Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ ՆՎԻՐԵԼ

Փետրվար 11,2009 00:00

\"\"Հավանաբար՝ հայկական մենտալիտետից ելնելով, ոչ բոլոր հայուհիներն են դա ընդունում

Մարդիկ սիրում են նվերներ ստանալ տարբեր առիթներով, բայց ոչ միշտ է լինում, երբ նվիրողը կարողանում է ճիշտ նվեր ընտրել: Ամեն դեպքում նվիրողը միշտ էլ ջանում է իր ընտրածը համապատասխանեցնել այն մարդու ճաշակին, որին պատրաստվում է նվիրել: Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց այն մարդը, որին պատրաստվում ես ինչ-որ բան նվիրել, եթե քեզ մտերիմ է լինում՝ ավելի հեշտ ես կողմնորոշվում նվերի ընտրության հարցում:

Հայերը, ավանդույթի համաձայն, տղամարդկանց հիմնականում նվիրում են վերնաշապիկ, փողկապ, օծանելիք կամ ժամացույց, իսկ եթե տվյալ տղամարդը բարեկամ է, ասենք՝ հորեղբայր, քեռի եւ այլն, ապա նաեւ՝ ապակյա սպասք ու նմանատիպ այլ կենցաղային իրեր: Կանանց հիմնական նվերներն էլ ծաղիկներն են, օծանելիքը, կոսմետիկան, երբեմն՝ նաեւ ներքնազգեստը: Թե ինչ են սիրում նվիրել հայ տղամարդիկ իրենց կանանց, սիրելիներին, ընկերուհիներին, եւ երբեւէ ներքնազգեստ նվիրե՞լ են նրանց, թե՝ ոչ, այս հարցերի պատասխանը «Առավոտը» փորձենց հարցախույզի միջոցով պարզել մեր քաղաքացիներից:

Թեմայի վերաբերյալ 26-ամյա Արմենն ասաց, որ իր մորն ու քրոջը ցանկացած առիթով նվիրում է միայն ծաղիկներ եւ օծանելիք. «Ես երբեք իմ հարազատներին ներքնազգեստ չեմ նվիրի, ինձ թվում է՝ դա մի տեսակ կոռեկտ չէ: Չգիտեմ, գուցե դրա մեջ վատ բան չկա, եւ հետո չեմ պատկերացնում, թե մայրս կամ քույրս ինչպես կընդունեն իմ նվիրած ներքնազգեստը, որովհետեւ նախ ես մի քիչ ամաչկոտ եմ, եւ հետո հաստատ ինձ խենթի տեղ կդնեն: Ընկերուհի ունեմ, նրան հաճախ ծաղիկներ, օծանելիք, բիժուտերիա եմ նվիրում, բայց երբեք մտքովս չի անցել ներքնազգեստ նվիրել: Ինձ թվում է՝ հայ աղջիկները դա սխալ կընկալեն»:

45-ամյա Գեղամի խոսքերով՝ ներքնազգեստ նվիրում են միայն սիրուհուն. «Երբեք կնոջս կամ աղջկաս ներքնազգեստ չեմ նվիրել, մտքովս չի էլ անցել: Ընդհանրապես, նվերներ ընտրելու հարցում շատ նրբանկատ եմ, անգիր գիտեմ ընտանիքիս անդամների, բարեկամներիս ու ընկերներիս ճաշակը: Եթե ավելի երիտասարդ լինեի, գուցե ներքնազգեստ էլ նվիրեի, իսկ հիմա արդեն այդպիսի «թիթիզություններն» ինձ չի սազի: Այ, որ սիրուհի ունենամ՝ նրան հաստատ կնվիրեմ»:

28-ամյա Էդգարի կարծիքով՝ ներքնազգեստը կանանց համար ամենահարմար նվերն է. «Օծանելիք, կոսմետիկա, սպասք եւ այլ բաներ ով էլ ասես՝ կնվիրի: Ամուսինը իր կնոջը պետք է միայն ներքնազգեստ նվիրի, որ երկուսով վայելեն նվերը: Դեռ ամուսնացած չեմ, բայց ընկերուհիներիս մի քանի անգամ շատ սեքսուալ ներքնազգեստ եմ նվիրել: Հիշում եմ՝ մի անգամ խանութում մանեկենի վրա ցուցադրված ներքնազգեստն այնքան հավանեցի, որ գնեցի ու անառիթ նվիրեցի ընկերուհուս: Ներքնազգեստ գնելիս աշխատում եմ այնպիսինն ընտրել, որ խենթացնող լինի, հիմնականում՝ սեւ, կապույտ եւ կարմիր գույներն եմ ընտրում»:

