Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ… ԿԵՆՏՐՈՆՈՎ»

Սեպտեմբեր 26,2008 00:00

\"\"Սա Կենտրոնի թաղապետի թեկնածու, Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանի նախընտրական կարգախոսն է, որին նա հավատում է անվերապահորեն:

– Ընտրություններին մնացել է երկու օր: Ինչպիսի՞ն է նախընտրական մթնոլորտը համայնքում, ի՞նչ տրամադրություններ կան, ու որքանո՞վ են դրանք բարենպաստ Ձեզ համար:

– Մթնոլորտը նույնն է, ինչ ցանկացած՝ համայնքային, թե համապետական ընտրություններից մի քանի օր առաջ: Իհարկե, այսօր թվացյալ խաղաղ վիճակ է, սակայն բոլոր նրանք, ովքեր ավելի ծանոթ են իրավիճակին, գիտեն, որ լարվածությունը կա: Օրինակ՝ Երեւանի քաղաքային իշխանությունները, որպեսզի խոչընդոտեն իմ նախընտրական քարոզչությանը, շրջանցելով «Ընտրական օրենսգիրքը» եւ խրթին պատճառաբանությամբ, թե՝ նույն վայրում մշակութային միջոցառում է անցկացվելու, մերժում են բնակչության հետ իմ նախընտրական հանրահավաքը: Ակնհայտ է, որ սա միտված է ընդհանուր պրոցեսը խոչընդոտելուն: Կան նաեւ երեւույթներ, որոնք պարզապես տհաճ են: Օրինակ՝ պայմանագիր ենք կնքում հեռուստաընկերություններից մեկի հետ, որ իմ նախընտրական գովազդը հեռարձակվի, բայց առաջին իսկ ցուցադրումից հետո, հավանաբար ինչ-որ վերադասի հրահանգով, հեռուստաընկերությունից իմ նախընտրական շտաբին փոխանցում են, որ պայմանագիրը չեղյալ է համարվում: Չեմ կարծում, թե Զիմբաբվեում նման բան կլիներ, բայց մենք ապրում ենք Հայաստանում, որը գնալով վերածվում է բռնապետություն-տավարապետության: Ընդհանրապես տրամաբանական ոչինչ չի կարելի գտնել իշխանությունների գործողություններում: Իհարկե, մենք ոչնչից չենք վհատվում, թեեւ համոզված եմ, որ ընտրությունները լարված կլինեն: Ակնհայտ է նաեւ մի բան. իշխանությունները երբեք չեն փորձել գնալ ընտրվելու ճանապարհով: Իրենց ավելի հոգեհարազատ է վերահաստատվելու ճանապարհը՝ բոլոր մակարդակներում: Նույնը ակնկալում ենք այս ընտրություններում, բայց մենք կփորձենք մի քիչ հուսախաբ անել իշխանություններին եւ այնպիսի միջավայր ստեղծել, որ նաեւ ինքներս մեզ համոզենք, որ Հայաստանում ինչ-որ բան, այնուամենայնիվ, հնարավոր է անել: Ես համոզված եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր իրավունքների համար, այդ թվում՝ ընտրության, պարտավոր է պայքարել: Հակառակ դեպքում մենք կդառնանք իրավազուրկ պետություն:

– Կարծում եք, որ հարաբերական անդորրը խաթարվի՞ քվեարկության օրը, եւ կեղծիքներ, այնուամենայնիվ, կլինե՞ն:

– Այսօր ընտրությունների օրը չէ, եւ կարելի էր չխոսել դրա մասին, բայցեւ ակնհայտ է, որ դրանք լինելու են: Գոնե մեր ստացած տեղեկատվությունը դրա մասին է վկայում: Կապրենք, կտեսնենք, թեեւ մեր թիմը պատրաստ է կանխել այդ փորձերը:

– Ինչպե՞ս: Եթե հնարավոր է կանխել, ապա ինչո՞ւ դա չարվեց, օրինակ՝ նախագահական ընտրությունների ժամանակ:

– Նախագահական ընտրությունների ժամանակ Կենտրոն համայնքում, կարելի է ասել, մենք հաղթանակ ենք տոնել, որովհետեւ հաղթել ենք ամենադժվար տեղամասերում: Կարծում եմ, որ այդպես կլինի նաեւ համայնքապետի ընտրությունների ժամանակ: Դա հնարավոր է անել, թեեւ շատ բարդ է, որովհետեւ իշխանություններն ունեն իրենց գործիքը՝ ընտրական հանձնաժողովները, որտեղ իրենք բացարձակ մեծամասնություն են կազմում, եթե անգամ այնտեղ ընդդիմությունը ներկայացնում է մեկը՝ «Ժառանգությունը»: 2002թ.-ին Կենտրոնի թաղապետի ընտրությունների ժամանակ մենք նույնիսկ այդ մեկ տեղը չունեինք, բայց շատ լուրջ պայքար գնաց, եւ, թերեւս, հանձնաժողովի այդ մեկ տեղը պակասեց, որ կարողանայինք հաղթանակն արձանագրել: Հիմա, կարծում եմ, դա անել հնարավոր է: Համոզված եմ, որ մեր թիմի կողմից առավելագույնը կարվի, որպեսզի ստացած արդյունքը պահպանվի:

– Ասում եք, որ ընտրապայքարի մեջ եք մտել հաղթելու վճռականությամբ: Այդ հաղթանակն ապահովելու համար Դուք շեշտադրումն անում եք ընտրությունների քաղաքակա՞ն կողմի վրա՝ Համաժողովրդական շարժման եւ իշխանությունների նկատմամբ մարդկանց հակակրանքի, թե՞ Ձեր թաղապետ եղած ժամանակ կատարած աշխատանքների վրա նաեւ:

– Ես համարում եմ, որ Հայաստանում որեւէ ընտրության մասնակցել եւ տեղի ունեցած ու շարունակվող քաղաքական պրոցեսների վրա շեշտադրում չանելը սխալ կլիներ: Ընտրությունն ինքը քաղաքական պրոցես է՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի իշխանություն է ձեւավորվում: Գտնում եմ նաեւ, որ մարդկանց հուզող եւ կարեւորագույն հարցն այսօր քաղաքական իրավիճակն է, քաղաքական զարգացումները: Իհարկե, ակնհայտ է նաեւ, որ Կենտրոնի թաղապետ եղած ժամանակ իմ աշխատանքի գնահատականը եւս աշխատող գործոն է: Ես ունեմ քաղաքական շատ լավ թիմ, որը կարող է իրեն շատ լավ դրսեւորել նաեւ ՏԻՄ-ում: Դրանք մարդիկ են, ովքեր աշխատել են այդ համակարգում, ունեն լուրջ փորձ, կանգնած են եղել ՏԻՄ-ի ձեւավորման ակունքներում, եւ այստեղ եւս մենք լուրջ անելիքներ ունենք: Դրանց մասին մենք քիչ ենք խոսում, որովհետեւ հանրությանը, ինչպես ասացի, այս պահին ավելի շատ հետաքրքրում է քաղաքական գործոնը:

– Ձեր մրցակիցը «Առավոտին» տված հարցազրույցում պնդում էր, որ այս ընտրություններում Ձեր մրցակցությունը ոչ թե քաղաքական, այլ անձնական խնդիր է: Կա՞ նման բան:

– Որեւէ անձնական խնդիր չունեմ ո՛չ մրցակցիս, ո՛չ այդ թիմը ներկայացնող որեւէ անդամի հետ: Կա մոտեցումների, սկզբունքների, գաղափարների տարբերություն, եւ դա բնական է, որովհետեւ մենք տարբեր քաղաքական հոսանքներում ենք: Ինձ մի քիչ զարմացնում է, երբ որեւէ մեկն այս ընտրությունները կարող է դիտարկել անձնական հարթության տեսանկյունից: Նման բան գոյություն չունի:

– Վերջին ՏԻՄ ընտրություններն այլ համայնքներում ցույց տվեցին, որ դրանք պակաս թեժ ու լարված չեն, որքան համապետական մակարդակի որեւէ ընտրություն: Ձեր եւ Ձեր մրցակցի թիմերն էլ փորձված են եւ վճռականորեն են տրամադրված առաջիկա ընտրություններին: Մտավախություն չկա՞, որ քվեարկության օրը տհաճ դեպքեր, բախումներ լինեն, ինչպես եղան մյուս համայնքներում:

– Ես դրա մասին չեմ էլ ուզում մտածել, եւ հուսով եմ՝ իշխանությունները քաջ գիտակցում են, որ որեւէ բախում առաջին հերթին իրենց վարկանիշին է հարվածում, եւ եթե սա գիտակցում են, պետք է փորձեն առավելագույնս նորմալ ընտրություններ անցկացնել: Այս ընտրություններին մասնակցելով՝ մենք նույնիսկ որոշակի հնարավորություն ենք տալիս իշխանություններին նորմալ ընտրություն կազմակերպելու կամք դրսեւորել եւ հասկանալ, որ մի պահից սկսած գոնե պետք է նորմալ ընտրություններ անել: Սա հնարավորություն է, որ միշտ չի տրվում: Դա իշխանությունը կարող է օգտագործել կամ՝ ոչ: Բոլոր դեպքերում մենք ունենք ժողովրդական շատ լուրջ զանգվածի աջակցություն, եւ համոզված եմ՝ եթե լինեն արդար ընտրություններ, մենք շատ լուրջ հաղթանակ կտոնենք: Բնականաբար, փորձելու ենք առավելագույնս կանխել բոլոր տիպի բացասական երեւույթները, չներքաշվել որեւէ սադրանքի մեջ, բայց միաժամանակ նաեւ անհնար է մեզ վախեցնել կամ ստիպել ետ կանգնել մեր մոտեցումներից, ուստիեւ՝ շարունակելու ենք մեր պայքարը, ու համոզված եմ, որ հասնելու ենք հաղթանակի: Կփորձենք հասնել նրան, որ ընտրություններից հետո հանգիստ խղճով ասենք՝ Հայաստանում գոնե մեկ համայնքի մակարդակով հասել ենք հաջողության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել