Լրահոս
Օրվա լրահոսը

«Տկզարին» մոռացել են

Օգոստոս 02,2008 00:00

\"\"Մինչդեռ նվագախումբն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով

Հայաստանի շնչական (փողային) նվագարանների «Տկզար» պետական նվագախումբը վերջերս վերադարձավ Ալավերդի, Սպիտակ, Վանաձոր կատարած համերգային ուղեւորությունից: Երեւանյան հայտագրերն էլ վերջին տարիներին չեն դադարում հրավիրել այս կոլեկտիվի համերգներին, սակայն հայաստանյան հեռուստաընկերությունները կարծես մոռացել են «Տկզարի» գոյության մասին, բացառությամբ առավոտյան «բարի լույսերին» որոշ կցկտուր տեղեկություններ հաղորդելուց:

Հիշեցնենք, որ 1980թ. Կարլեն Միրզոյանի կողմից ստեղծված կոլեկտիվը տարիներ շարունակ աշխարհին ներկայացրել է հայ ազգային երգն ու երաժշտությունը: «Տկզարը» ժամանակին հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Ավստրիայում, Կանադայում, Շվեդիայում, Սիրիայում եւ այլուր:

2001թ. երբ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Կ. Միրզոյանը շնչական նվագարանների պրոպագանդման առաքելությամբ տեղափոխվեց ԱՄՆ, նրան փոխարինում էր դուստրը՝ Արմինե Միրզոյանը, որը 1993-ից անդամագրվել էր կոլեկտիվին՝ որպես բլուլահար եւ մեներգչուհի:

«Առավոտի» հետ զրույցում Ա. Միրզոյանը՝ TV-ների կողմից իրենց անուշադրության մատնելու պատճառը փորձեց արդարացնել միայն գովազդի բացակայությամբ եւ վերջին տարիներին մշակույթի նախարարների հաճախակի փոփոխությամբ. «Մեր վերջին արտերկրյա ուղեւորությունը եղել է 2001-ին՝ Գերմանիա, սակայն երբեք չեն դադարել «Տկզարի» համերգները ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, այժմ էլ նախատեսված են համերգներ Աշտարակում, Թալինում, Օշականում եւ Ապարանում: Այնպես որ, «Տկզարը» հայրենիքում ապրում է ստեղծագործական եւ համերգային բուռն կյանքով»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ աշնանը հայրենիք կժամանի նվագախմբի հիմնադիրը՝ Կ. Միրզոյանը եւ կմեկնարկեն «Տկզարի» մասին պատմող ֆիլմի նախապատրաստական աշխատանքները. «Նկարահանումները կսկսվեն 2009-ին եւ կավարտվեն 2011-ին: Նշեմ, որ ֆիլմում՝ հանձին «Տկզարի», մասնավորապես՝ երիտասարդները կծանոթանան հայկական շնչական նվագարաններին (սանթուր, սրինգ, պկու, բլուլ, զուռնա, պարկապզուկ, նաղարաններ եւ այլն): Կուզենայի, որ, ինչպես ժամանակին, այսօր էլ «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» ծրագրերում դասական արվեստի կողքին ներկայացվեին նաեւ մեր հնագույն նվագարանները, որպեսզի աշակերտները գոնե տեսողականով ճանաչեին դրանք: Չէ՞ որ 1906թ. Փարիզի համաշխարհային գիտաժողովում Կոմիտասն ասել է՝ շնչական նվագարանը հայ երաժշտության հիմնաքարն է, եթե կատարելագործվի այս նվագն իր զանազան սեռերով, վստահ եմ, որ մենք կունենանք այն տեսակ շնչական նվագուրդ մը, որն ընդունակ է բնությունն արտահայտելու իր զանազան գույներով, կյանքն իր շարժումներով, միտքն իր սեփական խորհուրդներով եւ սիրտն իր իսկական հուզումներով: Փառք Աստծո, Վարդապետի երազանքը վաղուց իրողություն է… Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ «Տկզարի» համերգային ծրագրերում ընդգրկված են ժողովրդական, գուսանական, հարսանեկան մանրանվագներ, ինչպես նաեւ հայ դասական հեղինակների երգ ու երաժշտություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել