Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ ԲԻԵՆԱԼԵՆ ԲԱՑՎՈՒՄ Է

Օգոստոս 27,2008 00:00

Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն 10 տարեկան է: Այս օրերին Գյումրին նախապատրաստվում է 6-րդ միջազգային բիենալեին։ Այդ առիթով երեկ տեղի ունեցավ բիենալեի կազմակերպիչների մամուլի ասուլիսը։ Ըստ Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ, բիենալեի համահիմնադիր, նկարիչ Ազատ Սարգսյանի, փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եւ նպատակաուղղված կլինի Հայաստանի մշակույթի ապակենտրոնացմանը: «Ծրագիրն ուներ նախնական նպատակ, որը ձեւավորվում էր մի քանի կետերով. Հայաստանի մշակույթի ապակենտրոնացում, արվեստը որպես թերապիա, Գյումրու վերածումը ժամանակակից արվեստի կենտրոնի եւ համագործակցություն ժամանակակից արվեստի տարածաշրջանային բոլոր կառույցների հետ: Ես համահիմնադիրների՝ Վազգեն Փահլավունու, Հենրիկ Խաչատրյանի եւ Սեւի հետ միասին առաջնորդվում էի մեկ գլխավոր նպատակով՝ արվեստի կենարար ներգործությամբ մեղմել հուսալքության, հոգեբանական ճնշվածության ծանր մթնոլորտը, որը թեւածում էր հետերկրաշարժյան Գյումրիում»,- ասաց Ա. Սարգսյանը: Բիենալեին մասնակցում են շուրջ 30 երկրից ժամանած հեղինակավոր արվեստագետներ եւ արվեստի կենտրոնների ներկայացուցիչներ, իսկ Հայաստանից՝ տեղի առկա բոլոր ժամանակակից արվեստի կենտրոնները, բացի ՆՓԱԿ-ից։ «ՆՓԱԿ-ի ծրագիրը չի համապատասխանում մեր ներկայացրած ծրագրին,- մեկնաբանեց բանախոսն ու շարունակեց,- սովորաբար բիենալեին յուրաքանչյուր արվեստագետ մասնակցում է մեկ անգամ, բայց այս տարի հրավիրել ենք այն արվեստագետներին, որոնք մասնակցել են Գյումրիի միջազգային առաջին բիենալեին՝ Անդրեյ Ֆիլիպով, Նիկիտա Ալեքսեեւ, Էլվիրա Ռայթ…»:

Բիենալեն կրում է «Պատմական վերափոխումներ կամ զուգահեռ պատմություններ» խորագիրը: Ինչպես նշեց Ա. Սարգսյանը. «Սովորաբար ընտրում ենք այնպիսի թեմաներ, որոնք առնչվում են մեր տեղային խնդիրներին: Այս անգամ էլ բացառություն չէ: Կարիք կա անդրադառնալ մեր պատմական վերափոխումներին, տարածքներին, այսօրվա, նախորդ 70 տարիների ու դրանից առաջվա հարյուրավոր տարիների իրողություններին, վերլուծել դրանք, վերանայել ու բացահայտել արդի արվեստի պատկերացումների համատեքստում»: Բիենալեի շրջանակներում կանցկացվեն կոնֆերանսներ, դասախոսություններ, համերգներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել