Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋԵՑ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ խորհրդարանի այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն: Այս օրինագծի առնչությամբ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը: Հայտարարության մեջ արձանագրված է, որ օրինագիծը նախատեսում է լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալի շեշտակի ավելացում՝ 240 մլն խորանարդ մետրի փոխարեն 360 մլն խմ, որ իսպառ բացակայում են բնապահպանական խնդիրներին վերաբերող փորձագիտական գնահատականները, որ բազմաթիվ մասնագետների գնահատականներով, դա կործանարար հետեւանքներ կունենա բնապահպանության առումով: Նաեւ գրված է. «Ընդհանուր առմամբ մութ է մնում հսկայածավալ ջրի բացթողնմամբ Սեւանի մակարդակը մոտ 40 սմ-ով իջեցնելու այս ծրագիրը։ Հիդրոկայաններում էժան էլեկտրաէներգիա ստանալով բյուջեի պակասը լրացնելու առումով դա չնչին արդյունք կարող է տալ։ Գյուղատնտեսության մեջ ոռոգման ջրի օգտագործման պիկը վաղուց անցել է։ Մնում է ենթադրել, որ հանցավոր այս քայլը կատարվում է ինչ-որ մարդկանց կամ մարդկանց խմբերի անհատական շահերից ելնելով։ Սեւանի նախագծային մակարդակով բարձրացմանը չի կարող խոչընդոտել առափնյա կառույցների գոյությունը, որոնք կարող են հայտնվել ջրի տակ։ Եթե դրանց համար ժամանակին կատարվել են ապօրինի հողհատկացումներ, ապա պատասխան պետք է տան մեղավորները, իսկ օրինական շինությունների դիմաց դրանց տերերը պետք է համարժեք փոխհատուցում ստանան։ Ոչ մեկի անձնական շահը կամ բիզնեսը չի կարող գերադասվել համաժողովրդական հարստությանը՝ Սեւանա լճին ու նրա հետ կապված բնապահպանական խնդիրներին։

Ելնելով վերոշարադրյալից՝ Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է դադարեցնել նշված օրինագծի քննարկումը խորհրդարանում, Սեւանա լճին վերաբերող որեւէ օրինագիծ շրջանառության մեջ դնել միմիայն լուրջ բնապահպանական փորձագիտության հիման վրա եւ հասարակական շահագրգիռ ու բաց քննարկումից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031