանական արվեստ բանեցնել»:

Ռուսաց լեզվի հանձնաժողովի նախագահ Պավել Բալայան էլ հայտնեց, որ երեկ իրենց քննության չորրորդ՝ վերջին օրն էր ու բոլոր օրերին էլ քննություններն անցել են նորմալ: Նա անդրադառնալով դիմորդների պատրաստվածության մակարդակին, փաստեց. «Դիմորդների մոտ 30 տոկոսն ամեն օր «անբավարար» է ստանում: Ցավոք, տարեցտարի դիմորդների քանակն ավելանում է, որակը՝ ոչ, ինչի վկան 30 տոկոս «անբավարարներն» են: Լավ երեխաներ էլ կան, բայց շատ քիչ են»: Պ. Բալայանը նշեց, որ միջին միավորը եղել է 12-16, իսկ ամենաբարձրը՝ 19: Այս տարի 20 միավոր ստացող չի եղել, իսկ որպեսզի դիմորդը 20 ստանա, պետք է պատասխանի նաեւ հանձնաժողովի նախագահի բոլոր հարցերին: «Քննություններն ընթանում են երկու լսարանում, իսկ մեր հանձնաժողովը կազմված է վեց հոգուց: Օրական քննություն է հանձնել 61 հոգի, քննություններն անցկացվում են երկու հերթով: Իսկ ինչ վերաբերում է բացակա դիմորդներին, ապա նշեմ, որ ընդամենը մեկ օր բացակայել են երկու հոգի»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել