Լրահոս
Օրվա լրահոսը

Հնգամյա հիմնադրամի գործունեությունը

Օգոստոս 21,2008 00:00

Այս տարի լրանում է Հայաստանի մանուկների հիմնադրամի (Children of Armenia fund, COAF) գործունեության հնգամյակը, որն այս տարիների ընթացքում իրականացրել է 7,5 մլն դոլարի ավելի քան 100 ծրագիր: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հիմնադրամի նախագահ Կարօ Արմենը ներկայացրեց կազմակերպության առաքելությունները. «Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել հաղթահարել հայ երեխաների վրա ազդող անբարենպաստ պայմաններն ու որքան հնարավոր է՝ նվազեցնել աղքատության թիվը, վերակենդանացնել Հայաստանի գյուղական վայրերը»: Նշենք, որ հիմնադրամը չորս տարի առաջ մշակել ու հաջողությամբ իրականացրել է «Օրինակելի համայնք» խորագրով փորձնական ծրագիրը Քարակերտ գյուղում, որի շնորհիվ մոտ երկու տարվա ընթացքում գյուղը, որն ունի մոտ 4.400 բնակչություն, վերածվել է աշխույժ համայնքի՝ ապահովվել է ոռոգման ջրով, կրթական ու առողջապահական համակարգերով: Կարօ Արմենի խոսքերով. «Սկզբնական շրջանում շատ գյուղեր էինք շրջում՝ իմանալու, թե որտեղ է վիճակն ավելի սոսկալի: Վերջապես կանգ առանք Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի վեց իրար հարակից գյուղերի վրա ու սկսեցինք ակտիվ գործունեություն ծավալել: Այսօր հպարտությամբ պետք է նշեմ, որ մենք կառուցել ենք 11 շենք, այդ թվում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, կրթամշակութային ու սպորտային համալիրներ»:

«Առավոտի» հարցին, թե ինչպիսի՞ ճանապարհ է հաղթահարել կազմակերպությունը, ընկերության նախագահը նշեց. «Հիշում եմ, երբ Նյու Յորքում մեծահարուստներին պատմեցի իմ մտահղացման մասին, այսինքն, հաղթահարել հայ երեխաների վրա ազդող անբարենպաստ պայմաններն ու որքան հնարավոր է նվազեցնել աղքատության թիվը՝ նրանք շատ ոգեւորվեցին ու ցանկացան աջակցել, որպեսզի բարեգործական ծրագիրն իրականացվի: Իհարկե, սկզբնական շրջանում ավելի բարդ էր, բայց արդեն ամեն ինչ կարգավորված է»:

Հետաքրքրվեցինք՝ արտասահմանցի բարերարներից բացի, կա՞ն, արդյոք, հայ բարերարներ: «Այս գործում, անկեղծ ասած, մեծ դեր ունեն միայն արտասահմանցի բարերարները, որոնց էլ մի քանի օրից հրավիրելու ենք Հայաստան՝ տեսնելու մեր հնգամյա գործունեության արդյունքը: Ինչ վերաբերում է հայ բարերարներին, ասեմ, որ նրանցից դեռեւս առաջարկներ չենք ստացել, բայց հուսանք, որ առաջիկայում կամաց-կամաց այս բարեգործական ծրագրին կներգրավվեն»,- ասաց Կարօ Արմենը:

Արտասահմանցի բարերարների այցի ընթացքում նախատեսվում է ընդունելություն ՀՀ վարչապետի մոտ, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպմանն էլ Հայաստանի մանուկներ հիմնադրամի մի խումբ բարերարներ կպարգեւատրվեն ՀՀ ԿԳՆ «Ոսկե մեդալով» եւ պատվոգրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031