Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՅՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ԳԱ»

Հուլիս 30,2008 00:00

\"\"Կոմունիստները վերապահումներ ունեն հայ-թուրքական սահմանի բացման առիթով

«Ես համոզված եմ, որ Գյուլը Հայաստան չի գա: Գյուլը հասկանում է, որ Հայաստան գալով եւ համապատասխան տրիբունայում ֆուտբոլ նայելով՝ անկախ նրանից, թե ով կլինի խաղի հաղթողը, հիմքում ցեղասպանության հարցեր կան եւ վերջնական նպատակը դա է»,- ասում է Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը: Մեր զրուցակիցը փաստում է, որ այդպիսով Թուրքիան իրեն կդնի խաղից դուրս վիճակում եւ «դիպուկ հարվածը սեփական դարպասը կուղարկի»: Բայց Հայաստանի իշխանություններից էլ նրբանկատ վերաբերմունք է պահանջում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: «Աշխարհի շատ ու շատ երկրներ պետական մակարդակով, օրենսդիր մարմինների միջոցով դատապարտող որոշումներ են ընդունում, կարծիքներ են արտահայտում հայերի ցեղասպանության վերաբերյալ՝ այդ հարցում Հայաստանից այնպիսի իմպուլսներ պիտի հնչեն, որոնք տրամադրեն մյուս երկրներին էլ, ոչ թե անորոշություն առաջացնեն եւ հարցը հետաձգվի»,- ասում է ընկեր Թովմասյանը:

Այս համատեքստում է, որ կոմունիստները ճիշտ չեն համարում հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները եւ, ընդհանրապես, դեմ են այդ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: «Էրդողա՞նն է միամիտ, Գյո՞ւլը, թե՝ Սերժ Սարգսյանը, որ չգիտեն, թե մեջտեղում ինչ կա. սահմանը կբացեն առանց նախապայմանի եւ ամեն ինչ կվերջանա»,- հեգնում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ Հայաստանի ղեկավարության կողմից ցուցաբերվող այս մոտեցումը «մանկական» որակելով եւ փաստելով, որ դա հարիր չէ մեր երկրի իշխանությանը:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս են կոմունիստները պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր կարծիքով՝ նախ եւ առաջ պետք է բարձրացվեր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը: Նրա համոզմամբ, հենց այդ հարաբերությունները Հայաստանի համար կարող են երաշխիք հանդիսանալ, քանի որ անկախ ամեն ինչից, հայերը Թուրքիայի հետ ազգի բնաջնջման խնդիրներ են ունեցել եւ վերջին 20 տարիների ընթացքում էլ Թուրքիան բացահայտ կանգնել է Ադրբեջանի թիկունքին եւ ամեն կերպ փորձել ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, իսկ «մենք հայտարարում ենք՝ պատրաստ ենք առանց նախապայմանի, այն էլ տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս մնալուց հետո»:

Ընդհանրապես, կոմունիստները լուրջ վերապահումներ ունեն հայ-թուրքական սահմանի վերաբացման առիթով: Մեր զրուցակիցը, իհարկե, չի անտեսում այդ ուղղությամբ հեռանկարների զարգացումը, բայց նաեւ լուրջ մտավախություններ ունի. «Շրջափակման միջոցով այսօր ճնշում են գործադրում, որպեսզի հրաժարվենք ցեղասպանությունից, ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ես չգիտեմ, արդյո՞ք հետո էլ ճնշում չի գործադրի, որպեսզի Հայաստանը ճանաչի Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ամեն դեպքում, պետք է նկատի առնենք, որ մեր հարեւանը անկանխատեսելի երկիր է»:

Ռուբեն Թովմասյանի վերապահումները սահմանի բացման առիթով նաեւ տնտեսական հիմքեր ունեն. «Շրջափակման պարագայում Հայաստանից Թուրքիա է արտահանվել 748 հազար դոլարի ապրանք, իսկ ներկրվել է 74 միլիարդ դոլարի ապրանք: Սահմանները բացելուց հետո հայկական շուկան ուղղակի ոտնատակ կգնա թուրքական էժանագին ապրանքներին, կխփի տեղական արտադրությանը: Չի կարելի ոտքի վրա հայտարարություններ անել: Թուրքիայի հետ պետք է չափից ավելի զգույշ լինել»: Իսկ նախ եւ առաջ՝ երկրի իշխանությանը խորհուրդ է տալիս լուրջ քայլեր անել երկրի ներքաղաքական կյանքը բարելավելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031