Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 23,2008 00:00

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հայաստանի մարզիկները Պեկինում ավարտեցին մրցելույթներն ամառային 29-րդ օլիմպիական խաղերում: Նրանք ընդհանուր առմամբ նվաճեցին վեց բրոնզե մեդալ:

Հոգեբանորեն պատրաստ չէր ավելիին

Երեկ մեր օլիմպիականներից վերջինը մրցահարթակ մտավ 60 կգ քաշային բռնցքամարտիկ՝ վանաձորցի Հրաչյա Ջավախյանը: Նա կիսաեզրափակիչում հանդիպեց 57 կգ քաշային կարգում նախորդ օլիմպիական խաղերի չեմպիոն, անցած տարի Չիկագոյում կայացած աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր՝ ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյի հետ: Այս մենամարտը սկզբունքային նշանակություն ուներ հատկապես հայ բռնցքամարտիկի համար, որին 2006 թվականին Պլովդիվում Եվրոպայի առաջնության եզրափակիչում Տիշչենկոյից կրած պարտության դիմաց վարձահատույց լինելու հնարավորություն էր ընձեռվել: Սակայն առաջ անցնելով ասենք, որ Հրաչյան հոգեբանորեն պատրաստ չէր դրան: Դժվար է ասել՝ օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում հանդես գալու պատասխանատվությո՞ւնն էր պատճառը, մրցակցի տիտղոսնե՞րն էին ընկճել նրան, թե՞ պեկինյան «բրոնզն» արդեն ապահոված լինելը խանգարեց ավելի համարձակ հանդես գալ: Թերեւս՝ բոլորը միասին:

Հրաչյան թեեւ առաջին միավորն ինքը վաստակեց, բոլոր չորս ռաունդներում նախաձեռնությունը կամավոր զիջել էր ռուս մրցակցին ու ստիպված հանդես էր գալիս պաշտպանվողի դերում: Իսկ լավ պաշտպանվել, ինչպես ցույց տվեց միավորների 5:10 վերջնական տարբերությունը, նրա մոտ այնքան էլ հաջող չէր ստացվում: Ու որքան էլ ռինգի կողքից Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հուշում ու հորդորում էին՝ ավելի վստահ լինել, Հրաչյայի մոտ ոչինչ չէր ստացվում: Նա, պարզապես, հոգեբանորեն պատրաստ չէր պայքարին: Այստեղ բացառված չէ նաեւ, որ դեր խաղաց այն, որ մեր մարզիկը մինչ այդ Պեկինի ռինգում անցկացրել էր ընդամենը մեկ մարտ ու, ինչպես ասում են, չէր հասցրել «եփվել» պայքարի մեջ:

Ինչեւէ, օլիմպիական «բրոնզը» եւ Հրաչյայի, եւ բռնցքամարտի հայկական դպրոցի նվաճումն է: Հուսանք՝ նաեւ նոր ձեռքբերումների սկիզբ:

Իգդիր-Երեւան երկաթուղին չի բացվի

Օրերս Թուրքիայի մի խումբ երիտասարդ ֆուտբոլասերներ դիմել էին իրենց երկրի նախագահին՝ Իգդիր-Երեւան երկաթուղագիծը մեկ օրով բացելու խնդրանքով, որպեսզի հնարավորություն ունենան ավելի շահեկան ճանապարհով գալ Հայաստան եւ սեպտեմբերի 6-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների խաղում աջակցեն իրենց թիմին:

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովը «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցության ժամանակավոր շահագործումը տեխնիկապես հնարավոր չէ: Նրա խոսքերով, Իգդիրի ու Երեւանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է 1993 թվականից եւ դրա վերսկսման համար հիմնանորոգման աշխատանքներ են պահանջվում: Ալեքսանդր Կուզնեցովը միեւնույն ժամանակ նշել է Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերսկսելու՝ «Հարավկովկասյան երկաթուղու» պատրաստակամությունը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել