Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ «ՌԵՖՈՐՄ» Է ԱՆԵԼՈՒ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանի կարծիքով, հարկայինն իր աշխատանքում շատ թերացումներ է ունեցել:

Մեր կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումների արդյունքը կտեսնենք միայն 2,5 տարի անց: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը: Ասուլիսի ընթացքում Ա. Չիլինգարյանը պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին.

– Պարոն Չիլինգարյան, հարկայինի եւ մաքսայինի միավորման ժամանակ, երբ հանրապետության նախագահը ներկայացնում էր Պետեկամուտների նորակազմ կոմիտեի նախագահին, ասաց, որ հարկայինի ղեկավար կազմը չի գիտակցում, թե որ համակարգում է աշխատում եւ ինչի համար: Ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ հասկացաք ձեր անելիքը: Իսկ միգուցե խնդիրը նախկին պետի՝ Վահրամ Բարսեղյանի ղեկավարման հե՞տ էր կապված:

– Դուք համոզվա՞ծ եք դրանում:

– Ես պարզապես հարցնում եմ:

– Ես լրագրական եւ գործարար շրջանակների սովորույթներին լավ տեղյակ չեմ, բայց հուսով եմ, Ձեր հարցին չպատասխանելով՝ ոչ մի աննրբանկատ բան չեմ անում: Իսկ չեմ պատասխանում՝ հետեւյալ պատճառով: Կոնկրետ անձանց հետ կապված այդ հարցը, իմ կարծիքով, ճիշտ չէ ինձ հասցեագրելը: Սակայն ասեմ, որ ոչ մեկը չի պատրաստվում թաքցնել, որ աշխատանքի մեջ իսկապես եղել են թերություններ:

– Այնուամենայնիվ, Դուք համակարգի պաշտոնյա եք, որն աշխատել է եւ նախկին, եւ ներկայիս պետերի օրոք եւ հետաքրքիր կլիներ համակարգի թերացումների մասին Ձեր կարծիքը լսել:

– Գիտեք, ես երեկ մի գիրք էի կարդում, որտեղ մի մարդ, որը 30 երկրում հարկային համակարգի ուսումնասիրության փորձ ուներ, մի բան էր գրել տեքստի ներքեւում, թե սա իմ անձնական կարծիքն է, որը կարող է չհամընկնել այն կազմակերպության կարծիքին, որտեղ ես աշխատում եմ: Դա նորմալ է, որ այդ մարդը այդ գրառումը կատարել է, բայց նա իրավունք ունի նաեւ այդ գրառումը չկատարել: Ես ընտրում եմ այդ գրառումը չկատարելու տարբերակը եւ չեմ ուզում պատասխանել Ձեր հարցին: Ես սկսել եմ այդ համակարգում աշխատել մայիսից: Իհարկե, բաժին ունենք վատ աշխատանքի եւ թերացումների համար: Մնացածն էլ կյանքը ցույց կտա:

– Հարկայինի եւ մաքսայինի միավորումից 1 ամիս առաջ հարկայինը սկսեց ակտիվորեն «գրոհել» սուպերմարկետների եւ այլ օբյեկտների վրա: Դուք, թերեւս, արդեն գիտեիք, որ ձեր կառույցը միացնելու են մաքսայինին, եւ պետը լինելու է մաքսայինի ղեկավարը: Հանրապետության նախագահի աչքին բարձրանալու համա՞ր էիք այդպիսի քայլեր ձեռնարկում եւ ՀԴՄ-ների կանոնների խախտումներ հայտնաբերում: Մինչ այդ որեւէ անգամ սուպերմարկետ չէի՞ք մտել եւ չէի՞ք նկատել, որ նրանք ՀԴՄ-ի կտրոն չեն տրամադրում:

– Որ մի օր որոշում եք «Առավոտ» թերթում հաջորդ առավոտ ուրիշ կերպ անել՝ հաջորդ օրն եք, չէ՞, սկսում փոխել ձեր վարքը։ Եթե ես հիմա հարցնեմ, թե ինչո՞ւ նախորդ 10 տարիներին «Առավոտ» թերթն այդպես չէր վարվում, կստացվի, որ չեն որոշել, որ փոխվի, հիմա որոշում է կայացվել, որ պետք է փոխվի, եւ վերջ: Նախորդ 10 տարիների համար, իմ կարծիքով, հիմա չարժե խոսել, եթե օրենքի խախտում է եղել՝ բոլորը պիտի պատասխան տան, ինչքան էլ ժամանակն անցնի:

– Իսկ ինչո՞ւ հետեւողական չեք ձեր սկսած գործում: Տուգանքի ենթարկված եւ մի քանի օրով փակված մի քանի խանութներ, բացվելուց հետո, դարձյալ սկսեցին աշխատել նախկին ոճով եւ ՀԴՄ-ներ չտրամադրել:

– Ինչո՞ւ եք ինձնից անպայման պահանջում այդ հարցի պատասխանը: Ստեղծվել է մի աշխատանքային խումբ՝ հարկային ծառայությունում, Պետական եկամուտների կոմիտեի տեղակալի գլխավորությամբ, որոնք ունեն իրենց ծրագիրը, թե ինչպես այդ գործը տանեն առաջ: Իմ վարորդը՝ Ժիրայրը, 2 տարեկան երեխա ունի, ես տպավորված եմ, նա իր երեխային սովորեցրել է եւ այդ երեխան չեկ է խնդրում խանութում: Մեզ՝ մեծերիս, ամոթ է պարզապես: Էմոցիաներից գալով կոնկրետ դաշտին, ասեմ, որ, մեր կարծիքով, բացի սուպերմարկետներից եւ ռեստորաններից, պրոբլեմներից մեկը նաեւ տոնավաճառներն են: Այնտեղ մենք տնտեսական ռիսկ ունենք: Բացի այդ, մենք շատ բան ունենք անելու, բայց մենք շատ չենք, քիչ ենք, մի քիչ էլ վատ ենք, չէ՞, աշխատում, արդյունավետ չենք, հետեւաբար, որտեղ ռիսկային է՝ մեր ուժերը տարել ենք այնտեղ: Դուք իրավունք ունեք պահանջելու, որ ամեն ինչ ամեն տեղ լավ լինի, բայց ես խնդրում եմ միանգամից բացարձակ մի եղեք, այլ ընդամենը գնահատեք՝ մենք լա՞վ ենք գնում առաջ, արդյունավե՞տ ենք, թե՝ ոչ: Վերջում խնդրանքս, դուք էլ մեզ օգնեք:

Ասուլիսի ընթացքում հնչեց հարց՝ բարեփոխումների նոր փաթեթում հարկային դրույքաչափերի փոփոխություն նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ: Այս հարցին ի պատասխան, Ա. Չիլինգարյանն ասաց. «Դա իմ դաշտը չէ, մենք հավաքելու պատասխանատուն ենք, որ որակով հավաքենք ու էժան հավաքենք: Քաղաքականության հարցում մենք 2-րդ ջութակ ենք, առաջինը չենք: Այնուամենայնիվ՝ ասեմ որոշ տպավորություններ: Իմ կարծիքով, տեղաշարժի մասին կարելի է խոսել հարկային կոդեքսի քննարկման ժամանակ՝ աշնանը: Այդ ժամանակ կլինեն լուրջ քննարկումներ, եւ եթե հանրությունը համոզված լինի, որ մենք արդեն ուշադիր ենք եւ կարողանում ենք հարկերը լավ հավաքել, միգուցե եւ կարելի է ռիսկի գնալ եւ դրույքաչափերի հետ էլ աշխատել, իջեցնել, բարձրացնել եւ այլն: Վերջապես կենսաթոշակային ռեֆորմի հետ կապված մի հարց կա, որը կներդրվի 2010 թվականին, մենք այնտեղ ունենալու ենք միասնական հարկ: Եկամտահարկն ու սոցիալական ապահովության վճարը միացնելու ենք իրար, լինելու է միայն եկամտահարկ, հետեւաբար՝ այդ կապակցությամբ անպայման դրույքաչափերի հետ աշխատելու կարիք է լինելու: Պատճառը, որ մինչ այս հարկային դրույքաչափերը սրբություն են եղել, հետեւյալ միտքն է ունեցել՝ սկզբից եղածը հավաքեք, ապա նոր ասեք, որ դրույքաչափ ենք բարձրացնում, որովհետեւ, եթե եղածը չես հավաքում՝ էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունում կատարված հարկային ստուգումների վերաբերյալ հարցին Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյան պատասխանեց. «Ճիշտն ասած, ես այդ իրավիճակի դետալները չգիտեմ, հետեւաբար նրբանկատ չէ, որ ես դրա վերաբերյալ պատասխան տամ: Եթե եղել է օրենքի խախտում, ապա, իհարկե, ես ափսոսում եմ դրա համար, իմ կարծիքով՝ ամեն ինչ պետք է բաց եւ թափանցիկ քննարկվի օրենքով»:

Ա. Չիլինգարյանն անդրադարձավ նաեւ կոմիտեի կառուցվածքային փոփոխություններին. «Մենք առաջին անգամ ձեւակերպել ենք հարկային ծառայության առաքելությունը: Իհարկե, դա նորմատիվային առաքելություն չէ, բայց ասում է, թե մենք ինչ ենք ուզում անել, մեր հիմնական նպատակը որն է: Մենք պետք է ավելի շատ հակված լինենք դեպի հարկ վճարողները եւ արդյունքում՝ մենք կունենանք կայուն պետական մուտքերի արդյունք: Ինչ վերաբերում է համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, ապա մենք մեր տնտեսության մեջ այս առումով ռեֆորմ ենք անում: Մենք օպտիմալացնելու ենք տարածքային հարկային տեսչությունները, որովհետեւ դրանց մի մասը արդյունավետ չէ, էստեղ էլ ենք ռիսկի դիմում, մի քիչ էլ սոցիալական խնդիր ենք ունենալու, պետք է մարդկանց բացատրել, որ հնարավոր է անձնակազմի կրճատում լինի, սակայն դա անհրաժեշտ է: Բացի այդ, ինչքան քիչ լինեն՝ այնքան կառավարումը հեշտ կլինի։ Մոտ օրերս այդ մասին մենք կունենանք որոշում»:

Նշենք նաեւ, որ նախօրեին խոշոր հարկ վճարողների հետ հանդիպման ժամանակ, Ա. Չիլինգարյանի խոսքերով, իրենք «մի քիչ սպառնացել կամ, այլ կերպ, տնտեսվարողներին նախազգուշացրել են, որ միշտ զգոն լինեն ու հասկանան, որ անարդար հարկ վճարողների նկատմամբ հարկայինը հետեւողական է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930