Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 23,2008 00:00

«ԻՆՁ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ»

Ասաց Գագիկ Ջհանգիրյանը, շեշտելով, որ իրենց վրա քաղաքական ենթատեքստ ունեցող հարձակումը սպանության պատվեր է եղել:

Երեկ Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի դատավարությունը, որին մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի երկրորդ մասը՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Մեղադրող կողմի՝ Կորյուն Փիլոյանի պնդմամբ, փետրվարի 23-ին, երբ ոստիկանները Արգավանդի խաչմերուկում շուրջկալել են Գ. Ջհանգիրյանին եւ նրա օգնականներին, Վարդան Ջհանգիրյանը չի ենթարկվել ոստիկան Ռաֆիկ Մուրադյանի հրահանգներին եւ չի կանգնեցրել ավտոմեքենան: Նշենք, որ Վ. Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի ողնաշարի հատվածում եւ դեպքի վայրում ոստիկաններից տուժել է, հրազենից վնասվել: Փոխվել է նաեւ Վ. Ջհանգիրյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Որպես վկա դատարանում ցուցմունք տվեց անձամբ Գ. Ջհանգիրյանը, ով ներկայացրեց իրենց ձերբակալման հետ կապված բոլոր մանրամասները: Գ. Ջհանգիրյանը հավելեց. «Թե՛ ես, թե՛ եղբայրս տուժողներ ենք, այլ ոչ թե մեղադրյալներ: Այսօր մեղադրյալի աթոռին պետք է նստած լիներ 6-րդ վարչության պետ Գիզիրյանը, նրա տեղակալը ու մնացյալ հաբռգած ոստիկանները»: Գ. Ջհանգիրյանը հավելեց. «Մենք գալիս էինք Էջմիածնից, հանգիստ, մոտ 50 կմ/ժ արագությամբ: Եղբայրս իր ընկերոջ մեքենայի ղեկին էր, ես նրա կողքին, հետեւից գալիս էին իմ վարորդն ու օգնականը: Արգավանդի խաչմերուկում շուրջ 30-40 հոգի՝ ինքնաձիգներով, ատրճանակներով զինված, հարձակվեցին մեր մեքենաների վրա՝ նախապես իրենց մեքենաներով շրջապատելով մեզ: Եղբորս ասացի, որ իմ հետեւից են եկել, ոչ մի գործողություն չլինի: Ես դուռը բացել, իջել եմ: Ասել եմ, որ Ջհանգիրյանը ես եմ, ինձ եք ուզում՝ ես գալիս եմ: Ով մոտեցավ ինձ՝ ատրճանակը ձեռքին պահած կրակում էր: Ձեռքով հրել եմ վերեւ, ասել եմ՝ կարո՞ղ է քեզ հրաման են տվել ինձ գնդակահարել: Այդ պահին արդեն ջարդում էին ավտոմեքենայի ապակին, ուր նստած էր եղբայրս եւ իմ արձագանքին, թե ինչո՞ւ եք ջարդում մեքենան, ոչ մի պատասխան չեղավ: Ինձ մտցրին մեքենան: Ես զգացի, որ Վարդանին գցեցին ցած, իսկ նա շարժվել չէր կարողանում: Մինչեւ 6-րդ վարչություն հասնելը մի բան եմ խնդրել նրանց՝ որ եղբայրս ողնաշարի խնդիր ունի, նրան ձեռ չտաք, դուք ինձ հետ հաշիվ ունեք՝ ինձ տարեք»: Ըստ Գ. Ջհանգիրյանի, կրակողները 6-րդ վարչության աշխատակիցներն էին, քանի որ մի քանի անգամ իր մոտ են կրակել, երեք կրակոց էլ՝ Վ. Ջհանգիրյանի: «Հիմա ներկայացվում է, որ իմ եղբոր մեջքին կրակել է Ռադիկը, սակայն այդ պահին Ռադիկն իմ մոտ կանգնած էր, մեքենայի մոտ»,- փորձեց հիմնավորել վկան:

Նախկին դատախազը նշեց, որ, հարձակվելով իրենց վրա, բերման ենթարկելու եւ ձերբակալելու հիմք չեն ունեցել, ընդ որում՝ իրենք այդ պահին կանգնած էին կարմիր լույսի տակ եւ վարչական խախտում չեն արել: Գ. Ջհանգիրյանի գնահատմամբ՝ «Ապօրինի են մեզ վրա հարձակվել, վիրավորել են եղբորս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ վնասվածքների հիմնական մասը պատճառվել է 6-րդ վարչության ընդունարանի հատակին»:

Համաձայն վկայի ցուցմունքի, շատ լավ իմանալով, որ իր մոտ զենք կա, նրանք հրազենային վնասվածք են հասցրել նաեւ երկու ոստիկանության աշխատակիցների ոտքերին, այն հույսով, որ կկարողանան դա բարդել իր վրա: Դիմելով իր նախկին գործընկերոջը՝ մեղադրող Կ. Փիլոյանին, վկան ասաց. «Այս հարցի առթիվ ոչ մի քննություն չի կատարվել: Եթե դուք այդ քննությունը կատարեիք, մենք այստեղ ոչ թե մեղադրյալներ կլինեինք, այլ տուժողներ»:

Ապա Գ. Ջհանգիրյանը նկարագրեց, թե ինչպես են շուրջ 300 անձ իրեն աղմուկով դիմավորել 6-րդ վարչության շենքում, որից հետո բերել են նաեւ եղբորն ու մյուսներին. «Ոնց որ Բեն Լադենին էին նոր բռնել, բերել»: Ըստ նրա ցուցմունքի, այս ամենին հաջորդել է այն, որ պառկեցրել են նրան հատակին ու սկսել են հայհոյել ու սապոգներով ծեծել:

Երեկ ցուցմունք տվեց նաեւ մեկ այլ վկա՝ ականատես, վարորդ Գրիգոր Զաքարյանը: Վերջինս պատմեց իր տեսածն ու լսածը՝ նշելով, որ մեքենաներից իջնողները եղել են դիմակներով, ոստիկանական հագուստ չեն կրել կամ էլ մութ լինելու պատճառով չի զանազանել տարբերանշանները: Նա լսել է կրակոցներ, ապա՝ վախեցել ու հեռացել:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել