Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Օգոստոս 21,2008 00:00

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ավարտին մնում է չորս օր

Ազատ ոճայինների երկրորդ անընդմեջ կորուստը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները երեկ տվեցին երկրորդ կորուստը: Մինչեւ 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը որակավորման փուլի մեկնարկային գոտեմարտում հանդիպեց աշխարհի նախկին ու Եվրոպայի գործող չեմպիոն՝ ռուսաստանցի Իրբեկ Ֆարնիեւի հետ եւ պարտվեց միավորների 2:7 տարբերությամբ՝ հանդիսականների աթոռին տեղ զբաղեցնելով Մարտին Բերբերյանի կողքին: Ճիշտ է, եթե պայքարն այնպես ընթանար, որ Ֆարնիեւը մտներ եզրափակիչ, հայ ըմբիշը մրցանակային երրորդ տեղի համար պայքարը շարունակելու հնարավորություն կունենար: Սակայն ռուս մարզիկը հասավ միայն մինչեւ քառորդ եզրափակիչ: Իսկ Մարկոսյանն այս քաշային կարգի ամփոփիչ աղյուսակում 21 մասնակցի մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը:

Այս մարզաձեւում Հայաստանի օլիմպիական պատվիրակության երեք ըմբիշներից ասպարեզում մնաց մեկը՝ 84 կգ քաշային Հարություն Ենոքյանը, որն իր առաջին գոտեմարտն անցկացնելու է այսօր՝ վաղ առավոտյան:

Առաջատարների շարքում ենք

Պեկինի օլիմպիական խաղերում երկրների միջեւ անհաշտ պայքար է ծավալվել ընդհանուր թիմային պայքարում զբաղեցվող տեղերի համար: Մեդալների քանակի, գրաված տեղերի հաշվարկների սկզբունքները բազմազան են: Դրանով զբաղվում են վիճակագրական տարբեր կազմակերպություններ, լրատվամիջոցներ: Բայց քանի դեռ օլիմպիական խաղերն ընթացքի մեջ են, ցուցակներն օր առ օր, ժամ առ ժամ փոփոխվում են: Այնպես որ, թե որ երկիրն ինչ տեղ է զբաղեցնում՝ վերջնականապես պարզ կլինի միայն Խաղերի փակման արարողությունից հետո:

Այլ բան է, որ ճիշտ այդպիսի հաշվարկներ արվում են արդեն եզրագիծը հատած մարզաձեւերում, որտեղ ամեն բան արդեն հայտնի է: Մասնավորապես՝ ծանրամարտում: Ըստ օլիմպիական խաղերը լուսաբանող ինտերնետային կայքերից մեկի, վաստակած միավորների առատությամբ առաջատարը Չինաստանն է՝ 33 միավոր: Նրան հաջորդում է Ռուսաստանը՝ 20, իսկ լավագույն երկրների եռյակը եզրափակում է Հայաստանը, որի հինգ ներկայացուցիչները միասին վաստակել են 12 միավոր: Նույն կայքը ներկայացրել է նաեւ երկրների դասավորությունը նվաճած մեդալների քանակով: Այստեղ նույնպես Չինաստանն ու Ռուսաստանը դասավորվել են նույն հաջորդականությամբ: Երրորդը Ղազախստանն է: Հայաստանը Կորեայի եւ Բելառուսի հետ միասին բաժանում է 4-6-րդ հորիզոնականները:

Լոնդոնում ռինգ կմտնեն նաեւ կանա՞յք

Երկուշաբթի օրը Պեկինում հրավիրված մամուլի ասուլիսում Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Չինգ-Կո Ուն հայտարարել է, որ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք հաջորդ օլիմպիական խաղերի ծրագրում, հնարավոր է, ընդգրկվի նաեւ կանանց բռնցքամարտը: Ըստ նրա, այդպիսի առաջարկ արդեն ներկայացվել է ՄՕԿ-ի քննարկմանը: «Բռնցքամարտը օլիմպիական միակ մարզաձեւն է, որում կանայք չեն մրցում»,- ասել է նա: Ըստ ամենայնի, խնդրո առարկայի շուրջ վերջնական որոշումը կկայացվի արդեն դեկտեմբերին: Եթե ՄՕԿ-ը դրական պատասխանի, կանանց բռնցքամարտում նույնպես կլինի 11 քաշային կարգ, մասնակիցները կմրցեն չորս ռաունդ, յուրաքանչյուրը՝ 2-ական րոպե: Իսկ որպես օլիմպիական ընտրական մրցաշարեր՝ կհամարվեն աշխարհի եւ աշխարհամասերի առաջնությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031