Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ մենտալիտետն է խանգարում

Դեկտեմբեր 03,2008 00:00

Հայաստանում «ամաչում» են խոսել թրաֆիքինգի մասին

Երեկ ստրկության դեմ պայքարի միջազգային օրն էր, ինչի առիթով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) միջոցառում էր կազմակերպել:

Մարդկանց թրաֆիքինգը համարվում է ստրկության ժամանակակից տեսակ ու աճող հիմնախնդիր, որը ներառում է զոհերի ինչպես սեռական, այնպես էլ՝ աշխատանքային շահագործումը: Միջազգային իրավունքի համաձայն՝ կառավարությունները պարտավոր են թրաֆիքինգից պաշտպանել իրենց քաղաքացիներին:

Օրվա առիթով ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգն ասաց, որ մարդկանց թրաֆիքինգը նոր եւրեւույթ չէ. «Թրաֆիքինգի աճը վերջին տասնամյակում վտանգավոր չափերի է հասել: Բնակչության արագ աճը զարգացող աշխարհում, սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխությունները ստիպում են մարդկանց մեծ քանակությամբ տեղափոխվել շրջաններից քաղաքներ, որտեղ նրանք չեն ունենում աշխատանքի հնարավորություն»: ՄԱԶԾ Ժողովրդավարական կառավարման ծրագրի ղեկավար Ալլա Բակունցի ձեւակերպմամբ՝ թրաֆիքինգի հիմնական պատճառը աղքատությունն է. «ՄԱԿ-ի գնահատականով, աշխարհում այսօր կա մոտավորապես 27 մլն թրաֆիքինգի զոհ»:

Դ. Բոբերգը հայտնեց, որ ամեն տարի 700-900 մարդ ընկնում է թրաֆիքինգի թակարդը, ինչը գոյություն ունի աշխարհի 177 երկրում:

Միջոցառման կազմակերպիչները հայտնեցին, որ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից կառավարության հետ համատեղ իրականացվող թրաֆիքինգի հակազդման ծրագրի շրջանակներում գործադրվում են որոշակի ջանքեր՝ մարդկանց թրաֆիքինգի խնդրի լուծումը քաղաքականության եւ ինստիտուցիոնալ մակարդակով գտնելու ուղղությամբ: Ծրագիրն ընդգրկում է ազգային պատասխանատու մարմինների մարդկանց կարողությունների հզորացումը թրաֆիքինգի կանխարգելման հարցում, իրավապահ եւ դատական մարմինների՝ որպես հետաքննության, դատական հետապնդման եւ դատավճիռների կայացման համար պատասխանատու մարմինների, կարողությունների հզորացումը, որպես պահանջառու հանդես եկող թրաֆիքինգի զոհերի իրավունքները տեղում պաշտպանելու, զոհերին ցուցաբերվող աջակցության միջոցով պաշտպանելով, սատարելով նրանց վերաինտեգրմանը հասարակությունում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց, ընտանիքի եւ երեխաների հարցերի վարչության՝ կանանց հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեանորա Վիրաբյանի խոսքերով՝ բռնությունն ունի տարբեր ձեւեր, որի ամենադաժան դրսեւորումը մարդկանց առեւտուրն է. «Թրաֆիքինգի դեմ պայքարի համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել եւ կառավարությանն է ներկայացվել ազգային ուղղորդման մեխանիզմը, որով սահմանվում է զոհերի մասին տեղեկատվության փոխանակման, հանցագործության տեղեկատվության փոխանակման կարգը, սահմանված են պատասխանատու գերատեսչություններն ու այն հ/կ-ները, որոնք կարող են մասնակցություն ցուցաբերել այդ հարցում: Նախարարությունը համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Վերջերս ԵԱՀԿ-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ նախարարությունում ռեսուրս-կենտրոնի ստեղծման մասին եւ թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրի իրականացման ուղղությամբ: Այս տարի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվել է գումար տրամադրել թրաֆիքինգի զոհերին կացարաններում տեղավորելու եւ նրանց նկատմամբ համապատասխան սոցիալ-հոգեբանական, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար»: Ըստ Է. Վիրաբյանի, քանի որ թրաֆիքինգն այն երեւույթն է, որը բնորոշ չէ Հայաստանին ու մեր ժողովրդին, շատ դժվար է նման դեպքեր հայտնաբերելը. «Մեր ունեցածն այն թվերն են, որոնք ստանում ենք ոստիկանությունից: Վերջին տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերվել 25 թրաֆիքինգի զոհի, իսկ 2003-2006թթ. մոտ 92 զոհ ստացել է աջակցություն: Ցավոք, ամբողջական տեղեկատվություն երեւույթի մասին չունենք, քանի որ այստեղ մարդիկ ամաչում են դրա մասին խոսել»:

ՄԱԶԾ-ի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի համակարգող Մարինա Սոլախյանն էլ հավելեց, որ թրաֆիքինգը Հայաստանի կառավարության ուշադրությանն է արժանացել միայն 2002թ., երբ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանը դասվել էր երրորդ կարգի երկրների շարքին. «Դրանք այն երկրներն էին, որոնք ուշադրություն չեն դարձնում թրաֆիքինգին ու ոչ մի քայլ չեն ձեռնարկում երեւույթը վերացնելու համար: 2003թ. Քրեական օրենսգրքում առանձնացվել է հատուկ հոդված, ըստ որի՝ թրաֆիքինգը համարվում է քրեորեն պատժելի արարք: Ոստիկանությունում բացվել է թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժին, իսկ 2007-ին ստեղծվել է թրաֆիքինգի հարցերով խորհուրդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել