Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետները՝ երեխաների աչքերով

Հոկտեմբեր 09,2008 00:00

Աշակերտները գտնում են, որ իրենց սպառնացող վտանգների մասին իրենք պետք է իմանան փոքր տարիքից:

«Մարդկության փրկությունը սկսվեց Արարատ լեռից: Նոյյան տապանը հենց այդ լեռան վրա հանգրվանեց: Բացի այդ, Արարատը բնական աղետների տեսանկյունից մեր ամենախոցելի մարզերից մեկն է»,- երեկ իրենց պատվիրակության այցը Արարատի մարզի Դիտակ գյուղ՝ այսպես պատկերավոր բացատրեց տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ աղետների հետեւանքներից պաշտպանվելու համար շատ կարեւոր է մարդկանց տեղեկացված լինելը. «Դա մոտ 40%-ով հետեւանքները նվազեցնում է»: Պատկերացնելու համար, թե երեխաները որքանով են տեղեկացված բնական աղետների եւ դրանցից պաշտպանվելու մասին, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ ՀՀ կառավարությունը Արարատի մարզի դպրոցների աշակերտների շրջանում «Աղետները երեխաների աչքերով» նկարների ու շարադրությունների մրցույթ էին հայտարարել, որի արդյունքները երեկ ամփոփվեցին մարզի Դիտակ գյուղի դպրոցում: Աշակերտներին մրցանակները հանձնելու համար Դիտակ էին եկել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգն ու Նիկոլայ Գրիգորյանը: Դիրք Բոբերգն անդրադառնալով բնական աղետների թեմային՝ ասաց. «Վերջին տարիներին աշխարհում բնական աղետները սկսել են աճել: Շատ դեպքերում աղետները աղքատության հաղթահարման գործն էլ են բարդացնում»:

Աշակերտներն իրենց նկարներում բնական աղետներից հիմնականում պատկերել էին ջրհեղեղի, երկրաշարժի, հրդեհների տեսարաններ: Նկարներից մի քանիսում էլ արտացոլված էին Սոչիում կործանված A-320 ինքնաթիռի աղետի տեսարանները: Կործանված ինքնաթիռի նկարները հիմնականում ներկայացրել էին Դիտակ գյուղի աշակերտները: Պարզեցինք, որ այդ աղետի զոհ է դարձել դպրոցի աշակերտներից մեկի հարազատը, ինչն էլ ազդել է երեխաների հոգեվիճակի վրա: Նկարների մրցույթում հաղթեց Դիտակ գյուղի դպրոցի աշակերտուհի Հասմիկ Խաչատրյանը: Նրա նկարն իսկապես տպավորիչ էր. երկրաշարժի հետեւանքով փլված քարերի կույտի տակից մի տղամարդու ձեռք փորձում է փրկել կիսաքանդ պատի տակ մնացած իր կնոջն ու նորածին երեխային: Հ. Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իմ ստեղծագործության միջոցով ցանկացել եմ ասել, որ աղետների ժամանակ մարդիկ պետք է օգնեն միմյանց»:

Շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչվեց Արտաշատի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Տանյա Ղազարյանը, որն իր գրավոր աշխատանքում ներկայացրել էր, թե որքան կարեւոր է աղետների եւ դրանցից ինչ-որ չափով պաշտպանվելու մասին տեղեկացված լինելը: Նրա կարծիքով՝ երեխաները պետք է փոքր տարիքից իմանան իրենց սպառնացող վտանգների մասին:

Այս 2 աշակերտները ստացան գլխավոր մրցանակ՝ DVD նվագարկիչներ:

Նշենք, որ մրցանակները հանձնելու համար պաշտոնյաները հենց այդ օրն էին ընտրել, քանի որ 1989-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 2-րդ չորեքշաբթին ընդունել է Աղետների նվազեցման միջազգային օր: Արարատցիների հետ զրույցից պարզեցինք, որ այս մարզում մարդիկ ոչ միայն բնական աղետներից են տուժում, այլեւ կենցաղային խնդիրներից: Հենց Դիտակ գյուղում մայր ջրատարը լցված է եղել աղբով, ինչի պատճառով էլ ջրի մակարդակը բարձրացել է եւ ջուրը լցվել է հարեւանությամբ ապրող մարդկանց տան նկուղները, գյուղի դպրոցի բակը: Այս ջրատարի մաքրման աշխատանքների համար գումար է հատկացրել Հայաստանի ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանի գյուղատնտեսական եւ բնապահպանական վարչության պետ Տիգրան Վիրաբյանն ասաց. «Դիտակի նույն խնդիրը կա նաեւ Արեւաշատում: Նախկինում այս ջրատարները եղել են ջրահեռացման կետեր, այդ է պատճառը, որ կառավարությունը այս կետերի համար գումար չի հատկացնում: Արարատի շրջանում ունենք նախալեռնային գոտի, 9-10 համայնք սողանքային գոտում է, բայց խնդրի լուծման համար դեռեւս ոչ մի ծրագիր չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել