Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ

Օգոստոս 22,2008 00:00

Ասում է Պետրոս Մակեյանի պաշտպան, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը

– Թերեւս եզակի դեպք էր օգոստոսի 20-ին կատարվածը, երբ Վերաքննիչ քրեական դատարանը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ԵԿՄ Շիրակի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի վերաքննիչ բողոքի քննությունը իրականացրեց ու դատավճիռն ուժի մեջ թողեց՝ նախապես նրանց հեռացնելով դահլիճից: Դատարանն ունե՞ր նման իրավունք:

– Դատարանն իրավունք ունի սանկցիաներ կիրառելու ու նաեւ հեռացնելու նիստերի դահլիճից: Այլ խնդիր է, թե դա ե՛րբ է կիրառում եւ արդյոք այդ գործողություններն օրենքի շրջանակո՞ւմ են: Եթե դատարանը կիրառում է սանկցիաներ եւ դահլիճից հեռացնում է կալանավորվածին, բայց դրանից հետո ընթանում է դատաքննություն՝ այ դա հանգեցնում է օրենքի խախտման: Դատարանն անտեսեց, որ «Դատական օրենսգրքի» 63 հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ քրեական գործի քննության ժամանակ մեղադրյալին նիստերի դահլիճից հեռացնելու դեպքում նիստը հետաձգվում է մինչեւ 2 շաբաթ ժամկետով: Ուստի դատարանն իրավասու չէր այդ պահին անցկացնել գործի քննություն, ինչպես նաեւ դատավճիռ կարդալ:

– Նիստերի դահլիճից Մակեյանին եւ Զաքարյանին հեռացնելու առիթ դարձավ այն, որ նրանք ընդվզեցին իրենց «ամբաստանյալ» բառով դիմելու դեմ: Մինչ այդ նրանց չէի՞ն անվանել ամբաստանյալ:

– Անվանել էին:

– Ուրեմն, ինչո՞ւ այս անգամ Ձեր պաշտպանյալն այսպես արձագանքեց, որ վիճաբանության առիթ դարձավ:

– Սա նաեւ Պետրոս Մակեյանի իրավունքն է. նա չի ընդունում, որ իրեն անվանում են ամբաստանյալ՝ հանցագործություն կատարած անձ: Նա գտնում է, որ վիճարկման փուլում է գործը, ըստ էության՝ գործընթացը շարունակվում է, եւ ինքն այդ կարգավիճակում չէ՝ հանցագործություն չի կատարել ու ամբաստանյալ չէ: Ինքն այդպես է պատկերացնում: Բայց դատավորներն այդ պատճառով պետք է ոչ թե լեզվակռվի մեջ մտնեն, այլ գործադրեն օրենքով իրենց ընձեռված իրավունքները:

– Այս փաստարկները դատարանում ներկայացնելու փոխարեն՝ Դուք եւ մյուս պաշտպանները եւս հեռացաք դահլիճից:

– Քրեական դատավարության օրենսգրքի 390 հոդվածում հստակ սահմանված է վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը եւ նշված է, որ դատական նիստին պարտադիր մասնակցում են՝ դատախազը, ամբաստանյալը, «որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը»: Երբ որ դատարանը կիրառեց սանկցիա եւ անցավ գործի քննությանը՝ մենք ասացինք, որ ամբաստանյալներն էին վերաքննիչ բողոք ներկայացրել՝ ոչ մենք, ուստի դատարանում այլեւս անելիք չունենք:

– Այս դատական նիստն էլ անցավ այնպես, ինչպես անցնում են քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր դատավարությունները: Մասնավորապես՝ էլի հատկացվել էր նիստերի ամենափոքր դահլիճը: Ձեզ համար հասկանալի՞ է՝ սրանով ի՞նչ խնդիր են լուծում դատավորները:

– Գտնում եմ, որ դատավորներից շատերն ինքնահաստատման խնդիր ունեն: Բայց այն չպիտի փորձեն լուծել՝ խախտելով օրենքը: Դատավորները շա՛տ, ահավո՛ր ագրեսիվ են տրամադրված: Եվ այն տպավորությունն է, որ այս իրադարձությունների հետեւանքով ի հայտ է եկել նոր կողմ՝ դատական համակարգը: Դա շատ ցայտուն երեւում է վրեժխնդրության, անձնական ինչ-որ քինախնդրության դրսեւորումներից: Եվ այս գործընթացների ժամանակ նրանք շատ ու մեծ վրիպումներ են թույլ տալիս: Բայց նրանք ոչ թե օրենքները չգիտեն, այլ առավել ցանկանում են ցույց տալ, թե իրենք ամեն ինչ կարող են անել:

– Իսկ գուցե դատավորների նման ագրեսիվ պահվածքը պայմանավորված է նաեւ դատական նիստերի ընթացքում նրանց հասցեին հնչող վիրավորանքներով ու անեծքներո՞վ:

– Դա էլ կա: Բայց այս գործոնը շատ փոքր տոկոս է կազմում:

Նշեմ, որ շատ գործերում, երբ դատավորը ներս է մտել՝ առաջին-երկրորդ դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները ոտքի են կանգնել, դրսեւորել պատշաճ, հարգալից վերաբերմունք: Հետո է սկսվել վեճն ու կռիվը: Եթե ոտնաշղթաներով են բերում, եթե հենց սկզբից առկա է ճնշումը՝ արդեն իսկ առաջանում է հակազդեցություն, հակադրություն:

– Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը մամուլում գնահատել էր, թե դատական նիստերի ընթացքում ընդդիմադիրների վարքագիծը թուլության նշան է. «Ցավալի է, որ այդ աղմկարարների բանակին միանում են նաեւ պաշտպաններն ու լրագրողները։ Ինչ-որ տեղ դա բնական է, երբ պաշտպանը իրավական դաշտում ասելիք չունի, պաշտպանության միջոցը փնտրում է աղմկարարություն կազմակերպելու, գործի քննությունը անհիմն ձգձգելու մեջ»:

– Ոչ մի փաստաբան ցանկության դեպքում էլ հնարավորություն չի ունենա նման բան կազմակերպել՝ այդքան մարդ ապահովել դատարանի դահլիճում: Եվ ոչ մի պաշտպանի, ըստ էության, պետք էլ չէ նման բան: Ավելի ճիշտ՝ այս ամենը պետք է միայն այն պաշտպանին, որն ասելիք չունի եւ աղմուկի ներքո ցանկանում է ժամանակ անցկացնել:

Զանգվածային դատավարություններ են ընթանում, ու պետք է նաեւ հասկանալ կալանավորվածների հարազատներին, բարեկամներին, ընկերներին, որոնք այս ամիսների ընթացքում ինչե՜ր ասես, որ չտեսան: Եվ նրանց արձագանքը բնականոն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել