Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵՑ ՖԻԶԻԿԱՅՈՎ

Օգոստոս 02,2008 00:00

\"\"Այս առարկայից երեկվա դրությամբ 20 միավոր դեռ չի արձանագրվել

Երեկ ՀՊՃՀ ֆիզկուլտուրայի ամբիոնում ֆիզիկայի բուհական ընդունելության հերթական քննությունն էր, որի ընթացքին ծանոթանալու համար քննական կենտրոն էին այցելել նախագահ Սերժ Սարգսյանն ու ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Քննասենյակներում շրջելուց հետո ՀՀ նախագահը մի քանի րոպե պատասխանեց դիմորդների ծնողներին հուզող հարցերին, սակայն լրագրողների հետ չշփվեց:

Ս. Սեյրանյանի խոսքերով. «Քննությունների ավարտին մնացել են հաշված օրեր, իսկ այս պահին կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, քննություններն անցել են հաջողված, կազմակերպչական առումով նորմալ, ընթացքում չեն եղել այնպիսի միջադեպեր, որոնք կխանգարեին քննության նորմալ ընթացքին: Ծնողների, դիմորդների շրջանում դժգոհություններ չունեցանք: Բովանդակային առումով էլ ասեմ, որ այս պահի դրությամբ մի շարք առարկայական հանձնաժողովներում չկան 20 միավոր ստացողներ, 18-20 միավորներն էլ շատ փոքր թիվ են կազմում, իսկ այս տարվա ամենատարածված միավորները 14-14,5-ն են: Կարծում եմ, այս տարի մի շարք առարկաների գծով մրցութային անցողիկ շեմը կիջնի»: Ս. Սեյրանյանի ձեւակերպմամբ, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մասնագետների լուրջ վիճաբանություն, քննարկում՝ քննությունների, հարցատոմսերի առումով չի եղել, իսկ հանրապետական ընդունող հանձնաժողովը գոհ է քննությունների ընդհանուր օբյեկտիվության մակարդակից. «Դրա ամենացցուն արտացոլումը բողոքարկումների աննախադեպ փոքր քանակն է: Դա նշանակում է, որ մի կողմից հանձնաժողովները նույն չափորոշիչներով օբյեկտիվորեն քննել են քննության առաջին օրվանից մինչ այսօր, որովհետեւ գնահատման չափորոշիչների մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել եւ, որ ամենակարեւորն է՝ դիմորդները զգում են, որ իրենց ստացած գնահատականը ռեալ արտահայտում է իրենց գիտելիքների մակարդակը»:

Նա նաեւ նշեց, որ միասնական քննություններից բացակա դիմորդների համար հետաձգված լրացուցիչ քննություններից հետո կանխատեսվում էր ու նաեւ մտահոգություն կար, որ քննությունների վերջին օրերին դիմորդների գնահատականների կտրուկ աճ արձանագրվի, բայց կանխատեսումները չիրականացան. «Ճիշտ հակառակ պատկերն էր: Լրացուցիչ քննություններում միջին միավորը շատ ավելի ցածր էր, քան բուն քննությունների ընթացքում: Չարձանագրվեցին կանխատեսված բարձր գնահատականներ, 20 միավոր գրեթե չկա, 18-20 միավորներն էլ մի քանի անգամ քիչ են, քան նույն հարաբերակցության մեջ նախորդ քննությունների ժամանակ ու այժմ էլ ես համոզված եմ, որ որեւէ էական փոփոխություն չի կարող լինել: Ինչ վերաբերում է բարձր միավորների քիչ լինելուն՝ ասեմ, որ պարզապես չափորոշիչներն ենք խիստ սահմանել, որովհետեւ գտնում ենք, որ եթե դիմորդն այս կամ այն առարկան ընդունել է որպես իր հիմնական մասնագիտություն, ապա այդտեղ բարձր միավորներ ստանալը պետք է լինի միայն այդ մասնագիտությամբ խորացող դիմորդների մենաշնորհը»: Նախարարի փոխանցմամբ, քննական վերջին օրվանից՝ օգոստոսի չորսից երեք օր հետո, երբ ավարտվեն բողոքարկումներն ու կրկնակի բողոքարկումները, հավանաբար օգոստոսի 13-14-ը կփակցվեն բուհեր ընդունվածների ցուցակները:

Ֆիզիկա առարկայի հանձնաժողովի նախագահ Ռոման Ալավերդյանն էլ ասաց. «Գիտելիքների առումով՝ նախորդ տարիների համեմատությամբ, առանձնապես մեծ փոփոխություններ չկան: Առայսօր ֆիզիկայի քննությանը մասնակցել է 2000-ից ավելի դիմորդ, ու ամենաբարձր միավորն էլ եղել է 19,8-ը: Ցավոք, դեռեւս 20 միավոր չի արձանագրվել: Ինչ վերաբերում է բացականերին՝ նշեմ, որ քննության առաջին օրերի համեմատ դրանք աստիճանաբար նվազել են: Եղել են բողոքարկման դեպքեր, որոնց թիվը նախորդ տարիների համեմատ նույնպես պակաս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել