Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ ցուցմունք էր տվել

Օգոստոս 23,2008 00:00

Վահրամ Սահակյանն այժմ ինքն է ակամա հերքել ոստիկանության հաղորդագրությունը

Հուլիսի 10-ի երեկոյան Վահրամ Սահակյանը ատրճանակը ձեռքին գնացել էր Հյուսիսային պողոտա՝ սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղալով նստացուցարարների հասցեին: Եվ չնայած կատարվածի մասին ականատեսների բազմաթիվ վկայություններին՝ ՀՀ ոստիկանությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված էր. «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վահրամ Սահակյանը գնումներ կատարելուց հետո, տուն գնալիս, ձեռքում պահել է գ-3478 լիցենզիայով 12.01.2006 թ. իրեն տրված «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակը: Երբ նշված զենքը ձեռքին հասել է Հյուսիսային պողոտա, նրան է մոտեցել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ Վահրամ Սահակյանին, զենքով հանդերձ, հանձնել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք էլ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին»: Նաեւ նշված էր. «Բացատրություն է տվել նաեւ Վահրամ Սահակյանը՝ նշելով, որ ատրճանակը ձեռքին է պահել՝ հագուստը ուղղելու եւ զենքը հագուստի վրա ամրացնելը հարմար չլինելու պատճառով»:

Բավական զվարճալի այս բացատրությունը, ըստ որի՝ նա գնումների էր գնացել ատրճանակը ձեռքին, օրերս ակամա հերքեց ինքը՝ Վահրամ Սահակյանը: «Իրավունքի» «Հետաքննություն» հավելվածի օգոստոսի 9-15-ի համարում հրապարակված հարցազրույցում նա պատմել է, թե այդ օրը պատահաբար անցել է Հյուսիսային պողոտայով. «Եվ ցուցարարների պառկավայրից քիչ ներքեւ մի քանի թերհաս երիտասարդներ իմ հետեւից սկսեցին բազմապիսի հայհոյանքներ տեղալ, որոնց մեջ արծարծվում էր նաեւ ԼՏՊ-ի անունը, մոտավորապես՝ ԼՏՊ-ն էս ինչ բանն անի քեզ… Լավ չեմ հիշում։ Նրանց հայհոյանքները վերաբերում էին ինձ, իմ ընտանիքին, հորս, մորս, երեխաներիս… Ես այդ պահին ոչինչ չարեցի ու սխալվեցի, որ ոչինչ չարեցի. անհրաժեշտ էր դրանց ոստիկանության ձեռքը հանձնել։ Բայց ինձ շատ մտահոգեց, որ «խաղաղ» ցուցարարներից ոչ ոք ոչ մի ձայն չհանեց։ Չէ՞ որ նրանցից շատերը լսեցին դա։ Ես ահավոր գերհոգնած էի, եկա տուն շատ վատ տրամադրությամբ, խմեցի բժշկի նշանակած դեղը, որ քնեմ, բայց քունս չտարավ եւ որոշեցի գնալ եւ ուղղակի հարցնել, թե խաղաղ նստացույց անողներն ինչո՞ւ չմիջամտեցին հայհոյանքներին… Ու թող ասեն, թե ովքեր են այդ մշտապես հայհոյողները։ Հյուսիսային պողոտա գնացի իմ ատրճանակով, որն ինքնապաշտպանության համար 2006-ին ոստիկանության կողմից ինձ տրված օրինական զենք է։ Ճիշտ է, զենքս մոտս էր, բայց այն հանելու մտադրություն չունեի»: Ընդմիջենք՝ նշելու համար, որ Վահրամ Սահակյանը նաեւ հայտնել է, թե այդ ատրճանակն ընդհանրապես չի կրակում, փչացած է. «Նրա մեջ ընդամենը կային «խալաստոյ» փամփուշտներ»:

Նա հերքել է այն պնդումները, թե ինքը հարբած է եղել. «Պարզապես մի քանի գիշեր չէի քնել ու կրկնում եմ՝ գերհոգնած էի։ Երբ ցուցարարներին հարցրեցի՝ «Դուք լեւոնակա՞ն եք»: Հարցրեցի, քանի որ հիմա անգամ Լեւոնը լեւոնական չի։ Ու ասացի՝ թող ցույց տան այն մարդկանց, ովքեր ինձ հայհոյում էին (հիշեցնեմ, որ քնաբեր դեղի ազդեցության տակ էի գտնվում), նրանցից ամեն մեկը մի բան ասաց, մեկն ասաց՝ չգիտեմ, մյուսն ասաց՝ լավ են արել… Նրանց կողմից հարձակվողական միտում զգացի (իրենք սիրում են այդպիսի բաներ), բայց ես իրենց չեմ մեղադրում, որովհետեւ իզուր տեղը ես հանեցի իմ զենքն ու ասացի. «Չմոտենաք, որովհետեւ վատ կլինի»։ Այդ ժամանակ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Վահրամ, զենքդ տուր»: Ես էլ տվեցի»:

Վահրամ Սահակյանը այնուամենայնիվ նաեւ նշել է. «Ատրճանակով 15-20 վայրկյան տեւած այնտեղ հայտնվելս սխալ էր, որի համար ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր վախեցել են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել