Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԵՐԾ ԹՈՂՆԵԼ ԻՆՏՐԻԳՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 09,2008 00:00

Առաջարկում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը

– Աֆղանական պատերազմի վետերանների 8-րդ համագումարը Ձեզ նորից միաձայն ընտրեց միութան նախագահ, եւ եթե չեմ սխալվում, դուք ընդունեցիք հայտարարություն, որով կոչ էիք անում դեպի պատերազմի վետերանները ուղղել կառավարության ուշադրությունը, կասե՞ք, թե դա ինչ է նշանակելու:

– Այո, օգոստոսի 8-ին կայացած մեր համագումարում ես ասացի, որ կառավարությունը պետք է շրջվի դեպի պատերազմի վետերանները, դեպի այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմների բովով, լինի Հայրենական, Արցախի, թե աֆղանական: Հայտնի է, որ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում բավականին մեծ ուշադրություն են դարձնում պատերազմի վետերաններին, կարող եմ միայն մեկ օրինակ բերել. ԱՄՆ-ում անգամ գործում է վետերանների նախարարություն, ինքս եղել եմ այդ նախարարությունում եւ նախանձով տեսել եմ, թե ինչ է նշանակում հարգանքը եւ հոգատար վերաբերմունքը պատերազմի վետերանների հանդեպ: Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ այդ նախարարության բյուջեն 85 միլիարդ դոլար է կազմում: Կարծում եմ, սա իսկական ռազմահայրենասիրական դաստիարակության դասեր կարող է տալ ապագա զինվորներին:

– Ղարաբաղի պատերազմի վետերանների մեծ մասն այսօր ԵԿՄ անդամ է, եւ թեպետ ունեն լուրջ սոցիալական խնդիրներ, այնուամենայնիվ, այսօր, բացի այդ խնդիրներից, Երկրապահին պառակտման հետ կապված այլ հարցեր եւս անհանգստացնում են, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այսօր կատարվում ԵԿՄ-ում:

– Ես այդ ամենի մասին լսել եմ մամուլից եւ, անկեղծ ասած, չեմ հավատում այն ամենին, ինչ գրում են թերթերը, ես չեմ հավատում, որ պաշտպանության նախարարը ուզում է կիսել Երկրապահը, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Մեր պաշտպանության նախարարը այդ մարդը չէ, ինքը միշտ էլ եղել է ԵԿՄ վարչության անդամ, ինչ հիշում եմ՝ բոլոր նիստերին եկել է, իր աշխատանքը նորմալ կատարել է: Ես չէի ուզենա, որ վետերանական կառույցները վերածվեին քաղաքական շահերի բախման կամ տարանջատման կենտրոնների: Այդ ամենը կարող է շատ ցավոտ լինել, որովհետեւ պատերազմի բովով անցած մարդիկ աշխարհին նայում են մի քիչ այլ աչքերով, ավելի արդարամիտ են, ավելի նուրբ: Նրանք ունեն պատերազմական հիշողություն, այսօր ունեն սոցիալական լրջագույն խնդիրներ, ունեն նաեւ իրենց զոհված մարտական ընկերների մասին հիշողություն եւ նրանց ընտանքիների սոցիալական վիճակի հոգսերը: Պատկերացրեք այս ամենին գումարվում են ինչ-որ ինտրիգներ, որը շատ ծանր է անդրադառնում նրանցից յուրաքանչյուրի հոգեկանի վրա: Ես չէի ցանկանա, որ նման բան կատարվեր: Ճիշտն ասած, լավ տեղյակ չեմ այդ իրադարձություններից, բայց էլի եմ ասում, ես չեմ հավատում, որ մտածված ուզում են Երկրապահը մասնատել:

– Նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը լինելու է բոլորի նախագահը, արդեն կես տարի նա ղեկավարոմ է երկիը, ձեր կարծիքով՝ նա կարողացե՞լ է դառնալ բոլորի նախագահը:

– Բոլոր երկներում էլ նախագահը բոլորի նախագահն է, նախագահը երդվում է Սահմանադրության եւ Սուրբ գրքի վրա ու խոստանում է լինել երկրի եւ ժողովրդի անվտանգութան երաշխավորը: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ մղված պայքարում, անարդարությունների դեմ, եւ նրա կողմից կատարվող կադրային փոփոխությունները լավ նախանշաններ են: Ես կցանկանայի, որ այդ տեմպը պահպանվեր եւ ավելի զարգանար, որովհետեւ, եթե երկիրը շարունակեր թաթախված մնալ կոռուպցիայի մեջ, դա վերջը կլիներ, կկործանվեր: Չինովնիկների բյուրոկրատական քաշքշուկի, կաշառակերության եւ այլնի դեմ նախագահի եւ վարչապետի սկսած պայքարը ես ողջունում եմ եւ դրա համար շատ ուրախ եմ: Բավականին ճիշտ քայլ եմ համարում մի քանի նախարարների նշանակումը՝ պաշտպանության, արգործնախարար, ոստիկանապետ: Իսկ վարչապետին համարում եմ կայացած տնտեսագետ, ինքս տեսնում եմ, որ վարչապետը ցանկանում է իրականացնել լուրջ տնտեսական բարեփոխումներ: Բայց երկրի թե ներքին, թե արտաքին քաղաքական վիճակն այսօր այնպիսին է, որ որոշ իմաստով խանգարում է լիարժեք հաջողությունների համար:

– Վերջերս որոշ լրատվամիջոցներ շարունակ խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ քաղաքականություն: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հեռանկարին:

– Ես չեմ տեսնում, որ նա վերադառնում է, նա տասը տարի եղել է երկրի ղեկավար, նրա արածի եւ չարածի պատասխանը եւ գնահատականը կտան պատմությունը եւ ժողովուրդը: Այսօր կա Հանրապետական կուսակցություն, որը մեծամասնություն է խորհրդարանում, կա ԲՀԿ, որը կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, եւ մենք ունենք մեր նախագահը: Կարծում եմ, նման վերադարձի հարց չկա, ես կուզենայի, որ հանրապետության նախագահին եւ վարչապետին մի քանի տարի ազատ թողնեին այդ ինտրիգներից, որ մարդիկ կարողանային նորմալ աշխատել, եւ մեր ժողովուրդը զգար այդ աշխատանքի դրական արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել