Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետները՝ անկախության ու քաղաքականության մասին

Սեպտեմբեր 23,2008 00:00

Բանավիճեցին Հրանտ Թոխատյանն ու Ռուբեն Հախվերդյանը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան Հրանտ Թոխատյանն ու երգահան Ռուբեն Հախվերդյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ նրանք երկուսն էլ հաճախ էին երեւում հանրապետական եւ դաշնակցական թեկնածուների քարոզարշավներին: Հյուրերը նախ խոսեցին ՀՀ անկախությունից: Հ. Թոխատյանն ասաց. «Անկախությունը երազանք է, որ եկել է պապերիցս եւ հասել ինձ»: Ըստ Ռ. Հախվերդյանի, «Անկախությունը մի հրաշալի նվեր էր, քանի որ մենք կորցրինք Վոլգա գետը, Սառուցյալ օվկիանոսը, Լենա գետը, Ուրալյան տարածքն ու արդյունքում մեզ մնաց միայն Գետառը»: Խոսք գնաց այն մասին, թե ինչ փոփոխություններ բերեց անկախությունը թատերական կյանքում: Ռ. Հախվերդյանը նկատեց. «Եղած թատրոններն ավելի գորշացան… Հին ռեժիսորներից մեկին չգիտեմ, որ փայլուն գործ արած լինի անկախությունից հետո»: Լրագրողներին հետաքրքրեց, թե ի՞նչ կարծիքի են բանախոսները օրերս ՀՀ նախագահի կողմից շնորհված պետական պարգեւների մասին: Ռ. Հախվերդյանը բանից անտեղյակ էր, իսկ Հ. Թոխատյանը նշեց. «Տեղյակ եմ այնքանով, որ իմ լավ բարեկամները՝ Ռուբեն Ջաղինյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը (երկուսն էլ «Շարմից»- Տ. Հ.) ստացան մեդալներ»: Երբ Ռ. Հախվերդյանը զարմանքով հարցրեց՝ ով է Ռ. Ջաղինյանը, Հ. Թոխատյանը պատասխանեց. «Բոյով տղա»: Ու մի քանի րոպե Ռ. Հախվերդյանը փորձում էր Հ. Թոխատյանից կորզել նրա ընկերների մասնագիտությունները:

Այնուհետեւ անցում կատարվեց երկրում կատարվող բարեփոխումներին: Ռ. Հախվերդյանն ասաց. «Բարեփոխումների մասին լսել եմ: Գիտեմ, որ ոստիկաններն ասում են մարդկանց, թե անցումներով անցնեն: Գիտեմ, որ ինչ-որ մարդիկ պաշտոնից դուրս եկան, որոշները եկան պաշտոնի»: Հ. Թոխատյանն էլ, թե. «1991-ից 4 տարի սպասեցինք, որ բարեփոխումներ լինեն: Հիմա էլ նորից սպասում ենք…»: Ռ. Հախվերդյանը բարեփոխումներից հատկապես ոգեւորված է այս մասով. «Ինձ վրա մեծ տպավորություն թողեց վարչապետի նշանակումը. նա շատ ինտելիգենտ մարդ է: Տպավորված եմ նաեւ ԱԳ նախարարի նշանակումով, չնայած բնավ չեմ ճանաչում նրան»: Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին խոսելիս էլ Ռ. Հախվերդյանը նկատեց. «Փարիզում 2 ամիս ցույցեր էին գնում, բայց որեւէ մեկին չսպանեցին: Հայաստանում սխալները եղել են երկուստեք, երկու կողմից էլ կրակել են: Դա այլանդակություն էր: ՀՀՇ-ին տանել չեմ կարողանում եւ առանձնապես կուսակցություն չեմ համարում ՀՀԿ-ին: Վերջինս ընկերոջս՝ Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցությունն էր, իսկ նա շատ գրագետ մեկը չէր… Վերջապես, երկուսն էլ՝ ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն ձգտում էին իշխանության, երկուսն էլ հասան նրան, որ անմեղ մարդիկ սպանվեցին»:

Արվեստագետները խոսեցին նաեւ այն երեւույթի մասին, երբ մշակույթի մարդիկ հայտնի պատճառներով կախման մեջ են ընկնում իշխանավորներից: «Ռոբերտը Քոչարյանն ինձ 3 սենյակի տեղը չորսը տվեց՝ որպես աշխատասենյակ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, քանի որ ձրի էր բուժումը, ինձ օգնեցին: Սերժ Սարգսյանը հովանավորել է մանկական գիրքը: Բայց դա չի նշանակում, որ 3-ին էլ սիրում եմ՝ որպես նախագահ»,- ասաց Ռ. Հախվերդյանը: Իսկ Հ. Թոխատյանը հայտնեց. «Լինելով «Լեւոն թրավելի» գլխավոր տնօրեն, իմ հնարավորություններով Ալավերդյանի վրա բնակարան եմ գնել: Հետո «Այբբենարանի» նախագիծը վաճառել եմ ամերիկացիներին եւ Վահագնի թաղամասում տուն գնել… Էլի նախագիծ կվաճառեմ ամերիկացիներին եւ էլի տուն կգնեմ տղայիս համար: Եթե 50 տարեկանում թույլ տամ, որ ինձ բնակարան, գրիչ կամ այլ բան նվիրեն, մյուս օրը հաստատ կասեն, թե այս դերը մի խաղա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել