Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՆԱԻՐԻՆ» ՆԱՎԱՐԿԵՑ

Օգոստոս 26,2008 00:00

\"\"Մինչեւ մյուս տարի «ԱՅԱՍ» ակումբի նախաձեռնությամբ եւս տասը որսորդական նավ կնավարկի Սեւանում

Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբը փորձում է Սեւանում ընդլայնել առագաստանավերի ու նավակների շահագործումը: Օգոստոսի 23-ին «ԱՅԱՍ» ակումբը՝ HSBC բանկի հետ համատեղ, Սեւանի «Վիշապ» ճամբարում հանդիսավոր արարողությամբ իրականացրեց Սեւանի առագաստային նավակի ջրարկումը: Հոգեւորական տեր Կյուրեղը օրհնեց ու օծեց նավը, որից հետո նավորդներն այն ջուրն իջեցրին: Մեկ ժամ հետո, երբ նավակը ջրին ընտելացավ, բոլոր հյուրերը նավարկեցին դրանով:

«ԱՅԱՍ» ակումբի նախագահ եւ «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը նավի օծման ժամանակ ասաց. «Փորձեցինք վերականգնել Սեւանի ձկնորսական ավանդական ավազականավակը, որի մասին առաջինը հիշատակել է 9-10-րդ դարերի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Օգտվել ենք նկարիչներ Բաշինջաղյանի եւ Թերլեմեզյանի կտավների էսքիզներից, որպեսզի շատ չտարբերվի ավանդական նավակից: Մեր նպատակն է նավարկման պատրաստել եւս 10 նման նավակ եւ մյուս տարվանից Սեւանում ավազականավակներով անցկացնել մրցույթ: Մեր ցանկությունն է, որ մրցույթը դառնա ավանդական: Հույս ունենք հովանավորների օժանդակության արդյունքում ունենալ հետաքրքիր մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ: Մրցույթին մասնակցելու հավակնորդները պետք է լինեն առողջ եւ ունենան մեծ ցանկություն»: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ հատկապես «Նաիրի» անունը ընտրվեց եւ ինչքա՞ն գումար է ծախսվել նավի վրա, Կ. Բալայանը պատասխանեց. «Նաիրին Հայաստանի ամենահին հիշատակվող անունն է: Եվ ոչ թե մենք, այլ ֆինանսավորողներն են նավակը «Նաիրի» անվանակոչել: Ինչ վերաբերում է ծախսատարությանը, ասեմ, որ մի նավակի վրա ծախսվում է մի քանի միլիոն դրամ: Հիմնականում ծախսատար են փայտանյութն ու ներկերը: Առանց հովանավորների չենք կարող իրականացնել այս ծրագիրը: Հաջորդ ամսին ծով կիջեցնենք երկրորդ նավը, որին էլ այլ կազմակերպություն է հովանավորում»: Հայ նավագնացության պատմության հետազոտող Կ. Բալայանը հայտնեց նաեւ, որ նավերի պահպանության հարցերով զբաղվելու է «ԱՅԱՍԸ»՝ նշելով, որ ինչքան հովանավորները շատ լինեն՝ այնքան շատ ավանդական նավ կարտադրվի:

HSBC բանկի գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը հայտնեց, որ իրենք իրենց ծրագրերը իրականացնելիս հաշվի են առնում մեր երկրի ավանդույթները: «Նման հին նավակների վերակենդանացումը մեզ կապում է անցյալի հետ»,- ասաց նա: Մեր հարցադրմանը՝ էլ ի՞նչ հայաբնույթ ծրագրեր են պատրաստվում իրագործել, Թ. Սլեյթերը պատասխանեց. «Մենք հիմնականում իրականացնում ենք երկու ծրագիր՝ բնապահպանական եւ կրթություն՝ կարիքավոր երեխաներին»:

«Նաիրիի» նավարկման ժամանակ Սեւանում իր հանգիստն էր անցկացնում նաեւ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Վերջինս «Առավոտին» հայտնեց իր տպավորությունները. «Լավ նախաձեռնություն է, հետաքրքիր է վերականգնել մեր հին ծովային ավանդույթները: Կարծում եմ՝ պետք է քաջալերել այս ծրագիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել