Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՆԱՀԱՏՎԵՑ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Տիգրան Ուրիխանյանը վիրավորված է Սերժ Սարգսյանից, որը չի արդարացրել իր անձնական եւ անանձնական հույսերը

«Արտախորհրդարանական ուժերի ժամանակը սպառվել է»,-հայտարարում է Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նա գտնում է, որ արտախորհրդարանական կուսակցությունները «մանր-մունր ու խեղճ լինելով» (ի դեպ՝ օբյեկտիվորեն նկատում է նաեւ, որ այդպիսի մի կուսակցության ղեկավար էլ ինքն է)՝ կյանքի եւ քաղաքական զարգացումների տրամաբանական ընթացքի մեջ չեն կարողանում այլեւս որեւէ մրցակցություն իրականացնել՝ մի քանի «մագնատ» կուսակցությունների հետ, եւ ազդեցություններ ունենալ: «Հաջորդ խորհրդարանական ընտրություններում եւ առավել եւս՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, արդեն մագնատների մրցակցություն է լինելու, եւ միմյանցից զուտ ծրագրերում գրված, շատ դեպքերում նույնիսկ ոչ այնքան երեւելի տարբերություններով կուսակցությունները հարկավոր է այս եզրակացությանը գան»,- ասում է երիտասարդ առաջադիմականը: Սրա հաջորդ քայլը՝ իբրեւ իշխանամետ չստացված քաղաքական գործիչը համարում է դաշտում առկա երիտասարդ գործիչների եւ ժամանակին ազդեցություններ, կշիռ ունեցած քաղաքական աքսակալների ուժերի համատեղումը մեկ ուժի մեջ: Նրա համոզմամբ, եթե «քաղաքական թոշակառուները» ցանկանում են կրկին հաջողել, ապա անհրաժեշտ է, որ միավորվեն առաջիկայում մայրաքաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններից առաջ, որպեսզի Երեւանի ավագանու խորհրդում՝ «դե ֆակտո՝ հանրապետության երկրորդ Ազգային ժողովում», կարողանան ունենալ ծանրակշիռ ներկայություն, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հաջողություններ արձանագրել նաեւ եկող խորհրդարանական ընտրություններում: Այս սցենարի իրականացման պարագայում Տ. Ուրիխանյանն ասում է, որ ինքն իր կուսակիցներով կներդնեն իրենց ֆիզիկական եւ ինտելեկտուալ հնարավորությունները, որոնք այժմ չեն ցանկանում վատնել քաղաքական դաշտում՝ իբրեւ անգնդակ կրակոց: «Երկրին շատ են պետք մարդկային ռեսուրսներ. դրանք գործածելու հնարավորությունը պետք է այս ձեւով օգտագործել»,- ասում է Տ. Ուրիխանյանը: Գործող միավորվող ֆորմատներից ՀԱԿ-ին որեւէ առաջարկ չի արվել:

Իսկ, ընդհանրապես, իբրեւ Հայաստանի քաղաքացի, Տիգրան Ուրիխանյանը վիրավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ում այդքան ջերմեռանդորեն սատարում էր տարիների ընթացքում եւ հույսեր էր կապում նրա հետ: Վիրավորանքի պատճառն այն է, որ ՕԵԿ նախագահին Սերժ Սարգսյանը երկրի կարեւորագույն պաշտոններից մեկն է վստահել: «Մարդ, որը ամիսներ առաջ ամենավերջին խոսքերով հայհոյում ու քննադատում էր նախագահին, իսկ նախորդ օրը հեռուստաեթերից գովերգում էր, թե ինչ լավ մարդ, ընկեր եւ ղեկավար է Սերժ Սարգսյանը»,- Արթուր Բաղդասարյանի նկարագրին անդրադարձավ վիրավորված առաջադեմը: Ամեն դեպքում, Տ. Ուրիխանյանը հույս ունի, որ «հանգամանքները կվերանան», եւ Արթուր Բաղդասարյանը վերջապես կհայտնվի իրեն արժանի տեղում: Ի դեպ, անդրադառնալով ԱԺ նախագահի հերթական փոփոխությանը, մեր զրուցակիցն ասաց. «Տիգրան Թորոսյանի քայլը անմիջապես հիշեցնում է Արթուր Բաղդասարյանին»: Նրա համոզմամբ, իշխանությունն այս քայլով հերթական իշխանահաճո ընդդիմությունն է ստեղծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել