Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

Վարկ՝ կաշառքի համա՞ր

Որպեսզի ընտրակաշառքի գումարը «քչություն չանի», Վարդենիսի քաղաքապետը դիմել է խոշոր բանկերից մեկին՝ վարկ ստանալու համար:

Վարդենիսի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են 2 ամսից, սակայն գործող քաղաքապետ Վարդան Բարսեղյանն արդեն սկսել է ընտրակաշառքներ բաժանել: Թեեւ մինչ օրս Վ. Բարսեղյանն իրեն դիմողներից գրեթե ոչ ոքի խնդրանքին չի ընդառաջել ու մի լումայի օգնություն անգամ չի ցուցաբերել, այժմ, ըստ վարդենիսցիների, նա մարդասեր է դարձել եւ աջուձախ բարեգործություններ է անում՝ ուսանողների ուսման վարձն է տալիս, բնակիչների բուժման համար նախատեսված ծախսերն է հոգում, դեղերի գումար է տալիս ու անգամ շատ համբերատար լսում է բոլորի բողոքներն ու դժգոհությունները: Քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկի վստահեցմամբ, հոկտեմբերին ավելի մեծ ծավալի ընտրակաշառքներ բաժանելու համար Վ. Բարսեղյանը, վարկ ստանալու խնդրով, դիմել է հայտնի բանկերից մեկին: Նշենք, որ ՀՀԿ անդամ Վ. Բարսեղյանը նախկինում ՕԵԿ-ական է եղել եւ լքել է ՕԵԿ շարքերն այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը իշխանությունների հետ «լեզու չէր գտնում»: Վարդենիսցիների պատմելով. «Վարդան Բարսեղյանը մի ժամանակ վեր-վեր էր թռնում իր մարզպետ եղբոր՝ Ստեփան Բարսեղյանի անունով, բայց հիմա, երբ եղբայրն այլեւս մարզպետ չի, հույսը դրել է հարազատ կուսակցության, մասնավորապես՝ ՀՀԿ Վարդենիսի տարածքային խորհրդի նախագահ Սամվել Խաչատրյանի (Խրյուշ) վրա»: Մեր տեղեկություններով, Վ. Բարսեղյանի թեկնածությունն առաջ տանելու եւ քաղաքապետի մյուս թեկնածու՝ հանրապետական Վոլոդյա Խլոյանին «չեզոքացնելու» համար, Ս. Խաչատրյանը իշխանական օղակներում լուրեր է տարածում, որ Վ. Խլոյանը թեեւ մանդատով իրենց կուսակցությունից է, բայց հոգով լեւոնական է եւ լուրջ համագործակցում է ՀՀՇ-ի հետ: Նշենք, որ Վ. Խլոյանը Վարդենիսի նախկին քաղաքապետն է:

Գործող քաղաքապետ Վարդան Բարսեղյանի գործերով վարդենիսցիներն առանձնապես ոգեւորված չեն. «Իր քարոզարշավի փողերը մեզանից է հավաքում: Քաղաքապետարանից մի տեղեկանք ստանալու համար 5 հազար դրամ են ուզում: Իսկ երբ մի փոքր հողակտոր ենք ուզում, էն էլ վարձակալությամբ, որ մի բան ցանենք ու յոլա գնանք, ասում է, ազատ հող չկա, բայց բոլորն ինքն է վերցրել ու համարյա 70 հա հողատարածք ունի»: Վարդենիսցիների հավաստմամբ՝ կարտոֆիլի սերմը, որը որպես օգնություն պետք է բաժանվեր, քաղաքապետը հատուկենտ մարդկանց է տվել, այն էլ՝ իր հարազատներին, իսկ օգնության մեծ մասը իր դաշտերում է ցանել: Գործող քաղաքապետից դժգոհ են անգամ նրա հարազատները, որոնք հավաստիացնում են, որ այս անգամ Վ. Բարսեղյանին ձայն չեն տալու. «Էս 3 տարվա ընթացքում ի՞նչ լավ բան է արել, որ նորից ձայն տանք»:

Ընտրակաշառքներ բաժանելու եւ համաքաղաքացիներից գումար կորզելու վերաբերյալ «Առավոտի» հարցին Վարդան Բարսեղյանը պատասխանեց. «Ոչ մի նման բան չկա, ես վարկի կարիք չունեմ: Հողամասեր ունեմ, որոնցից ստացված եկամուտն ինձ լրիվ բավարարում է: Տեղեկանքների համար 5 հազար դրամ վերցնելը հերյուրանքներ են, մարդիկ հողի պարտքեր ունեն, գալիս են քաղաքապետարան՝ խնդրում են, որ իրենցից այդ գումարը վերցնենք, մենք էլ պարտքը վերցնում ենք, չեկը տալիս ու ճամփու դնում»: Ինչ վերաբերում է 70 հա հողատարածք ունենալուն, պարոն Բարսեղյանը վստահեցրեց, որ ընդամենը 30 հա կարտոֆիլի ցանքատարածք ունի. «1992-ից քրտնաջան զբաղվել եմ հողագործությամբ եւ ընդամենը 1 հեկտարից տարեցտարի մեծացրել եմ իմ հողը»: Իրեն ձայն չտվող հարազատների առնչությամբ էլ քաղաքապետն ասաց. «Գյուղ կա՞, որ… նման մարդիկ չլինեն, հարազատների մեջ էլ նման մարդիկ կլինեն: Շատ հարազատներ ունեմ, կարող ա, եսիմ ինչ հեռավոր բարեկամ կանգնի ու ասի, որ ինձ չի ընտրելու, ի՞նչ անենք, թող չընտրեն: Այսօր մարդուն ընտրում են ինչ-որ հարց լուծելու համար, եթե չես օգնում, բնական է, կմտածեն, որ չուզեցի դա իրենց համար անել: Դրա համար էլ չեն ուզում ինձ ձայն տալ»:

Մեր տեղեկություններով, Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար, բացի գործող եւ նախկին հանրապետական քաղաքապետերից, պատրաստվում են պայքարել եւս 2 հոգի՝ հանրապետական գործարար Վարդան Երանոսյանը ու նաեւ մի անկուսակցական, որը քաղաքում կանաչեղենի մի փոքրիկ կրպակի սեփականատեր է: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ Վարդենիսի տարածքային խորհրդի նախագահ Սամվել Խաչատրյանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ով կլինի իրենց նախընտրած թեկնածուն, քանի որ խորհրդի նիստը դեռ չի եղել:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031