Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ԿԱ՝ ԱՐՎԵՍՏ ԿԱ, ՓՈՂ ՉԿԱ՝ ԱՐՎԵՍՏ ՉԿԱ

Օգոստոս 21,2008 00:00

Հայտարարում է նկարիչ-մոդելավորող, 2004 եւ 2007թթ. ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Գեւորգ-Ռենե Վարդանյանը:

Երիտասարդ նկարիչ-մոդելավորող Գեւորգ-Ռենեն նորաձեւության ոլորտում է շուրջ 10 տարի: Սկսած 1996թ., նա եզակի արվեստագետներից է, որը զբաղվում է ոչ միայն հագուստի, այլեւ գլխարկի եւ կոշիկի նորաձեւությամբ: Բազմիցս իր աշխատանքները ներկայացրել է տարբեր ցուցադրություններում, այդ թվում՝ «Նորաձեւության շաբաթ Հայաստանում», «Ռուսսկի սիլուետ», «Գլխարկներ»:

«Առավոտի» հետ հանդիպման ընթացքում Գեւորգ-Ռենեն քանիցս արտահայտեց հետեւյալ միտքը. փող կա՝ արվեստ կա, փող չկա՝ արվեստ չկա, ասածն արդարացնելով հետեւյալ կերպ. «Ներկա ժամանակներում աշխարհի հիմքը դրամական համակարգն է՝ կապիտալիզմը, որտեղ փողը գերագույն դիրք ունի եւ ամեն ինչ չափվում է դրանով: Ճիշտ է, եղել են ժամանակներ, երբ գերակա չափորոշիչը եղել է պատվի, արժանապատվության խնդիրը, ինչպես, օրինակ՝ Սպարտայում, ազնվատոհմիկ ընտանիքներում… Պատմությունից մեզ հասել են օրինակներ, թե որոշ պատվախնդիր մարդիկ «զոհվել» են՝ իրենց պատիվը փրկելու կամ պահելու համար: Մյուս կողմից, Միքելանջելոյին, Պիկասոյին, Դալիին, հայտնի կուտուրյեներ Դիորին, Կարդենին ֆինանսավորել են, նույնն է, թե՝ առանց ֆինանսական հենք ունենալու նրանք պարզապես չէին ստեղծագործի: Գոնե ես այսպես եմ հասկանում»: Դիտարկմանը՝ ըստ մեր տեղեկությունների, հասել եք նրան, որ ունեք սեփական արտադրություն, արվեստագետը փոքր-ինչ ուղղեց, ասելով, որ ունի ընդամենը արհեստանոց-արվեստանոց: Իսկ հարցին՝, թե դա այսօր կարելի՞ է համարել «նվաճում», Գեւորգ-Ռենեն պատասխանեց. «Հայաստանյան իրականության մեջ դիզայներներից, մոդելավորողներից, ոճաբաններից յուրաքանչյուրն աշխատում է իր համար, իր հնարավորությունների չափով: Իսկ եթե ունենայի, օրինակ, Դիորի նման նորաձեւության տուն…»:

Նշելով, որ արվեստագետի ծառայություններից օգտվում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, հարցրինք՝ նրանցից առաջարկ չի՞ եղել ընդլայնելու իր գործունեությունը: Մեր զրուցակիցը, շրջանցելով հարցն, ասաց, որ նկարիչ-մոդելավորողին, կուտուրյեին, դիզայներին, ոճաբանին, մի խոսքով՝ նորաձեւության տարբեր ուղղությունների մասնագետներին մեր հասարակությունը, չգիտես ինչու, ընկալում է որպես մեկ մասնագետի. «Մինչդեռ ոճաբանը ուսումնասիրում է շուկան, գույների, կտորների պահանջարկը, ճշտում է, թե անհատները մեծ հաշվով ինչի՞ են ձգտում, մյուս մասնագետներն էլ զբաղված են հագուստի ձեւվածքների, աքսեսուարների ճշտումներով եւ երբ արդեն պատրաստ է լինում փաթեթը, այն ներկայացվում է կուտուրյեին եւ վերջինս էլ սկսում է «մշակումը», դրանով իսկ տալով սեզոնային նորաձեւության ուղղությունը»:

Հայտնի է, որ Գեւորգ-Ռենեն ժամանակ առ ժամանակ ճոխ նվերներ է անում Ալլա Պուգաչովային: Օրինակ, 2006թ. «Մուզ TV» ամենամյա մրցանակաբաշխությանը Ռուսաստանի շոու-բիզնեսի պրիմադոննան ներկայացավ նրա մոդելավորած զգեստով: Հետաքրքրվեցինք՝ հայ երգիչ-երգչուհիները, որոնք չունեն Պուգաչովայի փողերը, նման նվերներ ստանո՞ւմ են մոդելավորողից: «Երեկ էլ նոր մոդել եմ ուղարկել Պուգաչովային: Այդ «պրեզենտները» անում եմ՝ ելնելով նրա անձի ու արվեստի հանդեպ ունեցած հարգանքից: Մեր շոու-բիզնեսում նման մեծություն չեմ տեսնում, թեեւ սիրով աշխատում եմ ոմանց հետ: Ճիշտ է, գնահատում եմ նաեւ մաեստրո Օրբելյանի արվեստը, բայց դեռ առիթ չեմ ունեցել նրան ծառայությունս մատուցել»,- ասաց նա: Զրույցի ավարտին առանց մանրամասնելու հայտնեց, որ տարվա վերջին մեկնում է Մարոկկո, որտեղ իրեն տրամադրում են նորաձեւության տուն՝ ամբողջ ենթակառուցվածքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031