31-ամյա Արտակն էլ ասաց, որ հաճախակի է ներքնազգեստ նվիրում. «Չնայած ներքնազգեստը շատ ինտիմ նվեր է, բայց նվիրել եմ: Բնականաբար, ոչ մի բարեկամի չեմ նվիրի, իսկ կնոջս շատ եմ նվիրել, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ամուսնացած չէինք: Իմ ճաշակով գնած ցանկացած ներքնազգեստ կինս շատ է հավանում: Գնելիս ոչ թե ուշադրություն եմ դարձնում գնին, այլ՝ տեսքին: Սիրում եմ, երբ կինն իր ներքնազգեստների հարցում ուշադիր է լինում, անընդհատ նորն է հագնում, որ չձանձրանա ու չձանձրացնի նաեւ ամուսնուն: Եվ հետո կանայք այդպիսի նվեր ստանալիս իրենց շատ լավ են զգում»:

28-ամյա Վազգենը եւս ասաց, որ շատ է սիրում ներքնազգեստ նվիրել, բայց գնելիս մի քիչ կաշկանդվում է. «Հայերի մոտ ընդունված է, որ ներքնազգեստի խանութ կարող են մտնել միայն կանայք: Մի անգամ ես շատ անհարմար դրության մեջ հայտնվեցի: Մտա Աբովյան փողոցի խանութներից մեկը, որ ընկերուհուս համար նվեր գնեմ, դեռ նոր էի ներս մտել՝ վաճառողուհին ասաց, թե իրենց մոտ տղամարդկանց համար ոչինչ չկա: Զարմացա նրա վերաբերմունքից, իսկ երբ ասացի, որ հենց իրենց ունեցածից էլ գնումներ եմ կատարելու, ավելի զարմացավ, ես էլ շատ ամաչեցի, որովհետեւ խանութում գտնվող կին հաճախորդները տարօրինակ հայացքով ինձ նայեցին: Հայերի մոտ դեռ այդ կուլտուրան զարգացած չէ, եւ ոչ բոլոր աղջիկներն են, որ տղայի նվիրած ներքնազգեստին նորմալ կվերաբերվեն: Իսկ գնելիս նախընտրում եմ նուրբ գույների ներքնազգեստ»:

35-ամյա Լեւոնն էլ պատմեց, որ մի անգամ ընկերուհուն ներքնազգեստ է նվիրել, իսկ վերջինս նվերից շատ վիրավորված՝ մեկ ամիս իր հետ չի խոսել. «Արտասահմանում կանայք շատ նորմալ են վերաբերվում, երբ տղամարդիկ իրենց ներքնազգեստ են նվիրում, իսկ մեզ մոտ աղջիկները կարծում են, թե դա իրենց անպարկեշտ առաջարկություն անելու ակնարկ է: Ընկերուհիս ահավոր վիրավորվեց, երբ նրան շատ գեղեցիկ ներքնազգեստ նվիրեցի, մեկ ամիս չէր պատասխանում զանգերիս, բայց հետո հասկացավ, որ ոչ մի ակնարկ էլ չեմ արել: Ինչ խոսք, մորս կամ քրոջս երբեք չեմ նվիրի, որովհետեւ, կարծում եմ, որ ներքնազգեստ պետք է նվիրել միայն ընկերուհուն, կնոջը, սիրուհուն… Շատ եմ հավանում յուրահատուկ, գունավոր ու ժանյակներով նեքնազգեստներ»:

Նշենք, որ միջին տարիքից բարձր բոլոր տղամարդիկ միանշանակ դեմ էին ու վատ արտահայտվեցին կանանց ներքնազգեստ նվիրող տղամարդկանց մասին, եւ համարում էին, որ տղամարդը երբեք չպետք է խառնվի կնոջ գործերին: 63-ամյա Գուրգենի խոսքերով էլ. «Ջահել ժամանակ նույնիսկ մեր սիրած աղջիկների ձեռքը չէինք բռնում, իսկ կանանց՝ կնոջ պես վերաբերվում միայն գիշերը, անկողնում: Ես իմ կնոջը ծնողներիս մոտ երբեք չեմ համբուրել, էլ ուր մնաց ներքնազգեստ գնեմ… Հիմա ժամանակները փոխվել են, երիտասարդներն էլ ինչ ուզում՝ անում են ու շատ էլ լավ են անում, որովհետեւ եթե կյանք է տրված, ուրեմն պետք է օգտվել բոլոր բարիքներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել