Լրահոս
Օրվա լրահոսը

Հանելուկային Արշիլ Գորկի

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"Լոնդոնաբնակ արվեստաբան, գորկիագետ Նուրիցա Մաթոսյանն իր գրքով եւ նկարահանվելիք ֆիլմով կբացի որոշ «փակագծեր»:

Օրերս հայրենիքում էր լոնդոնաբնակ գրող, գորկիագետ Նուրիցա Մաթոսյանը, որը մեզանում հայտնի է իր «Սեւ հրեշտակը» գրքով, որի հիման վրա Ատոմ Էգոյանը նկարահանել է «Արարատ» ֆիլմը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տիկին Մաթոսյանը հայտնեց, որ Գորկիով սկսել է հետաքրքրվել շուրջ 40 տարի առաջ. «1964թ. Լոնդոնում այցելեցի մի ցուցահանդես: Դիտելով ներկայացված աշխատանքները, ցնցվեցի, ազդվեցի… Կարելի է պատկերացնել հոգեկան վիճակս, երբ իմացա, որ նկարիչը հայ է, ծնունդով՝ վանեցի, 13 տարեկանում ցեղասպանություն տեսած ու հրաշքով փրկված: Միայն հետագայում, երբ ծանոթացա նրա կնոջ, քրոջ, երեխաների հետ, տեղեկացա, որ Գորկին եղեռնից հետո մինչեւ 1919թ. ապրել է Երեւանում, հետո տեղափոխվել Ամերիկա ու անձնասպան եղել: Ինձ հետաքրքրեց այն փաստը, թե ինչո՞ւ է նա իր հայկական անունը փոխել… Եվ ինչպե՞ս կարող էր տաղանդավոր արվեստագետը կյանքին վերջ տալ: Հանելուկների շարքը բացահայտելու համար ինձնից պահանջվեց 30 տարի: Անձնասպանության «մասով» որոշ բաներ եմ պարզել հենց Գորկու կնոջից. վերջինս խոստովանել է, որ ամուսնու ընկերոջ հետ սիրային կապ է ունեցել, ինչի մասին անձամբ հայտնել է մեծ արվեստագետին…»: Տիկին Մաթոսյանն իր լուծած «հանելուկների» մասին այլեւս ոչինչ չհայտնեց, նշելով միայն, որ հաջորդ տարի սիրով կմասնակցի Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող Գորկու օրերին եւ եթե լինի նաեւ ՀՀ կառավարության աջակցությունը՝ հայրենիք կբերի Գորկու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Հայաստանցիներիս ընկալումները մեծանուն նկարչի արվեստի մասին նոր-նոր են ձեւավորվում եւ չեն բացառվում մոլորությունները: Օրինակ, ամենամեծ մոլորությունն այն է, որ Գորկին, ստեղծագործելիս, իբր, փորձ է արել հայ մշակույթ ներկայացնել Նյու Յորքում: Մասնագետներից ոմանց համոզմամբ՝ նկարիչը չի ներկայացրել հայ արվեստ ու մշակույթ, հակառակը՝ ինքը թաքուն է պահել իր ազգային պատկանելությունը: Բայց մի բան հաստատ է՝ Գորկին երրորդ ֆիգուրը եղավ Սարյանից ու Քոչարից հետո, որն ազդեց Հայաստանում ժամանակակից արվեստի հաստատմանը: Այս մասին նույնիսկ արվեստաբանները հումոր են անում, որ հիշյալ երեք երեւելիները կազմում են Մինսկի խմբի մշակութային համանախագահություն, պարզ պատճառով՝ Սարյանը Մոսկվայից էր, Քոչարը՝ Փարիզից, Գորկին՝ Նյու Յորքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել