Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակյանցի բիրտ հերոսները վնասակար են

Օգոստոս 29,2008 00:00

Հուլիսին ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի։ Որպես Արեւմուտքում մեծացած հայ՝ ինձ համար անակնկալ էր փառատոնի ծրագրում տեսնել մեծ թվով թուրքական ֆիլմեր եւ հրավիրված թուրք բեմադրիչների։ Իմ երկրում ես չգիտեմ որեւէ հայկական կազմակերպություն, որը կարող էր նման հրավեր կատարել, սակայն այստեղ՝ Հայաստանում, դա առկա է։ Եվ ես չէի կարող չհպարտանալ՝ տեսնելով, որ կինոփառատոնը անցնում է մեր ցավոտ անցյալի միջով՝ գտնելու համար մի ընդհանուր հիմք, որի վրա մենք բոլորս պետք է առաջ ընթանանք։

Սակայն ես այդպես մտածում էի՝ նախքան Ռոբերտ Սահակյանցի ֆիլմ-եռերգությունը («Տիգրանակերտ», «Բաղեշ», «Մուշ») դիտելը։ Նույն դահլիճում, որտեղ ես վավերագրական ֆիլմ դիտեցի Հրանտ Դինքի՝ մի մարդու մասին, որը բավական խիզախ էր՝ խոսելու համար հոգատարության եւ հանդուրժողականության մասին, Սահակյանցի ֆիլմերում ես տեսա այդ նույն արժեքների բացակայությունը։

Երեխաների համար նախատեսված այս անիմացիոն ֆիլմաշարի գործողությունները կատարվում են 2050 թվականին։ Հայաստանը վերջերս հաղթել է թուրքերի դեմ մղած պատերազմում եւ նրա նախնական սահմանները վերականգնված են։ Մի կողմ թողնելով պատերազմի հիման վրա մանկական բազմանկար ստեղծելու փաստարկները, ես իսկապես վիրավորական եմ համարում այն տոնը, որով Սահակյանցը պատկերել է թուրքերին եւ, փաստորեն՝ բոլոր մահմեդականներին։ Երբ էլ որ ֆիլմում երեխաները հանդիպում են որեւէ ոչ հայի, այն միայն նպատակ ունի ցույց տալ մեր առավելությունը մյուս ժողովուրդների կոպտության եւ (կամ) ապուշության նկատմամբ։ Գործ ունենալով միայն ծաղրանկարված ստերեոտիպերի հետ՝ Սահակյանցի ֆիլմերը հեռու են որպես արվեստի գործ պիտակավորվելուց եւ փառատոնում ցուցադրվելու արժանիքից։ Նրա թուրք հերոսներն ասես հիմարներ լինեն, եւ գուցե փոքր երեխաները նրանց ավելի լավ մարմնավորեին: Սահակյանցի հերոսները իր համար գուցեեւ կուլմինացիոն բնույթ ունեն, բայց իրականում արժե մտածել նրանց վերափոխման մասին։

Ամենավատն այն է, որ Սահակյանցը ծրագրում է ատելության այս շրջանի շարունակությունը հաջորդ սերունդների մեջ։ Քանի որ սա երեխաներին ուղղված մուլտաշար է, կարծում եմ, որ նրա նպատակն է «դաստիարակել» նրանց։ Ոչ մի երեխա նման պրոպագանդայի կարիք չունի։ Ռ. Սահակյանցի՝ թուրքերի բիրտ ստերեոտիպերը հենց մեզ, այլ ոչ թե թուրքերին կարող են մեծ վնաս պատճառել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել