Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Օգոստոս 26,2008 00:00

Երեկ, ժամը 10:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ՝ շուրջ 100 հոգի, եւ ջարդել, պատռել ու առեւանգել քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով պաստառները, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար նախաձեռնած ստորագրահավաքի ստենդը: Պաստառները փրկելու փորձեր անող նստացույցի մասնակիցներին ոստիկաններն ու սափրագլուխները, ըստ ներկաների, վիրավորել ու ծեծել են: Մասնավորապես հրել ու հարվածել են Անահիտ Գեւորգյանին, Օֆելյա Մարգարյանին, Անահիտ Եղոյանին: Իսկ Ռուզաննա Կարապետյանին եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գրիգորյանին հայհոյելով ու խփելով գցել են գետնին: Ծեծի է ենթարկվել նաեւ 80-ամյա Հրաչյա Ալոյանը, որն «Ա1+»-ին պատմել է. «Ես փորձում էի փրկել Մյասնիկ Մալխասյանի պաստառը: Ինձ հրեցին, գցեցին գետնին եւ պաստառը ջարդեցին վրաս եւ հետո սկսեցին հարվածել ուսերիս եւ գլխիս»:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակն այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Պատանդ պահելով 76 քաղբանտարկյալների՝ այժմ իշխանությունները վախկոտաբար կռվի են բռնվել նրանց նկարների եւ հանրությանը ներկայացվող ճշմարիտ տեղեկատվության հետ»: ՀԱԿ կենտրոնական գրասենյակը նաեւ բոլորին «զսպվածության ու համբերության» կոչ է արել. «Դա մեր ամենահզոր զենքն է։ Նաեւ հայտարարում ենք, որ վարչախմբի այս անհավասարակշիռ քայլերը, ըստ էության՝ մանր խուլիգանությունները, չեն կարող կոտրել ՀԱԿ-ի եւ նրան սատարող հարյուր հազարավոր քաղաքացիների կամքը»:

Իսկ «ՀԻՄԱ»-ն իր հայտարարության մեջ դատապարտելով այս փաստը՝ «միաժամանակ իր հիացմունքն է արտահայտում իշխանությունների իրականացրած փայլուն գործողության կապակցությամբ, երբ սովորաբար հավաքարարների կողմից պատերից պաստառներ պոկելու գործն իրականացրեցին մի խումբ բարձրաստիճան ոստիկաններ: Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում Հյուսիսային պողոտայում ընթացող նստացույցին գրագետ PR անելու իշխանությունների պատրաստակամության եւ այն իրականացնելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել