Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼՈՐԴ Է»

Հուլիս 30,2008 00:00

\"\"Թուրք գործարար Մահմուդ Կիզիլգուլը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան ինքնուրույն կարող են լուծել իրենց խնդիրները:

Ազգությամբ թուրք, Անթալիայում 3 հյուրանոցների կառավարիչ Մահմուդ Կիզիլգուլը իրեն համարում է հայերի բարեկամը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ունի բազմաթիվ հայ ծանոթներ. «Հայ ընկերներ ունեմ, որոնք Երեւանում տուրիստական կազմակերպություններ ունեն, մենք համագործակցում ենք: Նրանք հայերի խմբեր են բերում Անթալիա, որոնք իրենց հանգիստն անցկացնում են այն հյուրանոցներում, որտեղ ես եմ աշխատում: 19 տարեկանից աշխատել եմ հյուրանոցներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, շատ-շատ շփվել տարբեր ոլորտներում աշխատող հայերի հետ ու վերջապես եկել այն եզրահանգման, որ հայերն ու թուրքերը շատ նման են, երկուսն էլ մի քիչ ցուցամոլ են, հյուրասեր ու մի քիչ էլ մեծամիտ»: Մ. Կիզիլգուլը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասաց, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե «վերեւներում» ինչ որոշումներ են կայացնում երկու երկրների ղեկավարները: «Հավաստիացնում եմ, որ Թուրքիայում նոր սերունդը հայերի հանդեպ ամենեւին չարությամբ չի լցված: Կարծում եմ՝ թուրքերի մասին նույն կերպ են մտածում նաեւ հայ երիտասարդները: Մեր եւ ձեր երկրների ղեկավարները պետք է հնարավորություն տան հայ եւ թուրք երիտասարդներին, որպեսզի նրանք էլ խառնվեն քաղաքականությանը: Հատկապես սահմանի բացման կամ հողային հարցերում երիտասարդներն ավելի սթափ կլինեն: Ինչո՞ւ ձգձգել կամ շարունակել հազար տարվա թշնամանքը… Եվ հայերը, եւ թուրքերը շատ խելացի են, մենք կարող ենք միասին բարձունքներ գրավել: Եվրոպան էլ պետք է հասկանա, որ առանց իր միջամտության էլ են հարցեր լուծվում: Ես ժամանակին քաղաքագիտություն եմ ուսումնասիրել ու համոզված եմ, որ ավելի ճիշտ կլինի մեր ներքին հարցերը ինքնուրույն լուծենք, քան ապավինենք այլոց խորհուրդներին: Կարծում եմ՝ այս կարծիքին են նաեւ հայերը, որովհետեւ քաղաքականության մեջ երրորդ կողմը միշտ էլ խանգարել է»,- ասում է Մահմուդը:

Նա պատմեց, որ հայ ընկերոջ նվիրած Հայաստանը նկարագրող DVD-ներն իրեն հիացրել են ու շատ է ուզում Հայաստանն իր աչքով տեսնել. «Հրաշք բնություն ունեք, սքանչելի տեսարժան վայրեր: Էլ չեմ խոսում Երեւանի մասին: Որոշել եմ այս տարի գոնե ձմռանը Հայաստան գալ ու մեկ ամիս ապրել Երեւանում, ինչի մասին էլ արդեն 6 տարի երազում եմ: Առաջ չէի համարձակվում մտածել Հայաստան գալու մասին, վախ կար մեջս, այնպիսի տպավորություն ունեի, որ պատերազմը շարունակվում է ու եթե գամ, ապա գերի կընկնեմ: Երբ մտերմացա հայերի հետ, իմ բոլոր այս անհեթեթ տագնապները ցրվեցին: Ցավում եմ, որ ամռանը չեմ կարող ձեր երկիր այցելել, որովհետեւ աշխատանքս խանգարում է: Ամեն դեպքում կարեւորը ոչ թե եղանակն է, այլ երազանքը»: Մ. Կիզիլգուլը նաեւ ասաց, թե իր հայ ընկերներն արդեն գիտեն, որ եթե ուզում են իրեն ինչ-որ բան նվիրել, ապա դա պետք է լինի հայ երգիչների CD-ների, DVD-ների ու հայկական կոնյակի տեսքով: Մահմուդը նմանություններ է տեսնում ոչ միայն հայերի ու թուրքերի կենցաղների, այլեւ մշակույթների միջեւ ու հավելում. «Ինձ շատ դուր են գալիս հայկական հանգիստ մեղեդիները, չնայած ձեր գեղեցկատես երգչուհիների ռիթմիկ երգերն ու պարերը եւս հաճելի են: Որոշ հայկական երգեր լսելիս երբեմն ինձ թվում է, որ մենք նույն երգն ենք երգում՝ ուղղակի տարբեր լեզուներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել