Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն ցուցահանդեսը»՝ Հայաստանում

Օգոստոս 21,2008 00:00

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ֆրանսաբնակ գեղանկարիչ եւ ճարտարապետ Ժիրայր Խաչիկյանի «Ժիրկա» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կտեւի մինչ սեպտեմբերի 2-ը: «Մշակույթի նախարարությունը կարեւորում է Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետների գործերի ցուցադրումը հայրենիքում: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը լավ առիթ էր ներկայացնելու Իրաքում ծնված, Հայաստանում կրթություն ստացած եւ Ֆրանսիայում ապրած հայ արվեստագետի ստեղծագործությունները»,- ասաց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Սա հեղինակի առաջին անհատական ցուցահանդեսն է հայրենիքում: Ներկայացված է տարբեր ուղղությունների 17 աշխատանք: «17 թեմա կա այստեղ, եթե քանակով նայենք՝ ավելի շատ են աշխատանքներս, որոնք բաժանված են թեմաների: Կան ճարտարապետական բնույթի կոմպոզիցիաներ, սիմվոլիկ գործեր՝ նվիրված Փարաջանովին եւ ցեղասպանության թեմայով աշխատանքներ»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Ժ. Խաչիկյանը:

Հեղինակն աշխատանքներում օգտագործել է երեք հիմնական գույն՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: «Ըստ իս, արդեն իսկ հասկանալի է, թե ինչու եմ կենտրոնացել այդ երեք գույների վրա: Ամեն անգամ այդ գույներով աշխատելն ինձ միայն ոգեշնչում էր եւ ավելի մոտեցնում հայրենիքիս»,- շեշտեց գեղանկարիչը: «Ուզում էի անհատական ցուցահանդեսով ներկայանալ հայ հասարակությանը, դրա համար էլ ներկայացրել եմ տարբեր տարիների արված գործեր: Սա պարզապես ծանոթություն է Ժիրայր Խաչիկյան արվեստագետի հետ»,- հայտնեց գեղանկարիչը:

Նա ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Ֆրանսիայի քաղաքներում եւ պարբերաբար մասնակցել Ֆրանսիայում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսներին: Խոսելով Խաչիկյան արվեստագետի մասին, Ազգային պատկերասրահի տնօրեն Փ. Միրզոյանը նշեց. «Նրա աշխատանքները ձեւի ու գույնի, ծավալի ու տարածության յուրօրինակ սինթեզ են: Ինձ հիացնում է դրանց բազմազանությունը՝ երկրաչափական հորինվածքը, գեղանկարով խորհրդանշական արտահայտումները, դիզայնը»: Սփյուռքի հետ կապերի վարչության նախագահ Հրանուշ Հակոբյանի բնութագրմամբ՝ «Ժիրայրը հետաքրքիր ստեղծագործող է: Եվ պատահական չէ, որ 2007թ. «Հայաստան, իմ բարեկամ» (Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում) նրա ցուցահանդեսը արժանացավ «Լավագույն ցուցահանդես» կոչմանը»: Ըստ տիկին Հակոբյանի, սփյուռքահայ արվեստագետների ներկայացումը Հայաստանում՝ Սփյուռք-հայրենիք գործակցության լավագույն ձեւ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031