Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՃԱՀԻՃ՝ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սեպտեմբեր 27,2008 00:00

Վանաձորի հենց կենտրոնում վերջին 10 տարիների ընթացքում հսկայական ճահիճներ են գոյացել, որոնք, բացի շրջակայքին հասցվող բնապահպանական վնասից, կարող են վտանգավոր լինել վանաձորցիների համար:

\"\"Ճահիճների գոյությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել գորտերի, առնետների, որդերի եւ այլ կենդանիների համար:

\"\"Անմիջապես լճի հարեւանությամբ գործող «օբյեկտն» իր կենցաղային աղբը լցնում է լիճը։

\"\"Ջրահեռացման խողովակների բաց դիտահորերը կարող են վտանգավոր լինել ոչ միայն երեխաների, այլ նաեւ մեծահասակների համար։

\"\"Լիճը շրջանակող արահետներն արդեն այնքան են քայքայվել ու մաշվել, որ ցանկացած պահի կարող են վտանգել այցելուի կյանքը, երբեմնի բազրիքները այլեւս գոյություն չունեն։ Լճերն իրար միացնող երկաթե աստիճանասանդղակից ոչինչ չի մնացել:

Իսկ քաղաքային լճում, որը նույնպես բարձիթողի վիճակում է, գրեթե ամեն տարի մարդ է խեղդվում: Այս տարվա հուլիս ամսին լճում խեղդվեց 18-ամյա Սուրեն Սարգսյանը, որի դին հայտնաբերվեց 3 օր անց: Միջադեպից հետո լճի վարձակալող «Ազատամարտիկ Պարգեւ» ՍՊԸ-ն, սանիտարահիգիենիկ անվտանգություն ապահովելու համար, պարտավոր էր կատարել լճի ախտահանման լուրջ ու համալիր աշխատանքներ՝ ընդհուպ մինչեւ ջրավազանը դատարկել ու ջրափոխել: Սակայն դեպքի հաջորդ օրն արդեն քաղաքային լճում երեխաներ էին լողում եւ լճի պատասխանատուներից որեւէ մեկը նրանց չէր արգելում: Հայտնի էլ չէ՝ լիճը որեւէ կերպ ախտահանվե՞լ է, թե՝ ոչ: Իսկ լճի փրկարարները, փոխանակ զբաղվեն իրենց բուն պարտականություններով, ավելի «լուրջ» հանգամանքների են ուշադրություն դարձնում. լողացողներին հրահանգում են լիճ մտնելուց առաջ անդրավարտիքը փոխել լողազգեստով: Ականատեսների պատմելով, փրկարարների հրահանգներին չենթարկվողներին ծեծում են: Փրկարարներն ուշադրություն չեն դարձնում անգամ այն բանին, թե լճի որ մասում են մարդիկ լողում: Մինչդեռ նկատենք, որ լճի շրջակայքի մի աննկատ անկյունում դեռեւս հին ժամանակներից մնացած երկաթյա ցուցանակը զգուշացնում է. «Արգելանշանից այն կողմ լողալն արգելվում է»: Սակայն շատ քչերն են ենթարկվում այս զգուշացմանը եւ հիմնականում լողում են լճի խորքային մասերում:

Լիճը թեեւ համայնքային սեփականության հաշվեկշռում է, սակայն արդեն նշեցինք, որ վարձակալությամբ տրված է «Ազատամարտիկ Պարգեւ» ՍՊԸ-ին։ Վարձակալության պայմանագրով ընկերությունը պարտավորվում է ներդրումներ կատարել լճի պահպանման եւ բարեկարգման համար, սակայն այդ պարտավորությունները հիմնականում մնում են թղթի վրա։ Վերջերս միայն քաղաքապետարանի զգուշացումից հետո կոսմետիկ աշխատանքներ տարվեցին. ընդամենը վերանորոգվեցին եւ ներկվեցին այգու նստարանների մի մասը եւ լողափի ծածկերը, ինչպես նաեւ հին նավակները փոխարինվեցին նորերով: Հարկ է նշել, որ նավակները վարձակալներին ֆինանսական եկամուտ են ապահովում՝ լճում նավարկելը վճարովի է:

Քաղաքային անմխիթար լճի հարեւանությամբ գտնվում է Վանաձորի նախկին գեղատեսիլ զբոսավայրերից մեկը, որ կոչվել է «Երեք լճեր»: Այժմ այդ տարածքը հանգիստ խղճով կարելի է վերանվանել «Երեք ճահիճ»:

Խորհրդային տարիներին Վանաձորի՝ նախկին Քիմգործարանի կողմից կառուցված «Երեք լճերը» ոչ միայն վանաձորցիների սիրած անկյուններից մեկն էր, այլեւ զբոսաշրջիկներին ներկայացնելու գեղատեսիլ վայր: Իրար հաջորդող երեք լճերը թափվելով մեկը մյուսի մեջ՝ ստեղծում էին կոմպոզիցիոն գեղեցիկ պատկեր: Այժմ այդ վայրը քաղաքի ամենահակահիգիենիկ վայրերից է: 2 տասնամյակ ուշադրությունից դուրս մնալով եւ հայտնվելով բարձիթողի վիճակում, լճերն ամբողջությամբ ճահճացել են եւ շրջապատով մեկ գարշահոտությամբ են «բուրում»։ Քիմգործարանի այժմյան իրավահաջորդ «Քիմպրոմը» դեռեւս ոչ մի ներդրում չի կատարել լճերի բարեկարգման ու պահպանման համար: Ըստ «Առավոտի» աղբյուրների, «Քիմպրոմը» վերագործարկվելուց հետո կանգնած է ֆինանսական մեծ խնդիրների առաջ, ունի զգալի պարտքեր եւ, բնականաբար, այս իրավիճակում ընկերության ղեկավարության «աչքին չի երեւում» իրենց տնօրինության տակ գտնվող լճերի բարեկարգումը: Իսկ մինչ «Քիմպրոմը» ոտքի կկանգնի եւ կորոշի լճերը բարեկարգել, դրանք մեծ վնաս են հասցնում շրջապատին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930