Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Օգոստոս 27,2008 00:00

Երեկ Հանրապետության հրապարակում մեծարվեցին ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի մեդալակիրները եւ մասնակիցները:

Ողջունելով նրանց՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Պեկինում մեր օլիմպիական հերոսները համառ, ծանր ու ազնիվ պայքարում պատվով կատարեցին իրենց առաքելությունը: Նրանք իրենց անձնուրացության ու կամքի շնորհիվ ժողովրդին վերադարձրին օլիմպիական հաջողությունների բերկրանքը, իսկ մեր երկրին սպորտային նոր համբավ բերեցին՝ Հայաստանն աշխարհին դարձնելով ավելի ճանաչելի: Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ այսուհետեւ էլ սպորտն ու մարզաշխարհի խնդիրները լինելու են իր մշտական ուշադրության կենտրոնում: Ու դա միայն օլիմպիական խաղերով պայմանավորված չի լինելու, այլ այն հանգամանքով, որ սպորտն առաջին հերթին առողջ կենսաձեւ է, իսկ առողջ սերունդը վաղվա Հայաստանի հենասյունն է: «Այս օլիմպիադան հայկական սպորտի պատմության մեջ կմտնի, թերեւս, որպես բրոնզե օլիմպիադա: Հավատացնում եմ ձեզ, որ օլիմպիական թեկուզ բրոնզե մեդալը շատ մեծ նվաճում է եւ լավ հիմք՝ հենց այսօրվանից նախապատրաստվելու գալիք մեր ոսկե օլիմպիադաներին»,- ասաց ՀՀ նախագահը:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես շնորհավորեց մեդալակիրներին: Բայց նաեւ նշեց, որ սպասելիքներ կային հրաձգությունից, ազատ ըմբշամարտից, ձյուդոյից: Այդ սպասելիքները, ցավոք, չիրականացան: «Հիմա մենք սպորտի նախարարի հետ քննարկելու ենք դրանց պատճառները եւ հետագայում վերացնելու ենք դրանք»,- ասաց Գագիկ Ծառուկյանն ու ավելացրեց, որ սառույցը շարժվել է, ու արվելու է ամեն բան, որպեսզի Լոնդոնում Հայաստանի մեդալների գույնն անպայման փոխվի:

Արարողության ավարտին զրուցեցինք մեր օլիմպիական մեդալակիրների հետ:

Գեւորգ Դավթյան՝ ծանրամարտ. «Բրոնզե մեդալից գոհ եմ: Արել եմ այն, ինչ կարողացել եմ: Բայց պատրաստվել էի ավելիին: Ինքնազգացողությունս լավ չէր: Շատ խանգարեցին դոպինգ ստուգումների չարաշահումները: Ինձ ընձեռված վեց մոտեցումներից միայն երկուսը հաջող կատարեցի: Այդ վերջին ու միակ մոտեցումներից առաջ մտածում էի՝ եթե չբարձրացնեմ, Հայաստան չեմ վերադառնա»:

Յուրի Պատրիկեեւ՝ հունահռոմեական ըմբշամարտ. «Անկեղծ ասած, տխուր եմ: Բրոնզե մեդալն ինձ չի գոհացնում: Խանգարեց չափից ավելի ինքնավստահությունս: Երբ մարզիկը վստահ է իր ուժերին, լավ է, իսկ ինքնավստահությունը՝ վատ: Գուցե դրա պատճառով մի փոքր թուլացա: Բայց ոչինչ: Այս ձախողումն ինձ նոր ուժ տվեց: 2012 թվականին ոսկին անպայման իմը կլինի»:

Տիգրան Վարդանի Մարտիրոսյան՝ ծանրամարտ. «Մեդալի առումով բրոնզից գոհ եմ: Իսկ արդյունքի՝ ոչ: Մարզումների ժամանակ ավելի ծանր կիլոգրամներ էի բարձրացնում: Օլիմպիական խաղերում լարվածությունն աննկարագրելի է: Շատ խանգարեց ձեռքիս վնասվածքը, որ ստացա օլիմպիական ավանում գտնվելու ժամանակ: Հուսանք, որ 2012 թվականին ամեն բան ավելի լավ կլինի»:

Ռոման Ամոյան՝ հունահռոմեական ըմբիշ. «Տարիների չարչարանքի արդյունք է բրոնզե մեդալը: Ոսկին էլ ուժերիցս վեր չէր լինի, եթե տակտիկական սխալներ թույլ չտայի: Լոնդոնում կաշխատեմ բրոնզը փոխարինել ոսկով»:

Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան՝ ծանրամարտ. «Պեկին մեկնել էի ոսկե մեդալի համար: Բայց հաճախակի դոպինգ ստուգումներն իրենց գործն արեցին: Եվրոպայում բարձրացրածս կիլոգրամները շատ մոտ էին Պեկինի ոսկուն: Այս անգամ շատ ավելի լավ էի նախապատրաստվել, քան Եվրոպայի առաջնությանը: Ափսոս: Բայց առջեւում դեռ 30-րդ օլիմպիական խաղերն են»:

Բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը մեծարման արարողության ավարտից անմիջապես հետո մեկնել էր հարազատ Վանաձոր: Զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ. «Հրաչյան լավ էր նախապատրաստվել ու արժանիորեն մեդալ նվաճեց: Ստացվեց այնպես, որ նա ընդամենը մեկ մենամարտով հասավ կիսաեզրափակիչ: Դա մեդալի համար լավ էր, բայց մարզական առումով՝ անցանկալի: Դրա համար էլ Տիշչենկոյի հետ մարտը չստացվեց: Բայց վճռորոշ այդ մարտում նրան որոշակիորեն թեւաթափ արեց ռեֆերին՝ մարտի սկզբնահատվածում նկատողություն տալով: Հենց այդ պահին էլ հասկացա, որ հաղթանակը շնորհվելու է մրցակցին: Ռուսները մինչ այդ չափից շատ կորուստներ էին տվել: Հերթական կորուստն արդեն անհավանական էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել