Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ

Օգոստոս 21,2008 00:00

«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ օգոստոսի 18-ին կատարված հարձակման կապակցությամբ երեկ տարածվել են մի շարք հայտարարություններ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Վերջին ամսվա ընթացքում հաճախակի են դարձել լրագրողների նկատմամբ բռնությունները, ինչի կապակցությամբ բազմիցս կոչ եմ արել իրավապահ մարմիններին առավել հետեւողական լինել մեղավորներին բացահայտելու գործում, քանի որ նշված երեւույթները սպառնում են երկրում խոսքի ազատության կայացմանը»: «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունում իրենց մասնագիտական պարտքը ազնվորեն կատարող լրագրողների եւ ընդդիմադիր հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվող անպատիժ բռնություններն ու հարձակումները նորություն չեն, բայց վերջին շրջանում դրանք դարձել են շատ ավելի հաճախակի»: Իսկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանի հայտարարության մեջ նշված է. «Հրաչ Մելքումյանի հանդեպ իրականացված բռնարարքը հաստատում է մեր առաջարկը, որ հրատապ անհրաժեշտություն կա Հայաստանում ստեղծել «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհուրդ»: Այս անգամ բիրտ ուժի կիրառման թիրախ է ընտրվել Հայաստանի թերեւս ամենահամեստ լրագրողներից մեկը: Միաժամանակ, կարծում ենք, որ այս բռնարարքն իրականացվել է վրաց-ռուսական հակամարտության շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ազատություն» ռ/կ-ն վրաց-ռուսական հակամարտության թեժ օրերի ամենաօպերատիվ եւ օբյեկտիվ տեղեկատվություն էր տարածում Հայաստանի քաղաքացիներին: Ուղղակի որոշ ուժեր որոշել են նաեւ այս ձեւով իրենց նվիրվածությունը ցուցաբերել Ռուսաստանի իրենց գործընկերներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել