Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնագրերի գործը» կուղարկվի դատարան

Սեպտեմբեր 27,2008 00:00

Թե ինչպես Վրաստանի քաղաքացիները Հայաստանի քաղաքացի դարձան

Արամ Պետրոսյանը 2003թ. նոյեմբերի 19-ից մինչեւ 2005թ. սեպտեմբերի 14-ը աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի անձնագրային բաժանմունքի պետ: Նրա նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ: Օրեր առաջ կազմվեց նրա մեղադրական եզրակացությունը, եւ գործը շուտով կուղարկվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Արամ Պետրոսյանը Վրաստանի 7 քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրերը փոխանակել է ՀՀ քաղաքացու անձնագրերով:

Ըստ նախաքննության մարմնի ձեռք բերած ապացույցների (Ա.Պետրոսյանը լիովին ընդունել է իր մեղքը), պաշտոնավարման ընթացքում Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքի բնակչուհի-բարեկամուհին՝ Ժենյա Հովհաննեսի Գալստյանը, ներկայացնելով Վրաստանի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագիրը, խնդրել է Պետրոսյանին փոխանակել այն Հայաստանի քաղաքացու անձնագրով: Անձնագրայինի աշխատակից, վկա Լուիզա Մարտիրոսյանին պետը հանձնարարել է պատրաստել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող «Եկողի հարցաթերթիկ» ձեւ 19-ը եւ ՀՀ հասցեների բյուրոյի ձեւ 30-ը, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, ապա կնքել եւ ստորագրել է այն մասին, որ Ժ. Գալստյանը 1992թ. հաշվառված է ՀՀ Տաշիրի շրջանի Սարչապետ գյուղում: Առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ համապատասխան փաստաթղթերի առկայության, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 821 որոշման կոպիտ խախտմամբ, Վրաստանի քաղաքացին՝ Ժենյա Գալստյանը դարձել է ՀՀ քաղաքացի:

Անձնագրայինի պետը գրչի մեկ հարվածով ՀՀ քաղաքացի է դարձրել իր բարեկամ, Վրաստանի Ռուսթավի քաղաքի բնակիչ Արմեն Ռազմիկի Աղաջանյանին: Վերջինս էլ, ստացվել է այնպես, որ 1991-ից հաշվառված է ՀՀ Տաշիրի շրջանի Դաշտադեմ գյուղում:

Դաշտադեմցի են դարձել նաեւ Վրաստանի Բոլնիս գյուղի բնակչուհի Գոհար Նորոյանը եւ Լյովա Ցականյանը:

Մեկ այլ պետի նկատմամբ էլ՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Չարենցավանի բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Ա.Գինոսյանի եւ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել եւ առանձին վարույթ է առանձնացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել